ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
June 04, 2004




Մեծամորցիներն ապրում են ռիսկի գոտում

Հայկական ատոմային Էլեկտրակայանի կառուցմանը զուգընթաց, անցյալ դարի 70-80-ական թթ., նրանից երեք-չորս կիլոմետր հեռավորության վրա հիմնադրվեց Մեծամոր քաղաքը, որտեղ բնակություն հաստատեցին Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից եկած մարդիկ: Նրանք կազմեցին ընտանիքներ, ունեցան երեխաներ՝ միաժամանակ աշխատելով ատոմակայանում:

Սանոսյան Արտավազդ 90 տարեկան (կենտրոնում.

Սակայն 1989 թ. ԱԷԿ-ի կագնեցման հետևանքով մեծամորցիները զրկվեցին իրենց աշխատանքից և միայն շուրջ 6,5 տարվա ընդմիջումից հետո` 1995 թ. նոյեմբերին, շատերն ուրախացան, որ վերջապես կաշխատեն, ու իրենց քաղաքում կյանքը կլավանա….

Այսօր այնտեղ աշխատում է Մեծամորի բնակչության ընդամենը 20 տոկոսը:

Քաղաքում շատերը գոհ են, որ իրենց միակ հույս համարվող ատոմակայանը գործում է, իսկ մյուսներն էլ դժգոհ են այդ հանգամանքից: «Թունավորում է մեզ: Եվ եթե մի դոզաչափ բերենք, դնենք մեր քաղաքում, կտեսնենք, որ մենք թույնի մեջ ենք նստած, բայց ով է ձայն հանում, ստիպված ենք»,- այսպես ասաց մեծամորցի 70-անց Ռաֆիկ Մխիթարյանը:

«Մենք` հայերս, տարածաշրջանի համեմատաբար խելոք ազգերից ենք»,- այսպես սկսեց իր զրույցը 90-անց Արտավազդ Սանոսյանը, որն, ի դեպ, Մեծամորում ապրում է 80-ականների սկզբից: Նրա երկու որդիները, ինչպես նաև աղջիկը և երկու թոռներն աշխատում են ԱԷԿ-ում:

Արտո պապի պատմածով` իր հարազատները, որոնք աշխատում են ԱԷԿ-ում խելացի են ու կրթված. «Եվ եթե նրանք ինձ ասում են, որ ատոմակայանը ապահով է և անվտանգ, ես նրանց վստահում եմ: Եթե ատոմակայանը փակվի, այս քաղաքն այլևս գոյություն չի ունենա: Սա միակ աշխատատեղն է, որը մեզ հաց է տալիս»:

Կարապետ Մանուկյանը (74 տարեկան) ԱԷԿ-ում աշխատել է շուրջ երկու տասնամյակ և երբևիցե իր առողջական վիճակի փոփոխություն չի զգացել: Նա ոչ մի անգամ չի գնացել հետազոտվելու, իմանալու համար, թե արդյոք ԱԷԿ-ի աշխատանքը ազդե՞լ է իր առողջության վրա:

«ԱԷԿ-ն շատ լավ է աշխատում, պաշտպանված է, և չենք էլ զգացել, որ ինչ- որ վնաս կտա մեր առողջությանը»,- ասաց Կ. Մանուկյանը:

Ռաֆիկ Մխիթարյանը 70 թվականի փետրվարի 4-ից աշխատել է ԱԷԿ-ի երկու ռեակտորների հորաններ փորող խմբի բրիգադավար:

Ակնոցավոր` Մխիթարյան Ռաֆիկ 76 տարեկան Մեծամորի բնակիչ

«Երբ շահագործման էին հանձնում, ԽՍՀՄ Էլեկտրացանցերի նախարար Գրիգորյանցն ասաց, որ ժամկետը 28 տարի է, և երբ լրանա աշխատանքային ժամկետը, մեկ օր անգամ իրավունք չկա աշխատեցնելու»,- ասաց Ռ. Մխիթարյանը: Նրա պնդմամբ՝ այժմ գիտնականները տարին մեկ անգամ ԱԷԿ-ում ստուգումներ են կատարում և ավելացնում են ժամկետը մեկ-երկու-երեք տարով, ինչը ճիշտ չէ:

«Շատ ենք վախենում, բայց մարդիկ կան, որ հարստանալու համար ՀԱԷԿ-ի կյանքը երկարացնում են: Կառույցը ներկա դրությամբ քայքայված վիճակում է: Իրենք էլ են վախենում աշխատեցնելուց, բայց և այնպես իրենց գրպանները լցնելու համար աշխատեցնում են: Իմ կարճ խելքով ես գտնում եմ, եթե ժամկետը լրացել է, ապա պետք է կանգնեցնել, որպեսզի հետագայում մեր ազգի գլխին փորձանք չգա»,- ասաց զրուցակիցս:

Երկու երեխաների մայր Գոհար Բեսպրոզվանիխն էլ էր վախենում իր և իր զավակների համար և չէր կարծում, որ ատոմակայանը ապահով է:

«Երկրաշարժեր են լինում, իսկ դա արդեն վտանգավոր է: Մյուս կողմից` մենք ուրիշ աշխատանք կամ էլեկտրաէներգիայի այլ աղբյուր չունենք, այնպես որ, փակել նույնպես հնարավոր չէ»,- ասաց տիկին Գոհարը:

Զրուցակիցները մեզ նաև հայտնեցին, որ իրենց մոտ շատ են հիվանդությունները, ինչպես նաև ծնված երեխաների մեջ հաճախակի են հանդիպում արատավորներ:

«Բայց ով է ջրի երես հանում»,- ասացին նրանք:

Նրանք չմոռացան և շեշտեցին, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Մեծամորում, պետք է էլեկտրաէներգիայի վարձ չվճարեն. «Ինչը և կփոխհատուցի այստեղ ապրելու ռիսկը»,- ասաց Ռ. Մխիթարյանը:


According to Agnes
 

  Inside
 

Going Nowhere: Armenian refugees flee to Azerbaijan in odd plea for asylum

Full story

 
 

Village of Discontent : Residents of Dimitrov charge they are being mistreated

Full story

 
 

A Byte with...

Shushan Petrosyan

Full story


 


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

"The Girls"

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.