ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 December 6, 2002 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Արդար աշխատավա՞րձ. քաղաքացիական ծառայողների և կառավարական պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ բարձրանալու են


Գալիք հուլիսից Հայաստանի քաղաքացիական ծառայողների աշխատավարձերը՝ նախորդ տարիների համեմատությամբ, կաճեն երեքից հինգ անգամ: Այդ բարձրացումները նախատեսված են բյուջեով, որն, ինչպես ակնկալվում է, կհաստատվի մինչև այս տարվա ավարտը: Նախագահի աշխատավարձը կաճի 125 տոկոսով: Վարչապետը, խորհրդարանի խոսնակը և Սահմանադրական դատարանի նախագահը կվաստակեն երեք անգամ ավելի, քան այժմ:

Նոր կազմված բյուջեն, որը ներկայացվում է ընտրական տարում, առաջ է բերել հասարակայնության զայրույթը, որը հարցնում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը կրկնապատկվեն կամ եռապատկվեն, երբ թոշակառուները տառապում են ցածր թոշակներից, իսկ շատ շարքային աշխատողները, բժիշկները և ուսուցիչներն ամիսներ շարունակ չեն ստանում անգամ իրենց չնչին աշխատավարձերը:

Ծերության թոշակները բարձրացվելու են 20 դրամով՝ 4 սենթից էլ պակաս (աշխատած յուրաքանչյուր տարվա համար):

Պաշտոնատար անձանց հավաստմամբ, կառավարության այս վերջին ակցիան մասամբ ուղղված է կոռուպցիայի սանձմանը: Եթե պաշտոնյան կարգին աշխատավարձ է ստանում, ապա տրամաբանական է, որ նա ավելի քիչ հակված կլինի կաշառք վերցնել: Իսկ կաշառակերությունը Հայաստանում լայն տարածում է գտել:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն (նկարում) ասում է, որ աշխատավարձերի բարձրացումները, գոնե մասամբ, կկանխեն կաշառակերությունը:

Հակակոռուպցիոն պայքարի ծրագրում (որը Եվրոխորհրդի պահանջներից է) նշված է, որ պետք է բարձրացվեն այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր գործ ունեն մեծ գումարների հետ: «Մարդկանց համար, ովքեր վաստակում են 5000 դրամ և գործ ունեն 500 միլիոն դրամի հետ, դժվար կլինի բաց թողնել իրենց գրպանները լցնելու հնարավորությունը», - համոզված է նախարարը:

Մաքսային և հարկային ծառայողների աշխատավարձերի բարձրացումներն իրականացվում են նախարարի նշած հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում: Ընտրովի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումները բացատրվում են այլ նկատառումներով:

«Նախարարը պետք է բավականաչափ վաստակի, որպեսզի օրը 24 ժամ չմտածի, թե որտեղից փող ճարի», - ասում է Խաչատրյանը: Նախարարը նաև ասել է լրագրողներին, որ կան պարտավորություններ, որոնք արդարացնում են պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը: Օրինակ՝ մինչև նախարար դառնալն իրեն ընդամենը մեկ կոստյում էր պետք:

«Այժմ ես օրական 10 հանդիպում եմ ունենում: Իմիջի հարց է»:

Հարկային տեսուչների և դատավորների իմիջը կաշառակեր պաշտոնյայի իմիջ է, և դա ընդունվում է կոռուպցիայի դեմ պայքարող կառավարական պաշտոնյաների կողմից: «ԱրմենիաՆաուն» տեղեկացել է վստահելի աղբյուրներից, որ Հայաստանի դատական համակարգում հանրահայտ է, որ որոշ դատավորներ պատրաստ են կրճատել բանտարկության ժամկետը՝ տարին 2000 դոլար հաշվարկով:

«Կաշառակերության դեպքերի թիվը շատ մեծ է: Մեր ունեցած վիճակագրությունը փոքր է և չի արտացոլում իրական պատկերը», - ասում է գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գուրգեն Ամբարյանը:

Անցյալ տարի հետաքննվել է կաշառակերության 36 գործ, այս տարվա անցած հատվածում՝ 11:

Ամբարյանն ասում է, որ կաշառակերության դեպքերի մեծ մասը չեն բացահայտվում մի պարզ պատճառով:

«Եթե դուք ինձ կաշառք եք տալիս, և ես ընդունում եմ այն, ապա կաշառքը չի բացահայտվի, - ասում է նա, - քանի որ այն ձեռնտու է և՛ ինձ, և՛ ձեզ: Եվ երկու կողմերն էլ գոհ են»:

Պետական հարկային ծառայության մամլո ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանն ասում է, որ հնարավոր չէ, որ 20000-30000 դրամ (40-60 դոլար) աշխատավարձ ստացող հարկային տեսուչը 1 միլիարդ դրամ բյուջեի եկամուտ ապահովի առանց մի լումա կաշառքի: Իրավիճակը նույնն է մաքսային ոլորտում:

Մի հարկային տեսուչ, որն անանուն մնալու պայմանով կիսվեց «ԱրմենիաՆաուի» հետ, ասաց, որ նույնիսկ ամսական 200 դոլար աշխատավարձն իրեն հետ չի պահի մասնավոր առևտրականների հետ հակաօրինական գործարքների մեջ մտնելուց:

«Մենք ավելի շատ ենք վաստակում՝ գործարարների հետ գործարքի մեջ մտնելով և նրանց հարկային տույժերն իջեցնելով», - ասաց տեսուչը՝ ավելացնելով, որ նման գործարքները խրախուսվում են իր պետի կողմից:

Հունվարի մեկից նախատեսվում է 20 տոկոսով բարձրացնել ուսուցիչների, գրադարանների և թանգարանների աշխատողների աշխատավարձերը: Այն աշխատողները, ովքեր այժմ ստանում են 10-ից 19 դոլար, մյուս ամսից կստանան 12-ից 21 դոլար:

Խաչատրյանն ասում է, որ բարձրացումները գոնե հնարավորություն կտան որոշ խավերի հաղթահարել աղքատության մակարդակը (ներկայումս նվազագույն աշխատավարձը Հայաստանում մոտ 10 դոլար է):

Աշխատավարձերի ներկա բարձրացումները քիչ են ոգևորում միջին քաղաքացիներին, որոնք զայրացած են իրենց և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումների անհավասարությունից:

«Դա ինձ բոլորովին չի ոգևորում, որովհետև հնարավոր չէ ծայրը ծայրին հասցնել ո՛չ իմ աշխատավարձով, ո՛չ իմ թոշակով, - ասում է արվեստագիտության դոկտոր և թոշակառու Գևորգ Աբաջյանը, - Այդ բարձրացումը խայտառակություն է»:

Աբաջյանն ասում է, որ նրանք, ովքեր փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ աշխատավարձի բարձրացմամբ, չեն հասկանում մարդկային հոգեբանությունը:

«Որքան շատ եք տալիս ագահ մարդուն, այնքան ավելի շատ է նա ուզում ստանալ», - ասում է նա:

Ուր են գնալու միջոցները.


Հարկային և մաքսային ծառայողներ
Ներկա մոտավոր ամսական աշխատավարձ՝ 40-70 դոլար
2003 թվականի համար նախատեսված աշխատավարձ՝ 120-200 դոլար
Աճ՝ 200 տոկոս
   
Նախագահ
Ներկա մոտավոր ամսական աշխատավարձ՝ 400 դոլար
2003 թվականի համար նախատեսված աշխատավարձ՝ 1000 դոլար
Աճ՝ 125 տոկոս
   
ԱԺ խոսնակ, վարչապետ, Սահմանադրական դատարանի նախագահ
Ներկա մոտավոր ամսական աշխատավարձ՝ 300 դոլար
2003 թվականի համար նախատեսված աշխատավարձ՝ 900 դոլար
Աճ՝ 200 տոկոս
   
Խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ
Ներկա մոտավոր ամսական աշխատավարձ՝: 250 դոլար
2003 թվականի համար նախատեսված աշխատավարձ՝ 600 դոլար
Աճ՝ 140 տոկոս
   
Ուսուցիչներ
Ներկա մոտավոր ամսական աշխատավարձ՝ 10-19 դոլար
2003 թվականի համար նախատեսված աշխատավարձ՝ 12-21 դոլար
Աճ՝ 20 տոկոս

  Inside
 

Fair Pay?: Salaries for civil servants and government officials set for dramatic increase

Full story

 
 
 
 

Frequency Fight: Top Independent TV Station Still Off The Air

Full story

 
 
 
 

Repeated Tragedy: Another animal dies at Yerevan zoo

Full story

 

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.