ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 04, 2004




Երևանի ջրամատակարարման բարելավման բարձր ծախքերը

Մայիսի 4-ին Համաշխարհային բանկը հաստատեց Հայաստանին տրամադրվելիք երկրորդ վարկը` ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի ֆինանսավորման նպատակով: Նոր` «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիրը» նախատեսում է Երևանից դուրս գտնվող 300 համայնքների ջրամատակարարման բարելավում: 23 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը Հայաստանը պարտավորվում է վերադարձնել 40 տարուց:

Համաշխարհային բանկի տրամադրած առաջին վարկով ֆինանսավորվում էր Համայնքային զարգացման ծրագիրը, որով նախատեսվում էր բարելավել Երևանի ջրամատակարարումը` համակարգում ջրաչափերի տեղադրմամբ, հյուսիսային ջրաղբյուրները քաղաքին միացնող ջրատարի նորոգմամբ, մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովելով, ցանցում առկա հոսակորուստների հայտնաբերմամբ և վերացմամբ:

Ըստ ԾՂԳ տնօրեն Վարազդատ Ավոյանի, Երևանի ջրամատակարարման համակարգում մեծ փոփոխություններ են կատարվել: Առայսօր ջրաչափեր է տեղադրել սպառողների 80 %-ը, ինչը հանգեցրել է ջրի սպառման նվազեցման: Ընդհանուր առմամբ քաղաքի մեկ շնչին բաժին ընկնող սպառումը օրական 400 լիտրից իջել է օրական 150 լիտրի: Ի հավելումն, ըստ Ավոյանի, Դավիթաշենի բնակիչներն այժմ շուրջօրյա ջրամատակարարում ունեն:

Սակայն ոչ բոլորն են համաձայն ծրագրի արդյունավետությանը: ԱԺ-ի վարկերի, դրամաշնորհների արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովը լուրջ կասկածներ է հայտնում «Համայնքային զարգացման վարկային ծրագրի» մասին: Ըստ հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի, օպերատորի գործունեության հետևանքով ջրամատակարարման համակարգում վթարների քանակը 2003-ին աճել է 24%-ով:

Վ. Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ ջրաչափերի տեղադրման արդյունքում ջրի ճնշումը խողովակներում ավելացել է: Մաշված խողովակները, չդիմանալով բարձր ճնշմանը, վթարների պատճառ են դառնում: Միևնույն ժամանակ հանձնաժողովը գտնում է, որ ճնշման ավելացման շնորհիվ բազմաբնակարանային շենքերում ջուրը բարձրանում է մեկ-երկու հարկ ավելի, ինչը Ջրմուղ-կոյուղու կողմից ներկայացվում է իբրև բարեփոխումների արդյունք: Սակայն քաղաքի ջրամատակարարման ցանցի մաշվածությունը հանգեցնում է հոսակորուստների հսկայական ծավալի: Ջրի մեծ մասը բնակիչներին չի հասնում` ներծծվելով քաղաքի տակ և լրացուցիչ սեյսմիկ վտանգ ստեղծելով Երևանի համար:

«Ջինջ» խորհրդատվական ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը հայտարարում է, որ Երևանի ջրատար խողովակաշարի 60-70 %-ը ավելի քան 20 տարվա հնություն ունի: Այս գերմաշվածության հետևանքով քաղաք մտած ջրի 2/3-ը սպառողին չի հասնում: Այս փաստի դեմ չեն առարկում նաև քաղաքի ջրամատակարարման պատասխանատուները:

Վերջին չորս տարվա ընթացքում հոսակորուստների դեմ պայքարի ռազմավարական երկու ծրագիր է կազմվել: Սակայն դրանք, Աժ հանձնաժողովի համոզմամբ, անարդյունավետ էին: Հոսակորուստների հայտնաբերման և վերացման ուղղությամբ օպերատորի կողմից կատարված աշխատանքները դանիական աուդիտորական «Ռամբո» ընկերությունը գնահատել է 0: Իսկ Երևանի Ջրմուղ-կոյուղի ընկերության տնօրենի խորհրդական Հենզել Խաչատրյանը «հոսակորուստ» որակումն ընդհանրապես չի ընդունում: Նրա համոզմամբ, հոսակորուստների դեմ պայքարի միակ արդյունավետ ծրագիրը համակարգի թարմացումն ու ջրաչափերի տեղադրումն է: Փաստորեն, Երևանի Ջրմուղ-կոյուղի ընկերությունը ամենամյա ծրագիր չի սահմանել, փոխարենը` խնդիրները բարձրացվում են միայն վթարների դեպքում:

Համաձայն ՎԴՄՕ հանձնաժողովի ս/թ մարտի 30-31-ի հաշվետվության, ծախսերի շինարարական մասը կտրուկ կերպով նվազեցված է` հօգուտ վարչական ծախսերի: Այսպես, ըստ հանձնաժողովի նախագահ Վ. Հովհաննիսյանի, Երևանը հյուսիսային համեմատաբար էժան աղբյուրներից սնելու նպատակով կազմվել է Գառնիից եկող ջրատարի 175000 դոլարի նախագիծ: Նախագծի ստեղծումից անցել է չորս տարի և որևէ աշխատանք այս ուղղությամբ չի կատարվել:

Չնայած Երևանի ջրամատակարարման ծրագրի իրականացման շուրջ կասկածներին, Համաշխարհային բանկը Հայաստանին խոստացել է լրացուցիչ 20 մլն դոլար ծրագիրը երկարացնելու համար, բացի Երևանից դուրս ջրամատակարարման ծրագրի իրականացման համար տրամադրվելիք 23 մլն դոլարից: Այս վարկերից բացի, ՀԲ-ին անդամակցության ընթացքում Հայաստանին արդեն իսկ տրամադրվել է 788,15 մլն դոլարի վարկ` 33 ծրագիր իրականացնելու համար:

Ջրամատակարարման նոր նախաձեռնության կապակցությամբ ՀԲ-ի Ծրագրի մշակման խմբի ղեկավար Բրայեն Սթիվեն Սմիթը նշել է. «Սա Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրով իրականացված ձեռքբերումները երկրի այլ շրջաններում տարածելու ուղղությամբ առաջին կարևոր քայլն է»:

Մնում է հուսալ, որ Հայաստանը կկարողանա վերադարձնել վարկավորման պարտքը: Երևանի Ջրմուղ-կոյուղի ընկերության տնօրենի խորհրդական Հենզել Խաչատրյանը հույս ունի, որ 30-40 տարի հետո Երևանի Ջրմուղ-կոյուղին կկարողանա դառնալ ինքնածախսածածկող ընկերություն, թեև այսօր ընկերությանը հաջողվում է հավաքագրել վարձավճարների միայն 53,8 %-ը: Միևնույն ժամանակ Հենզել Խաչատրյանի հաշվարկներով մեր երկրի ջրամատակարարման համակարգը հնարավոր է վերականգնել նաև առանց ՀԲ-ի օգնության, բայց այս դեպքում ջրի սակագինը պիտի կազմի 300 դրամ՝ ներկայիս 90,02 դրամի փոխարեն, իսկ վարձավճարների հավաքագրումը պետք է 90 %-ից պակաս չլինի: Բայց քանի որ սա առայժմ անիրագործելի է, ապա մեր կառավարությունը որոշեց հերթական պարտքն ավանդել ապագա սերունդներին:


According to Agnes
 

  Inside
 

Going Nowhere: Armenian refugees flee to Azerbaijan in odd plea for asylum

Full story

 
 

Village of Discontent : Residents of Dimitrov charge they are being mistreated

Full story

 
 

A Byte with...

Shushan Petrosyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"The Girls"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.