Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 100 մլն եվրո Մեծամորի ԱԷԿ-ը շահագործումից հանելու և էներգիայի այլընտրանքային աղբյուրների ստեղծման համար: Բայց այդ դրամաշնորհը սառեցվել է և չի տրամադրվի այնքան ժամանակ, մինչև ՀՀ կառավարությունը չհայտարարի ԱԷԿ-ը փակելու ստույգ ժամկետը:
 |
Մեծամորի ԱԷԿ-ը հարավ-արևելքից. |
Եվրոպացիների կտրուկ պահանջը նույնքան վճռական դիմադրության է հանդիպել. հայ մասնագետներն ու պետական կառույցների ներկայացուցիչները տրամագծորեն հակառակ տեսակետներ են արտահայտում: ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ մոտ 800 մլն եվրո է անհրաժեշտ Մեծամորի ԱԷԿ-ի փակման ու դրան հաջորդող անհրաժեշտ միջոցառումների իրականացման, այլընտրանքային էներգահամակարգի զարգացման համար:
ՀԱԷԿ-ի առաջին բլոկը շահագործման է հանձնվել 1976 թ. դեկտեմբերի 22-ին, երկրորդը` 1980 թ. հունվարի 5-ին: Այն կառուցվել է առաջին սերնդի ատոմակայանների նախագծով: 1988 թ. սկիզբ առած էկոլոգիական շարժման ճնշման տակ հաջորդ տարվա ձմռանը կանգնեցվեցին Մեծամորի ԱԷԿ-ի երկու էներգաբլոկները: Վճռորոշ հանգամանք հանդիսացավ 1988-ի Սպիտակի հզոր երկրաշարժը, որին զոհ գնացին տասնյակ հազարավոր մարդիկ: 1988-1992 թթ. հանրապետությունը բառացիորեն ընկղմվեց խավարի մեջ, և կառավարության որոշմամբ 1995 թ. ատոմակայանը վերագործարկվեց: Ատոմակայանի շահագործման նախագծային ժամկետը 30 տարի է: Ուրեմն, ինչո՞ւ է շտապում Եվրոպան, ինչո՞վ է հիմնավորված նրա անհանգստությունը:
«Մենք կարծում ենք, որ ատոմակայանը չպետք է լինի սեյսմիկ տարածքում, քանի որ այն վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Տեխնիկական պատճառներ էլ կան, քանի որ ատոմակայանը հին սերնդի կառույց է և չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին»,- ասում է Եվրամիության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ալեքսիս Լոեբերը: Եվրոպացի փորձագետների գնահատմամբ` հայկական ԱԷԿ-ը նմանատիպ վտանգավոր կառույցներից մեկն է աշխարհում:
Մեծամորի ԱԷԿ-ի շրջակայքով անցնում են Արաքսի և Մերձերևանյան խզվածքները: Սպիտակի երկրաշարժից հետո դրանք որևէ փոփոխության չեն ենթարկվել: Սակայն երկրաշարժերի` նույն տարածքում կրկնելիության հավանականությունը սեյսմոլոգիային հայտնի ճշմարտություն է: ԱԷԿ-ից ոչ այնքան էլ հեռու գտնվող Գառնի բնակավայրն ու տաճարը պատմության մեջ հայտնի են հզոր երկրաշարժով, որից հիմնահատակ ավերվել են: «Սեյսմիկ այն ռիսկերը, որ այսօր գնահատվում են Հայաստանում, այնքան էլ վտանգավոր չեն: Բայց երկրաբանական գործընթացները բարդ իրողություններ են, կարող է լինել ուժեղ երկրաշարժ, որ 20-30 տարին մեկ է լինում, հնարավոր չէ ոչինչ երաշխավորել»,- խոստովանում է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:
ՀՀ էերգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանի խոսքերով՝ Մեծամորի ԱԷԿ-ի ռեակտորը իր սերնդակից ռուսաստանյան, բուլղարական, սլովակյան ռեակտորների արդիականացված, սեյսմակայուն տարբերակն է: Վերագործակումից առաջ ուժեղացվել են անվտանգության համակարգերը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները:
 |
Ալվարո Անտոնյան Սեյսմիկ ազգային ծառայության պետ . |
Հայաստանի ամերիկյան համալսարանի փորձագետ Չարլզ Դանլափի խոսքերով, Մեծամորի ԱԷԿ-ի փակման երկրորդ պատճառն այն է, որ ռեակտորը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, չնայած առ այսօր եվրոպական ու ամերիկյան դոնոր կազմակերպությունները այդ նպատակով մոտ 50 մլն դոլար են հատկացրել: ՀԱԷԿ-ի ռեակտորը չունի բետոնե պաշտպանիչ շերտ, որը հնարավոր վթարների դեպքում կխոչընդոտի արտանետումների հոսքը մթնոլորտ: Իսկ բետոնե պաշտպանիչ շերտ կառուցել այսօր, ԱԷԿ-ի ռադիոակտիվ անվտանգության բաժնի գրասենյակի պետի տեղակալ Կոնստանտին Փյուսքուլյանի հավաստմամբ, անհնար է և՛ ֆինանսապես, և՛ տեխնիկապես:
Կա նաև երրորդ, ոչ պակաս մտահոգիչ հանգամանք. ատոմային վառելիքը Ռուսաստանից Հայաստան է ներկրվում օդային ճանապարհով: Տնտեսական շրջափակման պայմաններում սա փոխադրման միակ հնարավոր եղանակն է: «Դա նույնն է, ինչ օդում թռցնես պոտենցիալ ատոմային ռումբ: Աշխարհում ոչ մի տեղ այդպես չի արվում: Վառելիքը փոխադրվում է կամ ծովով, կամ երկաթուղիով»,- ասում է Եվրամիության երևանյան գրասենյակի ղեկավար Ալեքսիս Լոեբերը: «Եթե նույնիսկ ինքնաթիռը վթարի ենթարկվի, ապա վնասն ավելի քիչ կլինի, քան աղքատացած ուրանով ռումբ օգտագործելու դեպքում մթնոլորտի աղտոտումը»,- հավատացնում է Էկոլոգիական նոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:
Մեծամորի ԱԷԿ-ը ներկայումս արտադրում է Հայաստանում սպառվող էներգիայի մեկ երրորդը:
«ԱԷԿ-ի փակումը հանրապետության համար կնշանակի ուղղակի վերադարձ 1988-1992 թթ. խավարին»,- ասում է Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը` միաժամանակ ավելացնելով, որ եթե ԱԷԿ-ը փակվի, Հայաստանը մնալու է միակ գազամուղի հույսին, որի տեխնիկական վիճակը այնքան էլ փայլուն չէ: Հայաստանում ջերմաէլեկտրակայանների զարգացման խթան կարող է դառնալ Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը: Բայց սա ևս, ըստ ՀՀ պաշտոնյայի, լիարժեք այընտրանք չէ ատոմակայանին. «Մենք երբեք չենք ասում ոչ, ասում ենք` այո, մենք կփակենք Մեծամորի ԱԷԿ-ը, բայց պետք է ունենանք այլընտրանքային աղբյուրներ և հզորություններ»: Նրա խոսքերով, «եթե ամեն ինչ իր հունով ընթանա, Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի 2016 թ.»:
Իսկ եթե Մեծամորի ԱԷԿ-ի փակման հարցում, ի վերջո, կայանա Եվրամիություն-Հայաստան երկխոսությունը, ապա դրա փակումը կլինի ոչ վաղ, քան որոշման ընդունումից հինգ տարի անց: Մոտ այդքան ժամանակ է անհրաժեշտ Մեծամորի ԱԷԿ-ին մասնակիորեն այլընտրանքային հզորություներ ստեղծելու համար:
|