ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 23, 2003 




Ընդհանուր տառապանք. հույները նշում են ողբերգության իրենց օրը Եղեռնի հուշահամալիրում


Ամեն տարի մայիսի 19-ին երևանաբնակ ազգությամբ հույն Ֆրունտիկ Նիկոլաիդին մայրաքաղաքի Կիևյան կամրջի հարևանությամբ իր ազգակիցների հետ հանդիպելով` այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ծաղկեպսակ դնելու:

Հունական դրոշներով զինված Երևանի «Պոնտի» հունական համայնքը, որի ղեկավարը 57-ամյա Ֆրունտիկն է, դանդաղ բարձրանում է հուշահամալիր տանող արահետով: Շուրջ մեկ ամիս առաջ` ապրիլի 24-ին, նրանք հարգանքի տուրք էին մատուցում 1915 թվականին թուրքական յաթաղանին զոհ դարձած հայերի հիշատակին:

Ամեն տարի մայիսի 19-ին հայաստանցի հույները հավաքվում են Եղեռնի հուշահամալիրում, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն 1922 թվականի կոտորածների զոհերին:

«Մայիսի 19-ը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական օրն է», - ասում է Հայաստանում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Գեորգես Ալամանոսը:

Սև ծովի հարավային ափերին բնակվող Պոնտոսի բազմահազարանոց հույն ազգաբնակչությունը 1922 թվին արժանացել է նույն ճակատագրին, ինչ 1915-ին Արևմտյան Հայաստանի հայերը: Ըստ որոշ պատմական աղբյուրների, ավելի քան 350 հազար պոնտոսցի հույներ են նահատակվել այդ տարիներին:

Ինչպես ապրիլին 24-ին հայերը, այնպես էլ մեկ ամիս հետո հույները դեպի հուշահամալիր քայլերթով հիշում են իրենց մերձավորներին:

Այդ օրը հույների վիշտը կիսում էին նաև շատ հայեր: Նրանցից է Հունաստան-Հայաստան մշակութային կենտրոնի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը:

«Ավարտելով հայոց ցեղասպանությունը 1915 թվին, որը կարծես նրանց հաջողվեց, 1919-ից (թուրքերը) նույն գործողությունները սկսեցին հույների նկատմամբ, - ասում է Ստեփանյանը: - Օսմանյան Թուրքիայի կառավարության կեցությունը ցեղասպանության միջավայր էր, որի ներքո այսպիսի բռնարարքներ են իրականացվել տարբեր ժողովուրդների նկատմամբ»:

«Այսօր իրար են փարվել ապրիլի 24-ն ու մայիսի 19-ը, - ասում է Երևանի ցեղասպանության թանգարանի և ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը: - Այս փոքր ու համեստ հուշարձանի տարածքում աշխարհի երկու հնագույն ժողովուրդները հիշում են ողբերգություններ, որոնք երբեք չենք մոռանա»:

Հայաստանում բնակվում են շուրջ 5000 հույներ, որոնցից մոտ 2000-ը՝ Երևանում: Խորհրդային տարիներին նրանց թիվը մի քանի անգամ ավելի մեծ էր, կային նույնիսկ ամբողջությամբ հունական գյուղեր:

1990-ականներին Հունաստանի կառավարությունը սկսեց աջակցել հետխորհրդային երկրներից հայրենիք տեղափոխվող հույներին:

«Հայաստանում մի քանի հունական ընտանիքներ կան, որ զտարյուն հույներ են, իսկ մյուսներն արդեն խառնվել են հայերի հետ, - ասում է Ֆրունտիկը: - Հայն ու հույնը թե արտաքինով, թե ներքինով, իսկ նախորդ դարից նաև ճակատագրով շատ նմանություններ ունեն»:

Ֆրունտիկ Նիկոլաիդին առաջնորդում է հունական համայնքը դեպի հուշահամալիր:

ֆրունտիկի հավաստմամբ համայնքը փորձում է հնարավորինս պահպանել բոլոր հունական ավանդույթները, որոնցից մեկն էլ սա է:

Հայաստանում մինչ այժմ չկա հունական ուղղափառ եկեղեցի, այդ իսկ պատճառով նրանք օգտվում են ռուսական ուղղափառ եկեղեցուց: Սակայն ներկայումս բանակցություններ են ընթանում հունական եկեղեցու կառուցման մասին:

Հունաստանի դեսպանության հովանավորությամբ հույն երեխաները շաբաթը երկու անգամ անվճար հունարենի դասեր են ստանում: Իսկ 9-12 տարեկան հույն երեխաներն ամառային արձակուրդներին անվճար այցելում են Հունաստան:

Կա նաև հունական պարի խմբակ, որը ղեկավարում է Ֆրունտիկի ազգությամբ հայ կինը` Ագապի Խուրշուդյանը, որը ծագումով Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից է:

«Ջարդի տարիներին 58 հոգանոց գերդաստանից կենդանի է մնացել միայն հայրս. պատկերացնո՞ւմ եք վայրագության չափը, - ասում է Ագապին: - Կա մի հունական ֆիլմ, որը պատմում է 1922 թվի հույների կոտորածի մասին, ես այն միշտ համեմատում եմ «Արարատ» ֆիլմի հետ, քանի որ երկու դեպքում էլ խոսքը միևնույն երևույթի մասին է:

«Այդքանից հետո ես չեմ կարող անտարբեր մնալ հունական կոտորածի նկատմամբ, մանավանդ, որ արդեն կեսս հույն է և հույն եմ ծնել, որի տատերն ու պապերն արժանացել են նույն բախտին»:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Age and Wage: New law offers social change but also social concern

Full story

 
 
 
 

Healthy Outlook: Visitors to Day Center find new view on mental disorder

Full story

 
 
 
 

Space to Grow: US cooperation gives boost to astro research

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  Happy Birthday Chuck

 
 

Charles Aznavour was in Yerevan Thursday to celebrate his 79th birthday. The French recording artist (and "Ararat" film star) was welcomed by fans and dignitaries.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.