Երբ
անցյալ տարվա սկզբին մի երեխա դոնորական արյունից
վարակվեց ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության
վարակ) և կարճ ժամանակ անց մահացավ, Հայաստանի հասարակայնությունն
առաջին անգամ գիտակցեց, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրական վտանգը
հեռու-հեռվում չէ, իսկ վարակակիրներն ամենևին էլ
փոքր թիվ չեն կազմում:
Անցյալ տարի հանրապետությունում հաշվառվել են
մոտ 2200 ՄԻԱՎ վարակակիրներ: Սակայն մասնագետների
հավաստմամբ, իրական թիվը գերազանցում է պաշտոնական
ցուցանիշները:
«Հայաստանում վարակը հիմնականում փոխանցվում է
թմրանյութերի ներարկման և չպաշտպանված սեռական հարաբերությունների
միջոցով, - ասում է Առողջապահության նախարարության
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն
Սամվել Գրիգորյանը, - Տարեցտարի վարակվածների թիվն
ավելանում է: 2002 թվականին գրանցվել է վարակվածների
վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը»:
Անցյալ շաբաթվա ընթացքում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի
միջազգային օրվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումները
վկայում են, որ Հայաստանը միացել է աշխարհի այն
երկրներին, որոնք զերծ չեն մնացել հիվանդության
ազդեցությունից:
«Ջայլամային
քաղաքականություն կիրառելը մեր պարագայում շատ սխալ
է, - ասում է ԱԺ Բնապահպանության և առողջապահության
մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադևոսյանը,
- Իրականությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ գնալով
ահագնանում են այդ հիվանդության տեմպերը: Ինչ խոսք,
ցավալի է, սակայն նման դրությունը թե՛ զանգվածային
արտագնա աշխատանքի, թե՛ արտագաղթի և ներգաղթի, և
թե՛ տեղեկատվության պակասի ու իրավաբանական դաշտի
անկատարության արդյունք է, որը մենք գալիք տարի
փորձելու ենք շտկել»:
Թադևոսյանն ասում է, որ անցյալ տարի ստեղծված
հատուկ հանձնաժողովը շուտով Ազգային ժողովին կներկայացնի
մի առաջարկ, որը հնարավորություն կտա լուծել ՁԻԱՀ-ին
առնչվող մի շարք խնդիրներ, որոնք լուծում չէին ստացել
1997 թվականին ընդունված անկատար օրենքում:
«Այս ոլորտում շատ բացեր կան լրացնելու, - ասում
է Թադևոսյանը, - և առաջին քայլը, թերևս, այն կլինի,
որ առավել մեծ ուշադրություն դարձվի այս խնդրին:
Այդ իսկ պատճառով, մեր պատրաստած առաջարկություններում
մենք ընդգրկել ենք մի դրույթ, որով պահանջում ենք
բյուջեում առանձին տողով մինչև 55 միլիոն դրամ (մոտ
100 հազար դոլար) հատկացնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի կանխարգելման
համար: Ինչ խոսք, կառավարության կողմից այս առաջարկության
ընդունումից հետո միջազգային կազմակերպությունները՝
տեսնելով մեր վերաբերմունքն այս խնդրին, նույնպես
ֆինանսական աջակցություն կցուցաբերեն, ինչը կօգնի
գտնել շատ խնդիրների լուծումներ»:
Մասնագետներն ասում են, որ միջոցները կուղղվեն
ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի կանխարգելման համալիր ծրագրի իրականացմանը:
«Նման միջոցառումները շատ կարևոր կլինեն ոչ միայն
մայրաքաղաքի, այլև մարզերի համար, - ասում է բժիշկ
Ռոմա Սարգսյանը, - Ես Սյունիքի մարզից եմ, և մեզ
մոտ, ինչպես նաև այլ մարզերում, այս հիվանդությունը
վաղուց արդեն խնդիր է դարձել՝ ի շնորհիվ արտագնա
աշխատողների: Ծրագրի միջոցով հիվանդները հնարավորություն
կունենան ավելի լուրջ աջակցություն ստանալ, իսկ
մյուսները գիտելիքներ կստանան ու կսովորեն, թե ինչպես
խուսափել նման խնդիրներից»:
Ըստ Թադևոսյանի, որպես ծրագրի մի մաս նախատեսվում
է լայնատարած կրթական ծրագիր անցկացնել, որի շրջանակներում
9-րդ դասարանից սկսած աշակերտներին կդասավանդվի
սեռական դաստիարակություն:
«Կտեղծվեն համակարգեր, կանխարգելիչ նպատակներով
լաբորատորիաներ, որոնք կհսկեն հանրապետությունում
տիրող իրավիճակը, - ասում է նա: - Մի խոսքով, այն
ամենը, ինչն անհրաժեշտ է հիվանդությունից հնարավորինս
խուսափելու համար, առողջ երեխաներ, ապագա և ապրելակերպ
ունենալու համար»:
|