Միացյալ
Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը
(ՄՆՄԶ) հովանավորեց ֆինանսների հայ մասնագետների
անցած շաբաթվա այցը Հունգարիա՝ Հայաստանի ինքնակառավարման
մարմինների ներկայացուցիչների տեխնիկական աջակցության
և վերապատրաստման ծրագրի շրջանակներում:
Պատվիրակության կազմում ընդգրկված ութ ֆինանսական
տնօրենները Հայաստանի տարբեր քաղաքներից, Ֆինանսների
նախարարության և Հայաստանում ԱՄՆ հիմնադրած Ուրբան
ինստիտուտի ներկայացուցիչներն այցելեցին չորս հունգարական
քաղաքներ, որտեղ հանդիպեցին ֆինանսների և տնտեսական
զարգացման բնագավառի իրենց հունգարացի գործընկերների
հետ:
Հունգարական չորս քաղաքները հատուկ էին ընտրվել,
որպեսզի համապատասխանեն հայկական քաղաքներին իրենց
չափերով և բնակչությամբ: Բացի Բուդապեշտից պատվիրակությունն
այցելեց Սոլնոկ, Հատվան և Նիրիգհազա քաղաքները:
1990-ականների սկզբին այստեղ սկսված սոցիալական
և քաղաքական վերակառուցումը զգալիորեն բարելավել
է Հունգարիայի տնտեսական վիճակը:
1990 թվականին սահմանադրության տեղական ինքնակառավարման
մարմիններին վերաբերող հոդվածի վերանայման շնորհիվ,
սահմանվել են Հունգարիայի ինքնակառավարման մարմինների
դերը և պարտականությունները՝ հաստատելով կառավարումն
ապակենտրոնացնելու վճռականությունը:
«Այս այցի նպատակը փորձի փոխանակումն էր, ինչպես
նաև հունգարական ավելի զարգացած տեղական ինքնակառավարման
մարմինների ֆինանսական փորձին ծանոթանալը», - ասում
է Ուրբան ինստիտուտի խորհրդատու Արթուր Դրամփյանը,
որը խմբի հետ մեկնել էր Հունգարիա:
Կառուցվածքային բարեփոխումների կարճ ժամանակահատվածում
Հունգարիայի տեղական ինքնակառավարման մարմինները
ձեռք են բերել էական լիազորություններ և որոշում
կայացնելու իրավունքներ:
Հունգարական օրենսդրության համաձայն, քաղաքներն
իրենք կարող են որոշել, թե ինչպիսի տեղական հարկեր
գանձեն: Քաղաքների մեծ մասը նախընտրել է գանձել
բիզնես գործունեության հարկ, քանի որ այն տեղական
բյուջե ավելի շատ եկամուտ է բերում, քան մյուս ռեսուրսները:
Ի տարբերություն հայկական քաղաքների, հունգարական
քաղաքները կարող են ունենալ բանկային հաշիվներ,
կառուցել և վաճառել բնակելի շենքեր, կայացնել վարչական
որոշումներ, ինչպես օրինակ՝ հասարակական վայրերում
ոգելից խմիչքների օգտագործման արգելումը: Բացի այդ,
քաղաքապետարանները կարող են ձեռնարկություններին
ազատել հարկերից՝ նրանց համար իրենց տարածքում գրավիչ
պայմաններ ստեղծելու նպատակով:
«Սա հետաքրքիր այց էր, սակայն հունգարական օրենսդրությունը
շատ ավելի մեծ ինքնուրույնություն և անկախ որոշում
կայացնելու իրավունքներ է տալիս քաղաքներին, - ասում
է Հայաստանի համայնքային ֆինանսիստների միության
նախագահ Վահան Մովսիսյանը, - Հայաստանն այս առումով
շատ հետ է»:
«Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների
դերը և իրավունքները չափազանց սահմանափակ են, և
դժվար թե մենք կարողանանք կիրառել հունգարացի գործընկերների
փորձի նույնիսկ փոքր մասը», - ասում է Վանաձորի
քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Արթուր Սուքիասյանը:
Հայկական պատվիրակության համար հաճելի անակնկալ
հանդիսացավ այն փաստը, որ համաձայն հունգարական
օրենսդրության, Հունգարիայում բնակվող ազգային փոքրամասնությունները
կարող են ձևավորել իրենց սեփական տեղական ինքնակառավարման
մարմինները: Սլավոնական, չեխական, լեհական և գերմանական
ինքնակառավարման մարմինների հետ մեկտեղ, Նիրիգհազայում
իր սեփական ինքնակառավարման մարմինն է ձևավորել
նաև հայ համայնքը:
Հայկական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում
Նիրիգհազայի հայկական ինքնակառավարման մարմնի ղեկավար
Արմեն Մալհազյանը պատմեց 50 ընտանիքից բաղկացած
հայ համայնքի մասին: Մալհազյանը, որն ապրում է Հունգարիայում
վերջին քսան տարիների ընթացքում, պատմեց համայնքում
կազմակերպված մշակութային իրադարձությունների մասին:
Նա նկարագրեց ազգային համայնքի դերը՝ հայկական մշակութային
ժառանգության և ավանդույթների պահպանման գործում:
|