ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 16, 2004 




Հիշելով հրաշագործին. Փարաջանովի երկրպագուները նշում են նրա 80-ամյակը



ՙՓարաջանովին կապկպել էին երկաթյա կապանքներով...՚

«Ամեն ինչ գեղեցիկ է, եթե նայում ես գեղեցիկի միջովե:

Հենց այդպես էին կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ձեռքերում արվեստի գլուխգործոցներ դառնում աղբանոցը նետված իրերը: Ամեն ինչի մեջ գեղեցիկը տեսնելու նրա կարողությամբ կոտրված սպասքը դառնում էր ապակե ծաղկեփունջ, իսկ մանկական տարիների խունացած ու մաշված ճամպրուկը` փիղ:

Այս տարի Սերգեյ Փարաջանովը կդառնար 80 տարեկան: Միջազգային ճանաչման արժանացած արվեստագետը վախճանվեց 1990 թվականին 66 տարեկանում՝ տարիներ շարունակ ենթարկվելով խորհրդային իշխանությունների հալածանքներին:

Հունվարի 9-ին նրա շիրիմը խնկարկվում էր նռան ու գինու գույներով: Ազգականներն ու ընկերները ծաղիկների ու նռան զամբյուղներով էին պատել նրա շիրմաքարը: Իսկ հետո հավաքվել էին Զանգվի ձորին նայող նրա տուն-թանգարանում հարիսա եփելու և նրա հիշատակը նշելու:

Կինոռեժիսորի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ հատուկ միջոցառումներ են նախատեսվում այն երկրներում, որոնք կրել են նրա արվեստի ազդեցությունը՝ Հայաստանում, Մոսկվայում, Կիևում և Թբիլիսիում: Իսկ Կալիֆոռնիայում Հոլիվուդի «Էնթերթեյնմենթ մյուզիումե թանգարանում արդեն բացվել է և մինչև փետրվար կընթանա նրան նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված են ցուցանմուշներ Երևանի Փարաջանովի թանգարանից, այդ թվում՝ նրա վերջին ֆիլմերը, եզակի կոլաժները, էսքիզներ ֆիլմերից, տեսաֆիլմեր նրա աշխատանքների մասին, ինչպես նաև Յուրի Մեչիտովի կատարած լուսանկարները:
Փոխտնօրեն Բարխուդարյանն ասում է, որ Փարաջանովը անհամբերությամբ էր սպասում ՙնորմալ՚ տուն տեղափոխվելուն

Գեղեցկությունը որպես գերագույն արժեք և ճշմարտությունը որպես ստեղծագործական սկզբունք` փարաջանովյան արվեստի այս երկու
կարևորագույն բաղադրիչներից ծնվեց այն առասպելը, որ աշխարհին հայտնի է Փարաջանովյան կինո անունով:

«Նրա ստեղծածը ոչ թե անցյալից է գալիս, այլ դեռ ապագայում է, այն դեռ գնահատված չէ, դեռ լիովին ընկալված չէե, ասում է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը, որն աշխատել է Փարաջանովի հետ:

Բնական է, որ խորհրդային գաղափարախոսության և բարոյականության նեղ կաղապարներում չտեղավորվող Փարաջանովի ֆիլմերը առաջ բերեցին ոչ միայն հանդիսատեսի մեծ ոգևորությունը, այլև կուսակցական վերնախավի անզուսպ զայրույթը, որի հետևանքով արվեստագետի 40-ից ավելի ֆիլմերի մտահղացումներն ու սցենարները ոչնչացվեցին դեռ սաղմնային վիճակում:

«Փարաջանովին կապկպել էին երկաթյա կապանքներով ու նրա տիեզերական տաղանդը, որն ի վիճակի էր ստեղծելու արվեստի գործերի մի ամբողջ համաստեղություն, արարեց միայն 4-ը: Սակայն այդ 4-ն էլ բավական էին, որ նրա մասին խոսի ամբողջ աշխարհըե, ասում է արվեստաբան Իդա Ֆլջյանը:

Տաղանդավոր լինելու համար նա թանկ գին վճարեց. դեռ երիտասարդ կինոռեժիսորին 15 տարի հարկադիր պարապուրդի ենթարկեցին, որի ընթացքում նա ֆիլմ նկարելու իրավունք չուներ:

Բայց նույնիսկ այդ տարիներին Սերգեյ Փարաջանովը կարողացավ ստեղծել հիասքանչ կոլաժներ փայտից, մետաղից, գունավոր ապակուց, լուսանկարներից և այլ իրերից: Այդ կոլաժներում արծարծվում էին մահվան, հուսահատության, կրոնի, բարեկամության և քաղաքականության թեմաները:
ՙԻ±նչ է իմ կենսագրությունը...՚

Փարաջանովը համարձակորեն միաձուլում էր առասպելը, պատմությունը, բանահյուսությունն ու էսթետիզմը՝ մոնտաժելով ԽՍՀՄ պատմության բավականին հակասական մի ժամանակաշրջանի սյուրռեալիստական պատկերներ: Փարաջանովի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Մոռացված նախնիների ստվերներըե (1964), որն ուկրաինական բանահյուսությունից վերցված ողբերգական սիրո մի պատմություն է, 28 միջազգային մրցանակ բերեց նրան և հանգեցրեց նրա բանտարկությանը ուկրաինական ազգայնականություն հրահրելու պատրվակով: Մյուս հանրահայտ ֆիլմն է «Նռան գույնըե (1968), որը նվիված է հայ բանաստեղծ և երգահան Սայաթ-Նովային: Այս ֆիլմը նույնպես առաջ բերեց խորհրդային իշխանությունների խիստ զայրույթը: 1974 թվականին Փարաջանովին դատապարտեցին հինգ տարվա «աշխատանքային ճամբարիե՝ հիմնվելով սրբապատկերների անօրինական առևտրի, ինքնասպանության և համասեռամոլության դրդելու սարքովի մեղադրանքների վրա:

Աշխարհով մեկ ծավալված արշավը, որը գլխավորում էին ֆրանսիացի գրող Լուի Արագոնը, իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին և ամերիկացի արձակագիր Ջոն Ափդայքը, կարողացավ համոզել խորհրդային իշխանություններին ազատ արձակել նրան՝ չորս տարի ճամբարում անցկացնելուց հետո: 1982 թվականին նորից սարքովի մեղադրանքով Փարաջանովը ձերբակալվեց և ևս 11 ամիս անցկացրեց բանտում մինչև վերջնականապես արդարացվելը:

Կյանքի վերջին 10 տարիների ընթացքում նա կարողացավ իրականացնել իր մտահղացումներից միայն 2-ը՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասինե (1984) և «Աշուղ Ղարիբե (1988) ֆիլմերը: Փարաջանովի ֆիլմերը տարբեր կինոփառատոների 3 տասնյակից ավելի մրցանակներ են բերել նրան, նրա անունը հաղթահարեց Երկաթե վարագույրը, սակայն միայն 1988-ին նա կարողացավ անձամբ ներկա լինել իր մեծարմանը Ռոտերդամի կինոփառատոնում:

«Իմ անունը, կենսագրությունը... ես իմ կյանքի պատմությունը լավ չեմ հիշում: Ո՞րն է իմ կենսագրությունը: Ցավը: Դա է իմ կյանքի անվերջ ձևըե, մի առիթով ասել է Փարաջանովը:

1990 թվականին Փարաջանովը եկավ Հայաստան, որտեղից պետք է մեկներ Ֆրանսիա: Նա արդեն հիվանդ էր քաղցկեղով: Ֆրանսիայի մշակույթի և առողջապահության նախարարությունները հատուկ ինքնաթիռ էին ուղարկել, որպեսզի Փարաջանովը մեկներ Ֆրանսիա բուժվելու:

«Մեկնելուց առաջ նա եկավ ու տեսավ դեռ կիսակառույց իր տունն ու թանգարանը: Շատ ոգևորված էր, ասում էր՝ «լավանամ ու գամ, վերջապես նորմալ տանը կապրեմե, պատմում է Փարաջանովի տուն-թանգարանի փոխտնօրեն Վիգեն Բարխուդարյանը:

Սակայն նա չվերադարձավ, և թանգարանը, որտեղ նա եղավ ընդամենը 20 րոպե, բացվեց միայն նրա մահից հետո՝ 1991 թվականի հուլիսի 27-ին: Նրա ողջ կյանքը՝ տառապանքներով ու հույսերով, դեն նետված տիկնիկներով ու խունացած լուսանկարներով վերածնված մի աշխարհ է, որի մասին Ֆելինին ու Մաստրոյանին գրել են.

«Փարաջանովի մահով կինոն կորցրեց իր հրաշագործներից մեկին: Փարաջանովի երևակայությունը ընդմիշտ կհիացնի և ուրախություն կբերի աշխարհի ժողովուրդներինե:


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Plowed Under

Heavy snow has made it a week of digging out, including scrapping the white stuff from the new walkways on Republic Square.

 

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.