«Բարև
ձեզ, ես Ալլա Մխիթարյանն եմ: Փնտրում եմ 1959-ին ծնված
եղբորս՝ Վլադիմիրին: Նա ամուսնացած էր և ուներ մի
դուստր: 1993-ին նա դուրս է եկել տնից և այլևս չի
վերադարձել»:
Սա իրական մարդու իրական պատմություն է, ինչպես
նաև մյուս պատմությունները, որոնք յուրաքանչյուր
ուրբաթ պատմում են տեսախցիկի առջև Երևանի Շարլ Ազնավուրի
հրապարակում:
Նրանք պատմում են այս պատմությունները՝ հուսալով,
որ իրենց դիմումը հեռարձակելուց հետո վերջապես կգտնվեն
այն մարդիկ, որոնց իրենք փնտրում են :
Մխիթարյանի ընտանիքը 10 տարի շարունակ բոլոր միջոցները
փորձելուց հետ արդեն գրեթե կորցրել էր իրենց եղբորը
գտնելու հույսը:
Իսկ
մի քանի ամիս առաջ նրանք իմացան, որ Հայաստանում
կան մարդիկ, ովքեր, հնարավոր է, կարողանան օգնել
իրենց:
«Հեռուստատեսությամբ լսեցի, որ ինչ-որ մեկին փնտրող
մարդիկ հավաքվում են Շարլ Ազնավուրի հրապարակում»,
- ասում է Ալլան (ստորին նկարում՝ աջից):
Նա գնաց այնտեղ և հանդիպեց Վիլեն Պատուրյանին՝
մի մարդու, որը պատրաստում է Հայաստանում աննախադեպ
մի հաղորդում անհայտացած մարդկանց և նրանց գտնել
ցանկացողների մասին:
Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 14-ին Պատուրյանի խումբը
գալիս է «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ գտնվող
հրապարակը և նկարահանում մարդկանց պատմությունները:
Պատուրյանը (ստորին նկարում՝ աջից) նկարահանում
է «տեսանամակներ», որոնցում մարդիկ ներկայանում
են, հետո ասում են, թե ում են որոնում և ցույց են
տալիս նրանց լուսանկարները:
Հետո Պատուրյանը սկսում է իր որոնումները: Նա
դիմում է նախարարությունների, հասարակական կազմակերպությունների,
դեսպանատների և առնվազն 10 արխիվային բաժինների
Հայաստանում:
«Լինում
են դեպքեր, երբ երկու ամիս է պահանջվում, որպեսզի
պարզենք, մարդը լքել է Հայաստանը, թե ոչ», - ասում
է նա:
Մինչ այժմ Պատուրյանին դիմել է մոտ 1500 մարդ:
Այժմ նա որոնում է մոտ 400 մարդու:
«Երբ մարդիկ դիմում են ինձ, ես առաջին հերթին
կապվում եմ Ներքին գործերի նախարարության հետ, որպեսզի
պարզեմ, արդյոք այդ մարդը քրեական գործ ունի, -
ասում է Պատուրյանը, - Եթե ունի, դադարեցնում եմ
որոնումները, որովհետև նա կարող է ամբողջ կյանքում
թաքնվել արդարադատությունից»:
«Այլ դեպքերում տեղեկությունները բավարար չեն
լինում որոնումները սկսելու համար: Երբեմն մարդիկ
տալիս են միայն փնտրվող անձի անունը: Սակայն նրանց
տված տեղեկությունները պետք է հնարավորին չափ մանրամասն
լինեն»:
Պատուրյանն ասում է, որ որոնումները տարբեր են
լինում. ոմանք փնտրում են իրենց հեռավոր բարեկամին,
մյուսները՝ 1937 թվականի ռեպրեսիաների տարիներին
անհայտացած բարեկամներին, ուրիշները՝ իրենց բանակային
ընկերներին:
Կան
մեծ թվով կանայք, որոնք փնտրում են Ռուսաստան փող
վաստակելու մեկնած իրենց ամուսիններին: Կան նաև
շատ դեպքեր, երբ որբ երեխաները փնտրում են իրենց
իսկական ծնողներին:
Պատուրյանը վերհիշում է մի դեպք, երբ 22-ամյա
երիտասարդն իր «մոր» մահվանից հետո գտել է իր ծննդյան
վկայականը և պարզել է, որ իրեն որդեգրել են:
Նա ապշել է, երբ իմացել է, որ նույնիսկ հայ չէ,
այլ Հայաստան է բերվել բալթյան մի երկրից: Հիմա
նա ասում է, որ ուզում է «իմանալ թե ով եմ ես: Ովքեր
էին իմ ծնողները և ինչու են ինձ տվել ինձ որդեգրած
մորը»:
Այս ամսվա վերջում Պատուրյանի «Ճակատագրեր» ծրագիրը
կցուցադրվի հայկական «Պրոմեթևս» ալիքով: Իրենց մերձավորներին
փնտրող մարդիկ կպատմեն իրենց պատմությունները: Հետո
կցուցադրվեն «տեսանամակները»:
40 րոպեանոց ծրագիրը եթեր դուրս կգա ամիսը երկու
անգամ, բայց Պատուրյանը հույս ունի, որ այն կդառնա
շաբաթական:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր ծրագիրը հովանավոր
կգտնի, թե ոչ», - ասում է նա:
Պատուրյանը
և ծրագրի ռեժիսյոր և պրոդյուսեր Վարդան Պետրոսյանը
(նկարում՝ Պատուրյանի հետ) միասին մարդկանց են փնտրում՝
իրենց գրպանից վճարելով միջազգային զանգերի, տրանսպորտի
և այլ բաների համար:
Մի քանի հայտնի կոմերցիոն ծրագրերի պրոդյուսեր
Պետրոսյանն ասում է. - «Պատուրյանը հարցրեց ինձ,
կուզենամ արդյոք լինել ծրագրի պրոդյուսերը: Ես համաձայնեցի,
քանի որ ինձ համար, իբրև ռեժիսյորի, այս ծրագիրը
նորություն է: Բացի այդ, ինքը գաղափարը բավականին
հետաքրքիր է»:
Ներկայումս նրանց միացյալ ջանքերի շնորհիվ գտնվել
է առնվազն հինգ մարդ: Պատուրյանն ասում է, որ նրանց
անունները հայտնի կդառնան առաջին հաղորդման ընթացքում:
Բացի այդ, ենթադրաբար Ռուսաստանում գտնվող մոտ
30 մարդկանց վերաբերող «տեսանամակներն» ուղարկվել
են Մոսկվայի «Օ-էռ-տե» հեռուստաալիքի «Սպասիր ինձ»
նմանատիպ հաղորդմանը: «Օ-էռ-տե»-ի հաղորդումն առաջին
անգամ եթեր է դուրս եկել մոտ հինգ տարի առաջ: Այժմ
այն ամենաբարձր վարկանիշ ունեցող ռուսական հաղորդումներից
է:
««Սպասիր ինձ» հաղորդման մեջ եթեր դուրս գալու
համար հերթի է կանգնած 250000 մարդ: Ծրագրի աշխատակազմը
600 հոգի է, - ասում է Պատուրյանը, - Աստեղ աշխատում
ենք միայն ես և Վարդանը»:
Պատուրյանը հավատում է, որ «Ճակատագրերը» ռուսական
հաղորդման պես հայտնի կդառնա:
Հաղորդման հեղինակն ասում է, որ դրա գաղափարը
նրա մոտ ծագել է Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից
հետո:
1988 թվականին օպերատոր և լրագրող Պատուրյանին
ցույց են տվել հեռուստատեսային մի հաղորդման մեջ,
քանի որ նա եղել է կամավորական մի խմբի ղեկավարը,
որը գտել և իրենց ընտանիքներին է վերադարձրել 400
երեխաների:
Նա ասում է, որ ուզում է շարունակել իր աշխատանքը
և օգնել մարդկանց՝ իմանալով, որ Հայաստանում ճակատագիրը
շատերին է բաժանում է իրարից:
|