Երեքշաբթի
օրը Հայաստանը միացավ այն երկրներին, որոնք նշում
են դեկտեմբերի 3-ը որպես ՄԱԿ-ի կողմից հռչակված
Հաշմանդամների միջազգային օր:
Դա այն մարդկանց ճանաչման օրն է, ովքեր «հասարակության
լիիրավ անդամներ են և ստեղծում են նյութական ու
մշակութային արժեքներ», - ասաց ՄԱԿ-ի հայաստանյան
գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության
պետ Վալերի Տկաչուկը:
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում էին հավաքվել
բազմաթիվ հաշմանդամներ, նախարարությունների, հաշմանդամների
հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ և հյուրեր:
Տոնակատարությանը որպես հյուր ներկա 19-ամյա Հայկ
Գրիգորյանը մի ընդհանուր ցանկություն հայտնեց.
«Ես այսօր ուրախ չեմ: Մի ցանկություն ունեմ, որ
հաշմանդամներ ամբողջ աշխարհում ընդհանրապես չլինեն»:
Իրականությունն ավելի դաժան է: Այսօր Հայաստանում
ապրում են 110000 հաշմանդամներ:
Սոցիալական ապահովության նախարարության Հաշմանդամների
հիմնախնդիրների վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանն
ասում է. - «Մեր հիմնական նպատակն է հաշմանդամներին
ինտեգրացնել հասարակությանը և հավասար պայմաններ
ստեղծել նրանց համար: Շատ հարցեր լուծում ենք հաշմանդամների
խնդիրներով զբաղվող շուրջ 15 ՀԿ-ների հետ»:
Ինտեգրացվելու առումով այլ կարծիքի են իրենք՝
հաշմանդամները:
Սպինալ
հաշմանդամների «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամի
նախագահ Միշա Մկրտչյանն (նկարում) ասում է. - «Ավելի
ճիշտ է հասարակությանը պատրաստել ինտեգրացվելու
հաշմանդամներին: Իսկ հաշմանդամի ինտեգրացումը պետք
է սկսել նրա ընտանիքից, հարևանից, փողոցի կրպակավաճառից»:
ՄԱԿ-ի գրասենյակի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդեսը
պատմում է «Հույսի կամուրջ» և «Փյունիկ» ՀԿ-ների
կատարած հսկայական աշխատանքի մասին:
«Փյունիկի» հայաստանյան գրասենյակի (որը գրանցված
է նաև Միացյալ Նահանգներում) նախագահն ասում է,
որ հաշմանդամներին առնչվող բազում խնդիրներ լուծվում
են իրենց ջանքերով, սակայն կան հարցեր, որոնք զուտ
պետական մոտեցում են պահանջում: Հենց այդ մասին
էլ հիշեցնում է միջազգային ճանաչման օրը:
«Այսօր ակամայից հայտնվում ենք պետության ուշադրության
կենտրոնում, - ասում է Մկրտչյանը, - Մեզ հաշվի են
առնում»:
Ճարտարապետների միությունում կայացած կլոր սեղանը
նվիրված էր հաշմանդամների ադապտացմանը քաղաքաշինական
պահանջներին՝ նախագծման և շինարարության ոլորտում:
«Այսօրվա շենքերը, շինությունները, ճանապարհները
գրեթե չեն համապատասխանում սահմանափակ հնարավորություններ
ունեցող անձանց կարիքներին: Անհրաժեշտ է մշակել
կառուցապատման նոր ծրագրեր, որոնք մատչելի պայմաններ
կապահովեն հաշմանդամների համար», - ասում է Կառավարության
աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների
վարչության պետ Սիրեկան Օհանյանը:
«Լինսի»
ծրագրով վերակառուցվող երևանյան փողոցների թեքահարթակները
վկայում են, որ հաշմանդամների կարիքները բավարարելու
փորձ է արվում:
«Միշտ երազում էի, որ մեր քաղաքում թեքահարթակներ
լինեն: Իհարկե, դեռ չեմ անցել դրանց վրայով, բայց
շատ ուրախ եմ և շնորհակալ», - ասում է 19-ամյա Արևիկ
Մուսախանյանը (նկարում) Երևանից:
Թեև թեքահարթակները չեն համապատասխանում միջազգային
չափանիշներին, նրանք, ովքեր ունեն դրանց կարիքը,
գնահատում են արվածը:
«Ինքս մասնակցել եմ կառավարությանն ուղղված նամակների
պատրաստմանը: Խնդրեցինք, որ «Լինսի» ծրագրի նախագծային
աշխատանքներում փոփոխություններ կատարեն, - ասում
է Մկրտչյանը, - Արդյունքում կառուցվեցին այդ հատուկ
թեքահարթակները: Իհարկե 1-3 սանտիմետրի խոչընդոտ
կա, բայց սայլակավոր հաշմանդամը կարող է հաղթահարել
դա: Կարևորն այն է, որ սկսել են փոփոխությունները,
իսկ հետագայում՝ կշտկեն»:
Ըստ Օհանյանի, այսօրվանից հաշմանդամների համար
հավասար պայմանների ապահովման հարցը վերաբերելու
է նոր ու վերակառուցվող շենքերի նախագծմանն ու շինարարությանը:
«Իմ ընկերուհին սայլակավոր է, - ասում է Անահիտ
Վարդանյանը, - Նրա հետ այգում զբոսնելիս մեզ վատ
էինք զգում: Իսկ հիմա անչափ ուրախ ենք, քանի որ
վերջապես հատուկ թեքահարթակներ են կառուցվել»:
|