Երևանի կենդանաբանական այգում սատկել է ևս մի կենդանի:
Նոյեմբերի 30-ին՝ սիբիրախտով վարակված միս ուտելուց
հետո, սատկել է պուման: Սա արդեն անցյալ ամսվա ընթացքում
սատկած հինգերորդ կենդանին է: (Երկու շաբաթ առաջ
սատկել է մի առյուծ, սակայն կենդանաբանական այգու
ղեկավարությունն ունի փաստաթղթեր, որոնք ապացուցում
են, որ վերջինս մահը կապված չէ սիբիրախտի հետ):
Նոյեմբերի 8-ին «ԱրմենիաՆաուն» հաղորդել էր արծաթափայլ
պումայի, սերվալի և լուսանի մահվան մասին, որոնք
բոլորն էլ սատկել էին սիբիրախտով վարակված միս ուտելու
հետևանքով (Տես՝ «Մահացու
դիետա» հոդվածը):
Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի նշանակած հանձնաժողովը
հետաքննել էր կենդանիների մահվան դեպքը և առաջարկել
էր աշխատանքից ազատել կենդանաբանական այգու երկու
ղեկավար աշխատակիցների:
Կենդանու մահվան վերջին դեպքը պաշտոնյաները փորձում
էին ամեն կերպ թաքցնել, սակայն «ԱրմենիաՆաուին»
հայտնի է դարձել, որ պուման սատկել է՝ առաջին երեք
կատվազգիների նման, մահացու սիբիրախտով վարակված
մսով կերակրելու հետևանքով:
Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը հավաստիացնում
էր, որ ձեռք են առնվում բոլոր միջոցները, որպեսզի
գիշատիչները մանրազնին ստուգում անցած միս ստանան,
իսկ կենդանաբանական այգու բոլոր տարածքները վարակազերծվեն:
«Ես չգիտեմ, թե ինչու են նման դեպքեր պատահում,
- ասաց Աբովյանն «ԱրմենիաՆաուին», - Չի բացառվում,
որ ինձ ուզում են վնաս տալ: Սակայն հավատացնում
եմ ձեզ, որ ամեն ինչ հսկողության տակ է:
«Ցավալի է, որ նման դեպք տեղի ունեցավ, սակայն
պետք չէ չափից ավելի մտահոգվել»:
Առաջին մահացու դեպքերից հետո Երևանի քաղաքապետարանը
խոստացավ, որ միջոցներ ձեռք կառնվեն կենդանիների
պատշաճ բուժումն ու խնամքն ապահովելու համար, այդ
թվում՝ կներգրավվեն մասնագետներ՝ գիշատիչների մսի
որակը վերահսկելու համար: Սակայն այդ ամենը մնաց
թղթի վրա, ոչ մի միջոցառում չիրականացվեց, և ոչ
էլ պատասխանատուները հեռացվեցին աշխատանքից:
«Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս պատմությունները
նման անփույթ տնօրինության պայմաններում չեն շարունակվելու,
- ասում է քաղաքապետարանի մասնագետներից մեկը, -
իսկ թե խոստացյալ ախտահանված կենդանաբանական այգում
ինչեր են կատարվում, ոչ մեկն ասել չի կարող: Սակայն
փաստ է, որ այսօր վտանգ կա թե՛ կենդանիների, և թե՛
ամեն օր այգին այցելող երեխաների համար»:
|