ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
Special Edition
May 21, 2004



Քաշաթաղ. «երրորդ Հայաստանի» ազատագրումն ու վերակառուցումը նախկին Լաչինում

Քաշաթաղը գուցե «երկու Հայաստանների» միակ շրջանն է, որտեղ չկան շքեղ առանձնատներ և արտասահմանյան մեքենաներ։ Ինչպես ասաց մի բնակիչ, այստեղ հարուստ-աղքատ տարբերություն չկա, բոլորը հավասար են։
Վերաբնակեցվում են նաև այն շենքերը, որոնց միայն պատերն էին մնացել պատերազմից հետո

Դրսում այն շարունակում են Լաչին անվանել: Լաչինը Հայաստանը և Ղարաբաղը միացնող միջանցքն է, որը հայկական ուժերը գրավել են 1992-ին կատաղի մարտերից հետո:

Սակայն տեղացիների համար ադրբեջանցիներից հետ գրավված այս տարածքը, որը դարձավ Ղարաբաղի 6-րդ շրջանը, պարզապես նորից ստացավ իր հին անվանումը: Անվանափոխելով ու վերաբնակեցնելով Քաշաթաղը՝ իշխանությունները ձուլում են միմյանց երկու հայկական պետությունները։

«Քաշաթաղը մեր պապերի երկիրն է,- ասում Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանը: - Ընդամենը 100 տարի առաջ է սկսել այստեղի հայ բնակչությունը նոսրանալ։ Ստալինի քաղաքականության պատճառով հայտնվել է Ադրբեջանի կազմում։ Այսօր Քաշաթաղը կրկին հայաշունչ է և արդեն ընդմիշտ»։

Թեև շրջանը Ղարաբաղի վարչատարածքային միավորներից է, սակայն այստեղ ղարաբաղցիներ գրեթե չկան։ Վերաբնակիչները Հայաստանի տարբեր շրջաններից են ու խոսում են տարբեր բարբառներով։

Ինչ-որ առումով Քաշաթաղը «երրորդ Հայաստան» է: Այստեղ բացակայում է ակնառու տարբերությունը սոցիալական խավերի միջև, որն աչք է ծակում Ստեփանակերտում ու Երևանում: Քաշաթաղում կոռուպցիան այնքան տարածված չէ, որքան երկու հանրապետություններում:

Շատերի համար Քաշաթաղը փախուստ է Հայաստանից: Այստեղ նրանք ոչ թե փախստական են դառնում, այլ հողի սեփականատեր։ Բացի պաշտոնյաներից, դժվար է գտնել մարդկանց, որոնք ասեն, թե իրենց հայրենասիրությունն է այստեղ բերել։

Փախուստ դեպի Ղարաբաղ

Կարո Մեսելջյանը կնոջ և երկու երեխաների հետ երկու տարի առաջ է
Երևանից տեղափոխվել Քաշաթաղի մայրաքաղաք Բերձոր (նախկին Լաչին քաղաքի նոր անվանումը)։ Ավագ որդուն թողել է Երևանում ծնողների մոտ, քանի որ հաճախում է շախմատի դպրոց։

«Երևանում ամեն ինչ վրաս ազդում ա, չինովնիկները, մենթերը, գաիշնիկները,- ասում է Կարոն: - Մարդու արժանապատվությունը ամեն պահի ոտնահարում են, ամեն փաստաթղթի համար մարդու ստորացնում են։ Իսկ ստեղ դու մարդ ես, իշխանությունը քո վրա չես զգում։ Ստեղ մարդիկ իրար հեշտ են հասկանում, ընկերական են»։

Բժիշկ Արցախ Բունիաթյանը «զոհաբերել է վիրաբույժի մասնագիտությունը» Քաշաթաղին

Կարոն Երևանում ուներ կրպակ, որը զգալի եկամուտ էր բերում: Այժմ կրպակը տվել է վարձով, ինքն այստեղ մանր առևտրով է զբաղվում` Երևանից ապրանք է բերում ու հանձնում խանութներին։

«Խանութը որ աշխատացնում էի, օր չէր լինում, որ չինովնիկների հետ չշփվեի։ Եկամուտս նորմալ էր, բայց լավ է եկամուտս քիչ լինի, փոխարենը դրանց էրեսը չտեսնեմ»,- ասում է նա։

Կինը` Գայանեն, բուժքույր է, աշխատանքի է ընդունվել մանկապարտեզում։ Երևանում չէր աշխատում: «Որ աշխատում ես, կյանքը հետաքրքիր է դառնում,- ասում է նա,- կոլեկտիվը շատ լավն է, նոր ընկերներ ենք ձեռք բերել»։

Դուստրը մանկապարտեզ է գնում, որդին՝ դպրոց։ Ընտանիքն ապրում է հանրակացարանում, որտեղ մոտ 200 ընտանիք սպասում է վերաբնակիչներին խոստացված բնակարաններին:

Ղարաբաղի կառավարությունը (Հայաստանի օժանդակությամբ) տարեկան մոտ 600 հազար դոլար է ծախսում վերաբնակիչների համար բնակարաններ կառուցելու վրա:

Բերձորը մոտ 2000 բնակիչ ունի: «Հիմնականում ստեղ քաղաք չսիրողներն են, որ Երևանից փախել են, ու փնտրում են էն, ինչ քաղաքում չեն գտել»,-ասում է Կարոն։

Շատերին էլ Քաշաթաղը ձգում է պետության սահմանած արտոնություններով։

Փող՝ տեղափոխվելու համար

Ամեն ընտանիք միանվագ ստանում է 20 հազար դրամ (մոտ 35 դոլար): Բացի այդ, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվում է 5000-ական դրամ միանվագ օգնություն: Ընտանիքը նաև ստանում է 120 հազար դրամ (մոտ 210 դոլար) անասնավարկ՝ 20 տարի ժամկետով։ Սակայն ֆինանսների բացակայության պատճառով անասնավարկը տրվում է 3-4 տարի ուշացումով։

Քաշաթաղ (Լաչին) մտնելիս նոր կարմիր տանիքները վկայում են, որ տարածքը վերաբնակեցվում է

Քաշաթաղի բնակիչները նաև արտոնյալ կարգով են օգտվում էլեկտրաէներգիայից. մի որոշ ժամանակ որոշակի քանակ տրվում է անվճար, իսկ հետո՝ զեղչով (Հայաստանում 1 կիլովատը մոտ 25 դրամ է, այստեղ՝ 19)։ Անվճար է ջուրը, գյուղատնտեսական արտադրանքի վրա հարկեր չկան (սակայն հողի սեփականաշնորհման դեպքում պետք է հարկ վճարել, որից պետք է ձևավորվի համայնքային բյուջեն)։

«Մենք ամեն եկողի չենք ընդունում,- ասում է Քաշաթաղի վարչակազմի վերաբնակության վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը: - Մեկ էլ տեսնում ես, եկել է միանվագ օգնությունը ստանա ու փախչի»:

«Երկար-բարակ զրուցում ես, մինչև պարզում ես, որ եկել է մշտական բնակության»,- ասում է Մաթևոսյանը։

Մարդիկ Քաշաթաղ են տեղափոխվում տարբեր պատճառներով: Ոմանք պարտքերը վճարելու համար վաճառում են իրենց տունը և գալիս են այստեղ առանց պարտքի նոր կյանք սկսելու: Որոշ երիտասարդ զույգեր ցանկանում են իրենց ընտանեկան կյանքն սկսել ծնողներից առանձին: Մեծամասնությունը Քաշաթաղը համարում է հնարավորություն, որից իրենք զուրկ են հին բնակավայրում:

Քաշաթաղում կարելի է հանդիպել ամենատարբեր տեսակի նախկին պաշտոնյաների. մի գյուղում դպրոցի տնօրեն է Երևանի կրթության բաժնի նախկին պետը, մեկ ուրիշում անասուն է պահում նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության ծառայության աշխատակիցը, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի օգնականը սոցիալական բաժինն է ղեկավարում:

Վերաբնակիչները դեռ հաստատվում են

Վերաբնակեցման մեկ տասնամյակից հետո 3000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող շրջանում այժմ բնակվում է մոտ 13 հազար բնակիչ։ 127 բնակավայրից էլեկտրականություն ունի միայն 57-ը (պաշտոնյաների հավաստմամբ, շրջանի հարավային մասում մեկ տարվա ընթացքում բոլոր գյուղերի էլեկտրականության խնդիրը կլուծվի, սակայն հյուսիսում առնվազն 5 տարի էլեկտրականություն դեռ չի լինի)։

Կարինե Իշխանյանը և Սվետլանա Բարսեղյանը լավաշ են թխում ինքնաշեն վառարանի վրա

Շրջանում երկու հիվանդանոց կա` Բերձորում և Կովսականում՝ շրջանի երկրորդ, Իրանին սահմանամերձ քաղաքում (նախկին Զանգիլան)։ Յուրաքանչյուր համայնք ունի բուժքույր։

Բերձորի հիվանդանոցում տնօրեն Արցախ Բունիաթյանի շնորհիվ բնակիչների բուժսպասարկումն անվճար է:

«Եթե բժիշկը փող վերցնի հիվանդից, կպատժվի,- ասում է 69-ամյա Բունիաթյանը: - Սակայն մենք ամեն հիվանդություն չենք կարող բուժել ու երբ հիվանդին ուղարկում ենք Երևան կամ Գորիս, նա ընկնում է մի ուրիշ աշխարհ, գիշատիչների ձեռքը, որտեղ պահանջում են գումար ու դեղորայք։ Այնտեղ քաշաթաղցուն երրորդ կարգի մարդու տեղ են դնում, որ չի կարողանում վճարել բուժման ծախսերը»։

Հիվանդանոցում աշխատում է 8 բժիշկ: Ստանում են 45 հազար դրամ աշխատավարձ (մոտ 80 դոլար)։ Բունիաթյանն ասում է, որ շրջանի համար բժիշկ գտնելը գրեթե անհնար է, քանի որ ոչ ոք չի ուզում գալ այստեղ միայն աշխատավարձով աշխատել և հիվանդներից փող չվերցնել։

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Բունիաթյանն աշխատել է դաշտային հոսպիտալում։ Պատերազմից հետո կրկին վերադարձել է Աբովյանի հիվանդանոց՝ վիրաբույժի իր աշխատանքին:

«Երեք տարի ընտանիքիս չէի տեսել, երեք դուստր էի թողել տանը։ Պատերազմի մսաղացից հետո դժվար էր համակերպվել քաղաքացիական բժշկությանը»։

Մինչ հարմարվում էր, նրան հրավիրում են Բերձորի հիվանդանոցի բացմանը: «Ինձ հրավիրել էին այստեղ երկու օրով, բայց բացմանը Ղարաբաղի նախարարը ձեռքս հանձնեց աշխատանքի ընդունվելու իմ հրամանը,- ասում է Բունիաթյանը։ - Մտածեցի՝ պատերազմին էդքան ծանր տեղեր եմ եղել, հիմա էլ Աստծո կամքն է, ուրեմն մարդկանց անհրաժեշտ եմ»։

Հիվանդանոցի հնարավորությունները սահմանափակ են սարքավորումների բացակայությամբ, այստեղ կույր աղիքից բարդ վիրահատություն չեն անում:

«Ես ամեն տեսակի բարդ վիրահատություններ էի անում, բայց ինչ արած, իմ վիրաբուժական մասնագիտությունը այսպես զոհաբերեցի պատերազմին, հիմա էլ՝ Քաշաթաղին»,- ասում է Բունիաթյանը։

Մշակույթ

Քաշաթաղում նոր հասարակության հիմքերը գցելիս չեն անտեսում նաև մշակույթը:

1996 թվականին Բերձորում բացվել է պատմության թանգարան, որի ավելի քան 300 ցուցանմուշներից են մ.թ.ա. 4-րդ հազարամյակի բրոնզե և քարե առարկաներ: Մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև տասնիններորդ դարի հայկական կենցաղային իրերը ներկայացնում են շրջանի հարուստ ժառանգությունը:

Վերաբնակիչ Կարո Մեսելջյանն ասում է. «Այստեղ քեզ մարդ ես զգում»

Թանգարանի ցուցանմուշների զգալի մասը հավաքել է տնօրեն Լիվերա Հովհաննիսյանը, որը մինչև Բերձոր տեղափոխվելը 18 տարի աշխատել է Երևանի պատմության թանգարանում։

«Մեկ ամսվա ընթացքում 47 գյուղ եմ շրջել և հավաքել այս ցուցանմուշները, որ հասցնեմ թանգարանի բացմանը,- ասում է նա: - Այն ժամանակ դեռ շատ գյուղեր բնակեցված չէին, երկու տղամարդու ուղեկցությամբ բեռնատարով գյուղից գյուղ էինք գնում, տնետուն փնտրում-գտնում մեր ուզածը։ Մի գյուղում կրակ բացեցին։ Բնակիչներն էնքան մարդու երես չէին տեսել, որ մեզ տեսել՝ վախեցել էին, ադրբեջանցու տեղ էին դրել»։

Պատկերասրահում ցուցադրված է մոտ 200 կտավ, որոնց մեջ՝ Գառզուի և Փարաջանովի ստեղծագործությունները։ Կտավները նվիրել է շրջանին Հայաստանի մշակույթի նախարարությունը:

«Երևանի պատկերասրահի տնօրենը ասում էր. «Ինչպե՞ս նկար տամ, բա որ էդ տարածքը հանձնեն»: Ես ասի` եթե հանձնեն, էդ նկարներն էլ թող հետը կորչեն։ Ու էդպես 25 նկար տվեց»,- պատմում է Լիվերան։

Ամբողջ շրջանում գործում է միայն Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, որը կառուցվել է 1997 թվականին։

2002 թվականին սփյուռքահայ բարերարների օգնությամբ վերանորոգվել է Ծիծեռնավանք գյուղի չորրորդ դարի բազիլիկ եկեղեցին, որը սակայն դեռ քահանա չունի։

«Առնվազն երեք հոգևորական հյուսիսին է պետք, երեքն էլ՝ հարավին,- ասում է շրջանի միակ քահանան` տեր Աթանասը: - Հարավի ժողովուրդը գոնե մի մատուռ է ուզում, բայց փող տվող, կառուցող չկա»:

Ինչպես են գոյատևում վերաբնակիչները

Քաշաթաղի ամենաբարձր բնակավայրը ծովի մակերևույթից 1700 մետր բարձր է, ամենացածրը՝ 330 մետր։

Լեռնոտ հյուսիսում կյանքի պայմանները դժվար են, գյուղացիները տուն են պահում հիմնականում անասնապահությամբ։ Իսկ հարավում բերրի հովիտներ ու վարելահողեր են, որ ձգվում են Հակարի գետի երկայնքով:
Այդպիսի մի հովտում էլ հաստատվել են առաջին վերաբնակիչները: Այժմ Ծաղկաբերդում (նախկին Գյուլիբերդ) 70 ընտանիք է ապրում:

Առաջին վերաբնակիչներից է Կիրովաբադից փախստական Վարդանյանների ընտանիքը:

«Ամուսինս իմացել էր, որ էստեղ բնակեցնում են, ես էլ երեխեքին հավաքեցի ու եկա,- պատմում է Գոհար Վարդանյանը: - Մրգի լավ ժամանակն էր, շատ հավանեցի, ասի` Աշոտ, մնում ենք ստեղ։ 10 տարին ո՜նց թռավ»։

Վերականգնվում է նաև հավատը, սակայն պակասում են քահանաներն ու եկեղեցիները

Վարդանյանների երեք որդիներն այստեղ դպրոց են ավարտել, մեկն այժմ սովորում է Ստեփանակերտի համալսարանում:

Միակ կովն ընտանիքի փրկությունն է. ամեն տարի վաճառում են ծնած հորթը ու հոգում տան կարիքները:

«Երեխեքս արդեն բանակից եկել են, մնացել է տղայիս ուսման վարձը,- ասում է Գոհարը: - Էս տարվա ծնածը երևի չծախենք»։

Հարևանների նման Վարդանյանները թութ, թուզ, սերկևիլ ու նուռ են հավաքում: Ամեն տարի 400 լիտր թթի օղի են քաշում։ Բնակիչները հույս ունեին, որ Քաշաթաղում վերամշակման գործարաններ կբացվեին, սակայն ներդրումներ դեռ չկան:

Չնայած նպաստավոր բնական պայմաններին, շատ գյուղացիներ վարձակալությամբ հանձնում են իրենց հողերը, քանի որ մշակելու անհրաժեշտ միջոցներ չունեն: Սովորաբար հանձնում են հեկտարը 15 հազար դրամով՝ գումարած 200 կգ ցորեն:

«Պետությունը հող է տվել, բայց ո՞նց մշակենք. ո՛չ վարկ են տալիս, ո՛չ սերմնացան,- ասում է Սամվել Սեդրակյանը, որը Հայաստանում լրագրող է եղել: - Ութ հեկտար ունեմ, չեմ կարողանում ցանել։ Ճիշտ է, գյուղացիներն իրենք իրենց կերակրում են, սոված մարդ չկա, բայց եկամուտ չեն կարողանում ստանալ»։

Քնարիկի ընտանիքն առաջին վերադարձողներից է

Սլավա Թոխունցը բացառություն է: Նա տեղափոխվել է Գորիսի շրջանից
ու սերմնացանը բերել է հետը: Ամեն տարի ցորեն է ցանում իր 5,5 հեկտար վարելահողում:

«Ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, կողքից էլ ով որ սոված ա, կարողանում եմ օգնել»,-ասում է նա։ Վեց կովի կաթից պատրաստում է պանիր, որը փոխանակում է տարբեր ապրանքների հետ` հագուստ, շաքարավազ և այլն։ Վաճառելը դժվար է, քանի որ դրա համար պետք հասնել Հայաստանի քաղաքները, ինչի հնարավորություն և ժամանակ նա չունի։

Վերջին հինգ տարում մշակվող վարելահողերը Քաշաթաղում 5 հազար հեկտարից հասել են 12 հազարի: Ավելացել է նաև խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակը` 26 հազար:

Վերջին շրջանում վերաբնակիչների հոսքը նվազել է։ 1997-1998 թվականներին տարեկան վերաբնակվում էր մոտ 800 ընտանիք։ Անցյալ տարի վերաբնակվել է ընդամենը 80 նոր ընտանիք, և մոտ այդքանն էլ հեռացել շրջանից։

«Ոմանց համար տխրում եմ, որ գնում են, բայց բնական է, որ ինչ-որ մարդիկ հետ կգնան,- ասում է Ալեքսան Հակոբյանը: - Դա ցույց է տալիս, թե ինչքան ազատ է վերաբնակեցումը։ Եվ ոչ ոք այստեղ պարտադրանքով չի ապրում»։


According to Agnes
 

  Inside
 

The Peace Process: Who wants what? And when?

Full story

 
 

An Interview with the President of the Republic of Nagorno Karabakh

Full story

 

An Interview with the Minister of Foreign Affairs of Karabakh

Full story

 

The Politics of Population: Re-settlement program attracts the dislocated and the opportunists to free life on the land

Full story

 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Sweet

Ten years since its last performance, the opera "Anush" returned to Yerevan stage this week. The 90-year old opera, based on Hovhaness Tumanyan's poem, was staged by Gegham Grigoryan and starred Anahit Mkitaryan in the lead role.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.