Ինչպես սերը բացատրության կարիք չի զգում, այնպես
էլ վիշտը չունի լեզու: Ահա թե ինչու՝ կանգնած այս
օտար մարդու բակում, որտեղ ինձ բերել է ոչ թե կյանքը,
այլ այդ մարդու մահը, իմ հոգում ինչ-որ բան է շարժվում՝
մի տեսակ շփոթված թախիծ, որ փորձում է արտահայտման
մի միջոց գտնել, բայց չի կարողանում:
Ես անգամ նրա անունը չգիտեի:
Ես եկել եմ այս պատանի աղջկա հուղարկավորությունը
ոչ թե որովհետև նրա մահը հուզել է ինձ, այլ որովհետև
այն հուզել է մարդկանց, որոնք հարազատ են ինձ: Եվ
այդ նրանց դեմքերին նայելուց եմ ես ձգտում խուսափել
թաղման այս հանդեսում, որովհետև թեև Հայաստանում
ապրելով ինձ ամեն ինչ տարօրինակորեն մոտ և ծանոթ
է դարձել, ինձ չի թվում, որ ես իրավունք եմ վաստակել
այստեղ կիսելու ուրիշների վիշտը:
Ինձ ծանոթ դեմքերը սովորաբար կենսախինդ ու պայծառ
են, ինչպիսին ես տեսել եմ նրանց լի սեղանների շուրջը
նրանց տներում կամ հարսանյաց հանդեսներում կամ ուրախ
հավաքույթներում: Դրանք այն մարդկանց դեմքերն են,
ովքեր ինձ իրենց «շեֆն» են անվանում, սակայն ում
ես անվանում եմ գործընկերներ, և ում՝ սգավորների
այս հավաքույթում, ես առաջին անգամ եմ տեսնում:
Այս ընտանիքի անդամների հետ ես պարել եմ, նրանց
պատվին կենաց եմ առաջարկել, նրանց հետ նվերներ եմ
փոխանակել: Այս կարմրած աչքերը և ներս ընկած այտերը
պատկանում են այդ մարդկանց, որոնք օտարացել են ինձնից
իմ խորը ցավակցությունն արտահայտելու իմ անկարողության
պատճառով: Կարծես լեզուն կարող էր արտահայտել դա:
Համենայն դեպս, հիմա դա ինձ որպես արդարացում է
ծառայում:
Այս ամբողջ բակը վշտի մի շրջան է. իրար հենված
կանայք, տղամարդիկ, որ փորձում են ցույց տալ, որ
աջակցության կարիք չունեն: Երիտասարդ տղաներն ու
աղջիկները, հավանաբար համադասարանցիները, շենքից
դուրս են հանում ծաղիկների մի ծով, քիչ անց հայտնվում
է քահանան, իսկ հետո՝ բաց դագաղը և քնած մի աղջիկ:
Վեց տղամարդ՝ աղջկա դագաղն ուսերին, պտտում են
իրենց թանկարժեք բեռը՝ կրկին ու կրկին ու կրկին:
Այստեղ այդպես է ընդունված, ինչպես ինձ ասացին,
որպեսզի մահացածին վերջին հնարավորությունը տան
տեսնելու ամեն ինչ իր այս աշխարհում՝ մինչև փակվի
դագաղի կափարիչը և նա տեսնի այն աշխարհը, որին մեզնից
ոչ մեկը ծանոթ չէ:
Եվ մինչ ես հետևում եմ այս արտասովոր ավանդույթին,
նկատում եմ երրորդ հարկի պատշգամբից նայող մի ծեր
կնոջ: Ես ինձ հարց եմ տալիս, հնարավո՞ր է, որ նա
էլ է մտածում այն մասին, ինչի մասին ես եմ մտածում:
Սա ի՞նչ կարգ է, երբ տարեց կինը վերևից նայում է
երեխայի վերջին արարողությանը: Դագաղում պառկած
աղջիկը սևաթույր մազեր և հարթ մաշկ ունի, իսկ պատշգամբի
ծեր կնոջ մազերն ալեխառն եմ, մաշկը՝ կնճռոտված:
Եվ, ընդհանրապես, այս բակում քիչ բան է ենթարկվում
բանականությանը:
Մենք կանգնում ենք մոտ կես ժամ, և այդ ընթացքում
Հայաստանի հետ իմ վեցամյա հարաբերություններին ավելանում
է մի նոր շերտ: 25000 մահերի տարեդարձի նախօրեին,
որոնք նույնքան անիմաստ էին, որքան այս մեկը, ես
գիտակցեցի այն կարևոր տարբերությունը, որ կա մարդկանց
համար սգալու և մարդկանց հետ սգալու միջև:
Նրա անունն Արմինե էր:
|