ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 9 , 2004 




Ընտիր ձեռքերը և արևահեղուկը. այցելություն Քաշաթաղի «աս օդաչու» բժշկին



Բժիշկն ասում է, որ զոհաբերել է վիրաբուժությունը ՙայս տարածքին՚

Լինու՞մ է արդյոք այնպես, որ «Սու» կործանիչ ինքնաթիռի օդաչուն սկսի «կուկուռուզնիկ» վարել:

Վիրաբույժ Արցախ Բունիաթյանը թթի օղին լցնում է բաժակները և իրեն համեմատում կործանիչի «ասե օդաչուի հետ: Բժիշկն Աբովյան քաղաքի ժամանակակից հիվանդանոցից ինքն իրեն աքսորել է Քաշաթաղ` «կուկուռուզնիկե, որտեղ վիրահատությունների համար լիարժեք պայմաններ չկան:

«Իմ վիրաբուժությունը ես զոհեցի այս տարածքինե, ասում է նա ու թթի օղու առաջին բաժակը խմում։

Թթի օղին քաշում են Հայաստանի հարավային շրջանների և Ղարաբաղի գյուղացիները, և այն նրանց ամենասիրած խմիչքն է։ Օղի քաշում են նաև Քաշաթաղում՝ Ղարաբաղի նորաստեղծ վեցերորդ շրջանում, որը դեռևս շատերին հայտնի է որպես Լաչին:

(Ազատագրումից առաջ Լաչինը Ղարաբաղը Հայաստանից բաժանող ադրբեջանական տարածք էր, որը հայկական ուժերը հետ վերցրին 1992 թվին, իսկ 1993 թվից սկսեցին վերաբնակեցնել այն: 70 տարվա բաժանումից հետո այժմ այն իրար հետ միացնում է Ղարաբաղը և Հայաստանը)։

Օղու անունը արևահեղուկ է կնքել ինքը՝ Քաշաթաղի բուժմիավորման պետ և Բերձորի (շրջկենտրոն) հիվանդանոցի տնօրեն Արցախ Բունիաթյանը։

«Արևահեղուկը աստվածային խմիչք է, դու երբ այն խմում ես՝ ոչնչացնում ես, հետևաբար խմելիս պիտի մեդիտացիա անես, - ասում է բժիշկը ու հետո, ձեռքի բաժակի հեղուկին աչքերը երանությամբ կենտրոնացրած, դիմում է նրան. - դու իմ մեջ կվերածվես բալասանի, դու ինձ կբժշկես, կազատես վատ մտքերից ու ավելի բարի կդարձնես։ Հետո՝ երբ խմում ես, պիտի դեմքդ չճմռթես, որ նրան չվիրավորեսե:

Ապա բժիշկը գլխին է քաշում օղին, մաքրում ֆիդայու իր երկար բեղերը ու ժպտում։ Սեղանակիցները մեքենայաբար նույնն են անում նրա հետևից։ Թունդ խմիչքը, որ մոտ 70 աստիճանի է, թեև պարտադրում է դեմքը այլայլել, բայց նրանք դիմանում են ու դեմքի հանգիստ արտահայտությամբ խնձոր դնում բերանը։

Բերձորի հիվանդանոցի իր նեղլիկ գրասենյակում ամեն հյուրի հետ երեք մեդիտացիա է անում բժիշկը։ Օղին թերևս այն հազվագյուտ նվերներից է, որ նա ընդունում է գյուղացիներից։

Բերձորում երկու Հայաստանների միակ հիվանդանոցն է, որտեղ բուժումը իրականում անվճար է։ Հիվանդը հիվանդանոց մտնելու պահից ոչ մի կոպեկ չի ծախսում (Հայաստանի այլ հիվանդանոցներում հիվանդի հարազատները պիտի բերեն սպիտակեղենից սկսած դեղորայքով ու սնունդով վերջացրած բոլոր անհրաժեշտ պարագաները, իսկ բժշկին ու բուժքույրերին առձեռն վճարեն բուժման համար)։

«Եթե մի բժիշկ փող վերցնի, կպատժվի, - ասում է Բունիաթյանը: - Սակայն մենք ամեն հիվանդություն չենք կարող բուժել ու երբ հիվանդին ուղարկում ենք Երևան կամ Գորիս, ընկնում է մի ուրիշ աշխարհ, գիշատիչների ձեռքը, որտեղ պահանջում են գումար, դեղ։ Այնտեղ քաշաթաղցուն երրորդ կարգի մարդու տեղ են դնում, որը չի կարողանում վճարել բուժման ծախսերըե։

Արցախ Բունիաթյանը 69 տարեկան է։ Ղարաբաղյան ամբողջ պատերազմի ընթացքում 92-95 թվերին եղել է դաշտային հոսպիտալի բժիշկ։ Իր պատերազմական տարիների մասին երեք գիրք է հրատարակել։ Ընդամենը հինգ գրքերի հեղինակ է, որոնցից մեկը բանաստեղծությունների ժողովածու է։
Հիվանդներն ասում են, որ նա ՙընտիր ձեռքեր ունի, իսկ սրտի մասին էլ խոսք չկա՚

Պատերազմից հետո կրկին վերադարձել է իր նախկին աշխատանքին Աբովյանի հիվանդանոցում:

«Երեք տարի ընտանիքս չէի տեսել, երեք դուստր էի թողել տանը։ Պատերազմական մսաղացից հետո ինձ դժվար էր համակերպվել քաղաքացիական բժշկությանըե։ Մինչև հարմարվում է, նրան հրավիրում են Քաշաթաղ` հիվանդանոցի բացմանը: «Ինձ հրավիրել էին այստեղ երկու օրով, բայց խաբեցին. բացմանը Ղարաբաղի նախարարը ձեռքս հանձնեց իմ աշխատանքի նշանակվելու հրամանը։ Մտածեցի՝ պատերազմին էդքան ծանր տեղեր եմ եղել, հիմա էլ աստծու կամքն է, ուրեմն մարդկանց պետք եմե։

Պաշտոնյաները շնորհավորում ու գնում են՝ Բունիաթյանին թողնելով հիվանդանոցի պատերի հետ մենակ:

«Ամիսներ շարունակ ես այստեղ ավելի ծանր օրեր ապրեցի, քան պատերազմի ժամանակ. տեղ չկար հիվանդներին օգնություն ցույց տալու համար, մարդիկ ականների վրա պայթում էին և սարսափելի էր, որ չէի կարողանում օգնելե։

Այժմ որոշ հնարավորություններ ստեղծվել են: Երկհարկանի փոքրիկ շենքի հիվանդասենյակներում իրար կողքի պառկած են տարբեր խնդիրներ ունեցող հիվանդներ, նաև՝ հղի կանայք, որոնք հեռավոր գյուղերից եկել են այստեղ ծննդաբերելու։

70-ամյա Էմման հիվանդ է քաղցկեղով և հիվանդանոցում է արդեն երկու ամիս. նրան այլևս անհնար է բուժել, սպասում են մահվան։

Կողքին Ռոզան է, որ երիկամների հիվանդություն ունի։ Սպասում է, որ ամուսինը հորթը վաճառի և այդ փողով իրեն տանի Երևան բուժման։

Նույն հիվանդասենյակում թոքաբորբով հիվանդ երեք երեխաներ են, որոնց մայրը բերել է հեռավոր լեռնային գյուղից։

Բժշկի հայտնվելուն պես հիվանդ ու հարազատ սկսում են օրհնել նրան. «Ընտիր ձեռքեր ունի, իսկ սրտի մասին էլ խոսք չկաե։

Վիրահատարանը փողոցին նայող մի սենյակ է, որտեղ, ի տարբերություն մյուս սենյակների, առաստաղից մեկի փոխարեն երկու լամպ է կախված:

«Փողոցի փոշին ներս է լցվում, բայց ի՞նչ արած, ճար չունենք։ Բարեբախտաբար բորբոքումներ չեն լինումե, ասում է Բունիաթյանը:

Անշուք սենյակին տեսք է տալիս անեսթեզիայի ժամանակակից սարքավորումը, որը հիվանդանոցին է նվիրել ամերիկյան «Ագապիե բարեգործական կազմակերպությունը։ Սակայն այն երբեք չի աշխատել, քանի որ մասնագետ բժիշկ չկա։ Այստեղ կույր աղիքի վիրահատությունից բարդ վիրահատություններ հնարավոր չէ անել։

Գինեկոլոգիան Բունիաթյանի մասնագիտությունը չէ, սակայն նա ստիպված ծնունդներ է ընդունում ու բուժում որոշ կանացի հիվանդություններ, քանի որ մասնագետ չկա։ Ծննդատունը երեք սենյականոց պալատ է։ Սենյակները միացնող միջանցքում մի կին իր նորածնի հետ տեղավորված է մեկ մահճակալի վրա. տեղ չկա երեխային այլ մահճակալում տեղավորելու համար։

Ութերորդ տարին է, որ այս շենքում մեծ, փոքր, կին ու տղամարդ, ինչպես Բունիաթյանն է ասում, գնչուական թափառախմբի պես իրար կողքի անտրտունջ բուժում են ստանում։

Մի բազմատիպ թափառախմբի տեսք ունի նաև ամբողջ շրջանը: «Այս տարածքը դեռ ձեռագիր չունի, - ասում է Բունիաթյանը, - ամեն մեկն իր ավանդույթն է բերել, և միասնական հոգեբանություն դեռ չի ձևավորվել։ Ամենածանր վիճակում գտնվող մարդիկ են եկել այստեղ, ամեն մեկը մի բանից տուժած է կամ տունը կորցրել է՝ մնացել դրսում։ Էստեղ տանիք է գտելե։

Հիվանդանոցում աշխատում է 8 բժիշկ, որոնք բժշկական օգնություն են ցույց տալիս շրջանի բնակչության կեսին (ևս մի հիվանդանոց կա հարավում` Կովսական քաղաքում)։ Ստանում են 45 հազար դրամ աշխատավարձ (մոտ 80 դոլար)։ Բունիաթյանը երազում է, որ երիտասարդ բժիշկներ գան, որպեսզի իր փորձը փոխանցի նրանց։ Շրջանի համար բժիշկ գտնելը գրեթե անհնար է, քանի որ ոչ ոք չի ուզում գալ այստեղ միայն աշխատավարձով աշխատել և հիվանդներից բուժման համար փող չստանալ:

«Հայոց պատմության ընթացքում ժողովուրդը միշտ բժշկին պահել է, հավ ու ձու է բերել։ Բայց հիմա բժիշկները ուղղակի հոշոտում են հիվանդներին, դարձել են տզրուկներ։ Ի՞նչ Հիպոկրատ, նրան տասն անգամ կախում են,-ասում է Բունիաթյանը, որի համար կոռուպցիան առողջապահությունում ամենացավոտ թեման է: - Գյուղացի կա, որ 4-5 տարվա մեջ հազիվ երկու կով է ձեռք բերել, հիվանդանում է ու էդ կովերին ստիպված վաճառում, որ Երևանում բժշկին վճարի։ Մարդ գերադասում է մեռնել, մենակ բժշկի չդիմիե։

Նա մտավախություն ունի, որ իշխանությունները այս հիվանդանոցն էլ վճարովի կդարձնեն, ինչպես Հայաստանի շատ հիվանդանոցներ:

Առողջապահական մի ծառայություն կա, որ նա մերժում է կատարել...

Բունիաթյանին մոտենում է մի կին ու ցածր ձայնով փսփսում, հետևը կանգնած է ամուսինը։ Բժիշկը կտրուկ ասում է. «Ոչ մի դեպքում, մեզ մոտ արգելված էե։

Կինն ասում է. «Երեք երեխա ունեմ, չեմ կարող պահելե։ ՈՒզում է աբորտ անել։ «Ոչինչ, չորրորդն էլ կունենասե, պատասխանում է բժիշկը ու ամուսիններին թողնում մոլորված կանգնած։

Բունիաթյանը երկու օրենք է մտցրել հիվանդանոցում. առաջին` արգելված են աբորտները:

«Տասից երկուսը գնում են Գորիս աբորտ անելու, ութը ծննդաբերում են ու հետո գալիս ինձ շնորհակալություն հայտնում, որ պտուղը չեմ սպանելե, ասում է Բունիաթյանը (շրջանում տարեկան 140-160 ծնունդ է լինում)։

Երկրորդ օրենքն այն է, որ Բունիաթյանի հիվանդանոցում ծնված ցանկացած երեխա պետք է հայկական անուն ստանա: Հիվանդանոցում պատին փակցված է հայկական անունների ցանկը, ծնողները կարող են ցուցակից իրենց զավակի համար անուն ընտրել։

Հիվանդանոցում պտտվելուց հետո «ասե բժիշկը վերադառնում է գրասենյակ ու բաժակները լցնում արևահեղուկով: «Դրսից որ մեզ հյուր է գալիս, մեր հոգու մարտկոցները լիցքավորվում են, իսկ հետո, որ գյուղացին է գալիս, մենք ենք իրեն լիցքավորում։ Խեղճ գիքորներ են, որ քաղաք են եկել, քաղաքն էլ Բերձորն էե, ասում է բժիշկը ու դատարկում բաժակը մինչև վերջ։


According to Agnes
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.


 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Amber Square?

All dressed up for the holidays, Republic Square has never looked so rosey (well not since it was "Lenin Square" anyway). In addition to its giant holiday tree, this year all government buildings were lit, casting a soft glow in the moist Yerevan nights.

 

 

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.