Լաուրան
տարիների ընդմիջումից հետո սկսեց կրկին թփով տոլմա
եփել, երբ մի օր տղան ասաց. - «Մամ, էն կանաչ տերևով
ճաշից չե՞ս սարքի»:
Երկրաշարժից հետո նա տարիներով տոլմա չէր սարքում,
քանի որ այն փլատակներում զոհված իր 10 և 12 տարեկան
որդիների սիրած կերակուրն էր: Արտյոմը ծնվեց երկրաշարժից
մեկ տարի հետո...
«Երկրաշարժը» Լաուրայի համար նրա որդու մեծ բացված
աչքերն են ու հարցը.
«Մամ, էս ի՞նչ է»:
«Պատրաստվում էի դպրոց ուղարկել, արդեն վերցրել
էի վերարկուն, որ պիտի հագցնեի Արտուշիս, զգացի
մի տեսակ որոտի ձայն եկավ, ու շենքը տատանվեց: Ես
հասկացա, որ երկրաշարժ է, Արտուշիկիս աչքերը դեմքի
վրա կլորացան վախից: Ասի՝ մի վախենա, Արտուշ ջան,
երկրաշարժ է, ես հիմա ձեզի արագ կհասցնեմ վերելակին:
Վերելակը մեր հարկի վրա էր, հարևանս նոր էր բարձրացել:
Բացեցի դուռը, որ դուրս գանք, ու շենքը փլվեց»:
Ու 14 տարի շարունակ, մինչև այժմ, Լաուրային թվում
է, թե ինչ-որ բան կարող է փոխել, որ երեխաներին
փրկի: Եթե կրկին երկրաշարժ լիներ, ինքն ի՞նչ կաներ:
Տղաներին արագ կհասցներ վերելա՞կ, որ շենքը փլվելուց
չէր ավերվել: Հատկապես գիշերները, երբ առօրյայից
միտքը մաքրված պառկում է քնելու, նա նորից ու նորից
վերապրում է երկրաշարժի ամբողջ տեսարանը:
«Բացեցի դուռը, որ դուրս գայինք, ու շենքը փլվեց:
Ես ձեռքերով փորձեցի փաթաթվել տղաներին, որ գոնե
մեջքով կարողանամ նրանց պահել, բայց գետինը տակից
փախավ: Ու հետո, երբ սթափվեցի, արդեն ամեն ինչ վերացել
էր»:
Մինչև երկրաշարժը Լաուրան երազ է տեսնում. աղավնիներ
ու ձիեր երկնքում, կրակ չկար, բայց աղավնիները՝
սպիտակ, այրվում ու թափվում էին սևացած: Հարևանուհին
բացատրում է երազը. ձին մուրազ է, աղավնիներն էլ՝
երիտասարդները, որ Ղարաբաղում պիտի ջարդվեն: Երկրաշարժը
համընկավ Ղարաբաղյան շարժմանը, որի հետ էին կապում
իրենց երազանքները: Չորս օր հետո եղավ երկրաշարժը:
«Մենք երկաթյա դուռ ունեինք: Դուռն ինչ-որ բանի
վրա էր ընկել, եռանկյունի էր առաջացել, ես մնացել
էի այդ դռան տակ: Դիմացը բաց էր, տանիք չկար, երկինքն
էր: Ու ես տեսա՝ փոքր որդիս դիմացս է, չգիտեի, Գրիշիս
հետ ինչ է կատարվել, իրանից ապահով՝ Արտուշիս սկսեցի
փնտրել: Արտուշիս էլ ձայնը կար, մի հինգ րոպե, հետո
ձենն էլ կտրվեց, ու վերջինը լսեցի, ասավ՝ մամ, էլ
չեմ դիմանա»:
Լաուրան չի պատկերացնում, որ որդիները չկան: Մասնակցում
է հանգուցյալ որդու դասարանի վերջին զանգին: Երբ
որդիները զորակոչի տարիքին պիտի հասած լինեին, գնում
է զինկոմիսարիատ. - «Ինձ կթվար, էրեխեքս էդ էրեխեքի
մեջ էին: Էդ ի՜նչ ինքնաչարչարանք էր»:
Լաուրա Աթանեսյանն արվեստի պատմություն է դասավանդում
Գյումրիի մանկավարժական ինստիտուտում և Մերկուրովի
անվան գեղարվեստի դպրոցում: Տարիներ առաջ իր երկու
տղա ուսանողների ազատել է դասախոսություններից,
քանի որ իրեն թվում էր, որ եթե իր որդիները մահացած
չլինեին, նրանց նման կլինեին:
«Չէի
կարողանում նրանց նայել, ըսի, եթե ուզում եք, իմ
դասերին մի նստեք, ես ձեզ բացակա չեմ դնի ու վերջում
էլ ձեր գնահատականը կստանաք»: Սակայն հետագայում,
երբ իմանում է, որ տղաներից մեկն իր ավագ որդու
հետ նույն տարին և նույն ամսին է ծնվել, հակառակ
ռեակցիան է առաջանում: «Անկախ ինձնից, ուզեցի նրան
տեսնել, ինձ թվաց, թե իմ էրեխես է նա, ու նրա միջոցով
կարողացա էդ տարիքի էրեխեքին ընդունել»:
Սակայն ամուսինը՝ Վանյան, որ թեթև ատլետիկա է
դասավանդել Մանկավարժական ինստիտուտում և մարզադպրոցում,
երկու տեղից էլ դուրս է եկել, քանի որ չի կարողացել
շփվել երեխաների հետ: Հետագայում էլ չկարողացավ
ցնցումից դուրս գալ և վերադառնալ նախկին աշխատանքին:
Հինգ տարի առաջ նա մեկնեց Մոսկվա՝ շինարարության
վրա աշխատելու: Լաուրան կարծում է, որ նա հատուկ
է այդ աշխատանքն ընտրել, որ մեկուսանա և երեխաների
հետ որևէ շփում չունենա:
Լաուրայի չորս ընկերուհիների ամուսինները նույնպես
աշխատանքի են մեկնել Ռուսաստան, քանի որ Գյումրիում
աշխատանք չկա, և նրանք իրենց ընտանիքներն ապահովելու
այլ ելք չեն գտել (ըստ քաղաքապետարանի մի պաշտոնյայի,
Գյումրիի տասն ընտանիքից յոթը մասնատված են, այսինքն,
ընտանիքի մեկ կամ ավելի անդամներ աշխատում են դրսում):
Լաուրային թվում էր, թե երկրաշարժի համար մեղավոր
են բոլորը, և զայրացած էր բոլորի վրա: Նույնիսկ
ամուսնուն էր մեղադրում, թե ինչու տանը չի եղել,
որ երեխաներին փրկեր: Ամուսինն այդ ժամանակ եղել
է դպրոցում, փլատակներից աշակերտներ է հանել: Ու
Լաուրան նրան մեղադրում էր, թե ուրիշների երեխաներին
կարողացել է փրկել, իսկ հարազատ որդիներին չի փրկել:
Մեղադրում էր նույնիսկ Արագած լեռանը:
«Մի օր մշուշը փակել էր Արագածը: Գրիշիկս կանչեց՝
մամա, արի նայի, թուրքերն Արագածը տարել են: Գրիշիկ
ջան, Արագածը չեն տարել, ուղղակի մշուշը նստել է
վրան: Հետո կնայեի իրեն ու կասեի՝ ախր ես քեզ շատ
կսիրեի, էրեխեքս էլ շատ կսիրեին, ինչի՞ էդպես արեցիր»:
Իհարկե, կարողանում էր թաքցնել իր զայրույթը,
որ ուրիշներն ավելի ընդգծված էին արտահայտում, սակայն
նրան էլ հանգիստ չէին տալիս զայրույթն ու նախանձը,
թե ինչու հատկապես իր հետ դժբախտություն պատահեց:
Զայրույթն այժմ անցել է, համակերպվել է ու գիտի,
որ ոչ ոք մեղավոր չէ, պարզապես բնական աղետ էր:
Սակայն «ինչու՞» հարցն այժմ էլ է առաջանում:
Ամեն
տարի դեկտեմբերի 7-ի մոտենալու հետ նրա մոտ լարվածություն
էր առաջանում, սպասում էր, թե երբ պիտի գա այդ օրը:
Չէր ուզում մարդկանց երես տեսնել: Զայրացնում էին
նույնիսկ երկրաշարժից հետո ծնված որդու ցանկությունները:
Երեխան ինչպե՞ս հասկանար, թե մայրն ինչ ապրումներ
է ունենում:
Այժմ դեկտեմբերն առաջվա սուր զգացողությունները
չի առաջացնում: Լաուրան գիտի, որ վաղը պիտի այցելի
որդիների գերեզման՝ պարտքը կատարելու՝ հանգիստ ու
հաշտված եղելության հետ:
Երկրաշարժից մի քանի տարի հետո Լաուրան երազում
տեսնում է մահացած որդուն. «Կասեր՝ մամ, ոտքերս
կմրսի, ջուր է: Մի քանի օր անցավ, էլի տեսա ու ամուսնուս
ասի՝ պիտի գերեզմանը փորենք, եթե թաց է, տեղը պիտի
փոխենք»:
Ամուսինը և հայրը փորում են գերեզմանը, և պարզվում
է, որ այն կիսով չափ լցված է ջրով: Նոր փոս են փորում,
և երբ Լաուրան տեսնում է, որ գերեզմանը չոր է, վերաթաղում
են իրենց որդիներին:
«Ես կմտածեմ՝ ինչի եմ էդ փոսը ամուսնուս փորել
տվել: Անմարդկային բան էր արածս»:
Երբ Լաուրայի որդին՝ Արտյոմը, սկսում է հասնել
հանգուցյալ որդիների տարիքին, մայրը տագնապի մեջ
է ընկնում, մտածում է՝ հանկարծ այս տղան էլ նախորդների
ճակատագրին չարժանանա: Այժմ նրա այդ տագնապներն
անցել են, քանի որ Արտյոմն արդեն տարիքով ավելի
մեծ է, քան իր վախճանված որդիները:
«Էն, ինչ ապրել՝ ապրել եմ, կորցրած էրեխեքի հետ
կմեռնի ամեն ինչ: Եթե Արտյոմս չլիներ, էլ իմ ապրելս
իմաստ չէր ունենա»:
Թեև դեռևս ապրում են ժամանակավոր տնակում, և հայտնի
չէ, թե երբ բնակարան կստանան, Լաուրայի միակ մտահոգությունը
որդին է:
«Այժմ արագ-արագ ուզում եմ հասցնել Արտյոմիս համար,
ինչ-որ նրանց համար չարեցի: Վախ կա մեջս, որ հանկարծ
չհասցնեմ: Կմտածեմ՝ այսինչ բանը Արտյոմիս օգու՞տ
է, չէ, չեմ անի, կյանքում ինչ որ տղայիս չի վերաբերում,
ինձ չի հետաքրքրում»:
Երկրաշարժը մշտապես այցելում է Լաուրային երազներում,
որտեղ անընդհատ փորձում է փրկել որդիներին:
«Անճարակությունից կարթնանաս ու կզգաս, շունչդ
կկտրվի, քրտինքդ ճակատիդ ու կզգաս, երկրաշարժ չէր,
պարզապես երազ էր: Կնայեմ, չէ, Արտյոմս կողքս է,
ամեն ինչ տեղն է, հեչ բան չի փլվել ու կամաց-կամաց
կհանգստանամ»:
|