«Դավիթաշենը Երևանի երազանքն է ու ապագան»,- այսպես է կարծում Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացման ծրագրի» (ՀԶԾ) ղեկավար Վարազդատ Ավոյանը: Նրա գնահատմամբ՝ Դավիթաշեն թաղամասի ջրամատակարարման համակարգը օրինակելի է ամբողջ Երևան քաղաքի համար:
Ինչպես Երևանի մեծ մասը, այնպես էլ Դավիթաշենը ևս կորցնում էր թաղամաս մտնող ջրի 60 տոկոսը, և բնակիչները ջուր էին ստանում օրական միայն ութ ժամ: Բնակիչները ստիպված էին ջուր բերել մոտակա ցայտաղբյուրներից կամ թակել ներքևի հարկերում բնակվող հարևանների դռները` ջուր խնդրելու համար:
Հետագայում թաղամասի ջրամատակարարման ցանցի բարելավման համար 1,5 մլն ԱՄՆ դոլարով տեղադրվել են ջրաչափեր` նախատեսված շուրջ 2,5 մլն-ի փոխարեն: Ըստ Ավոյանի, հոսակորուստները նվազել են` հասնելով 10-15 տոկոսի, և Դավիթաշենի 30 հազար բնակիչներն ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Այժմ, երբ ջրամատակարարումն անջատվում է, ապա բնակիչներն անմիջապես տեղեկացվում են դրա մասին և խուճապի չեն մատնվում:
Դավիթաշենը 35.5 մլն արժողությամբ «Համայնքային զարգացման ծրագրի» փոքր, բայց կարևոր մասն է կազմում: Ծրագրի իրականացման ղեկավարումը, ստորագրված պայմանագրի համաձայն, անցել է իտալական «Էյ-Յութիլիթի» ընկերությանը, և քաղաքի տարածքի 80 տոկոսում արդեն տեղադրվել են ջրաչափեր: Համաշխարհային բանկից հատկացված երկրորդ վարկից, ծրագրի երկարացման համար, նախատեսվել է 20 մլն ԱՄՆ դոլար:
Սակայն ոչ բոլորն են Դավիթաշենը տեսնում որպես կատարյալ օրինակ: Ըստ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀԶԾ վարկային ծրագրի իրականացման գործընթացն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի` Դավիթաշենի չորս թաղամասում անցկացվել է մոնիտորինգ, ուսումնասիրվել շենքերը ու պարզվել է, որ դրանք ապահովված չեն 24-ժամյա ջրամատակարարմամբ:
Այնուամենայնիվ, տեղի բնակիչների խոսքերով՝ ջրամատակարարումը լավացել է, սակագինն էլ հարմար է:
Սոֆյա անունով մի բնակչուհի պատմում է. «Նախկինում ջուր գալիս էր միայն օրվա 1/3 մասը, հիմա ջուր ունենք օրվա մեծ մասը: Որակն էլ լավ է, գինն էլ մատչելի է մեր գրպանին. մեկ շնչի համար նախկինում 400 դրամ էինք մուծում, այժմ ամբողջ ընտանիքի համար ենք այդքան վճարում: Միայն վախենում ենք, որ սակագները նորից բարձրացնեն»:
Մեկ այլ բնակչի հավաստմամբ՝ այժմ ջուրը հասնում է վերևի հարկերին, հակառակ դեպքում այդ հարկերի բնակիչները կթակեին իրենց դռները և ջուր կխնդրեին:
Բայց և այնպես, ոմանց համար երազանքը դեռ կատարյալ չէ: Մի կին, որը նախընտրեց չներկայանալ, պատմեց. «Մի քանի օր առաջ բացեցի ջրի ծորակը, և այնտեղից ջրի հետ տզրուկ ընկավ: Ես գերադասում եմ 24 ժամ ջուր չունենալ, ավելի լավ է որակյալ ջուր լինի»:
Մեկ այլ բնակչուհի էլ բողոքեց, որ մի քանի օր առաջ ծորակի ջուրը կաթնագույն էր:
Ջրի սակագների բարձրացման մտավախությունների և ջրի որակի նկատմամբ կասկածների պայմաններում միայն ապագայում կարող ենք իմանալ, թե ինչպես կլուծվի Դավիթաշենի ճակատագիրը:
|