ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 23, 2003 




Իրականության ազդականչը. Վերջին զանգն այլևս այն չէ


Ոմանք ասում են, որ Վերջին զանգը դարձել է նորաձևության ցուցադրում:

Մայիսի 23-ի այսօրը Հայաստանում նշանավորվեց ևս մի ավանդույթով, երբ Վերջին զանգն ազդարարեց դպրոցի ավարտը:

Ավանդաբար աշակերտներն այդ օրը հագնում են իրենց լավագույն զգեստները, զինվում ծաղիկներով և հատուկ արարողությամբ նշում են այն իրենց դպրոցներում: Աղջիկները կապում են սպիտակ գոգնոցներ, որոնց վրա նրանց դասընկերները գրում են իրենց լավագույն մաղթանքները կամ հրաժեշտի քնքուշ խոսքեր:

Տասներորդ դասարանն ավարտողների համար Վերջին զանգն ավետում է նրանց մուտքը հասուն կյանք:

Մեր օրերում այս ավանդույթը Երևանում ձեռք է բերել մեկ այլ երանգ: Վերջին զանգը դարձել է մեծ բիզնես, որը հիշեցնում է Միացյալ Նահանգների ավարտական հանդեսը: Նվերները, արտասովոր զգեստները, բարձրակարգ ռեստորանները և լիմուզիններով զբոսանքները սովորական երևույթ են դառնում: Սակայն ոմանց համար այդ միտումը դարձրել է տոնական օրը օտարացման և հուսախաբության օր:

Տասնհինգամյա Գեղամ Մուրադյանը չի մասնակցելու իր Վերջին զանգին, քանի որ պետք է վճարի 150 դոլար՝ գումար, որի մասին նրա ընտանիքը կարող է միայն երազել:

«Մի ամբողջ տասնամյակ սովորում ես, անհամբեր սպասելով Վերջին զանգին ու հետո չես մասնակցում, որովհետև փող չունես, - ասում է Գեղամը: - Իսկ ո՞վ ասաց, որ վերջին զանգը միայն ուտելու ու նվեր տալու համար է»:

Ժամանակին մանկության ավարտը խորհրդանշող ավանդույթն այսօր դարձել է չափահաս կյանքի սկիզբ:

Նա խոսքը կիսատ թողած դուրս է թռչում սենյակից, որ ցույց չտա արցունքները: Մոր հավաստմամբ արդեն մեկ ամիս է Գեղամը դպրոց չի գնում, «քանի որ անընդհատ վերջին զանգի փորձեր են անում, խոսում են ապագա քեֆերից, թե ով ինչ շոր է հագնելու, ով ինչ մեքենայով է գալու»:

«Նախորդ շաբաթ երկու անգամ «Շտապ օգնություն» ենք կանչել տղայիս համար: Այս մտածմունքներից, վիրավորանքից սարսափելի գլխացավեր է ունենում և նյարդային համակարգի խախտումից ծայրանդամները փայտանում են», - ավելացնում է նա:

Անցյալ տարի համար 77 դպրոցի մի աշակերտուհի Վերջին զանգից երկու օր առաջ ինքնասպան է եղել: Աղջիկն ապրում էր դպրոցի դիմաց և կախվել է իրենց պատշգամբից՝ ի տես համադասարանցիների:

Իր կյանքին վերջ տալուց առաջ նա երկտող է գրել ծնողներին, որ չի ուզում բեռ դառնալ նրանց համար: Նա գրել է, որ գիտի, որ ծնողներն ի վիճակի չեն վճարել Վերջին զանգի գումարը, և նա վերջ է տալիս իր կյանքին, որպեսզի նրանք պարտքի տակ չընկնեն:

Սկսելով պարզ տոլմայից՝ ավարտում են գեղեցիկ զարդարված տորթերով:

Իրենց նոր կյանքի շեմին նման դժվար կացության մեջ հայտնված երեխաները շատ են: Իսկ Վերջին զանգն ավանդույթից վերածվում է շուկայական երևույթի:

Քաղաքի ճանաչված դպրոցներում Վերջին զանգի գումարները սկսվում են 150 դոլարից: Պուշկինի անվան դպրոցում ոմանք 200 դոլար են վճարում: Քաղաքի ծայրամասերում գտնվող դպրոցների աշակերտները կարող են գլուխները պրծացնել 70-100 դոլարով, որը, այդուհանդերձ, երեք-չորս անգամ գերազանցում է Հայաստանի միջին պաշտոնական աշխատավարձը:

Այդ գումարով աշակերտները վարձակալում են դահլիճ, պատվիրում են դասարանի լուսանկար-ալբոմը և կազմակերպում են երեկույթը: Բայց ամենամեծ ծախսը նվերներն են ուսուցիչներին: Կախված նրանից, ուսուցչի առարկան քննական է, թե ոչ, սովորաբար նվերների տեսականին տատանվում է ծաղիկներից մինչև ոսկե շղթաներ: Դասղեկին սովորաբար նվիրում են ադամանդյա ոսկե զարդ:

Այդ ամենին ավելանում է նվերը դպրոցի տնօրենին: Շատ դպրոցներում յուրաքանչյուր ավարտական դասարան 50 դոլար տալիս է տնօրենին: Չորս-հինգ ավարտական դասարանների դեպքում այդ օրը բավականին շահութաբեր է դառնում որոշ դպրոցների տնօրենների համար:

Վերջին զանգի կարևոր մասն են կազմում դպրոցների կողմից կազմակերպված համերգները և միջոցառումները: Անցյալում աշակերտներն իրենք էին գրում իրենց ծրագրերը և ելույթները: Այժմ ոմանք ռեժիսորներ են վարձում և սցենարներ են գնում:

«Վերջին զանգի միջոցառման ամենամեծ հաճույքը հենց այն է, որ երեխան ինքն իր ստեղծագործությամբ հանդես գա, - ասում է ուսուցչուհի Ռիմա Քերոբյանը, - թող լինի մի քիչ թույլ, բայց նրանց ստեղծածը միշտ էլ առավել հուզիչ ու գեղեցիկ է»:

Վերջին զանգը կարող է 200 դոլարից ավելի արժենալ: Որոշ ընտանիքներ պարտք են անում, որպեսզի վճարեն իրենց երեխաների մասնակցության համար:

Քերոբյանն ասում է, որ այսօրվա միջոցառումները վերածվել են «ինքնացուցադրման, զգեստների նորաձևության օրվա, երբ ամեն մեկն իր ճոխ հանդերձանքն է ի ցույց դնում: Նա, ով չունի, նստում է դասարանի մի անկյունում և արցունքները հազիվ զսպելով անհամբեր սպասում, թե երբ է այս ամենն ավարտվելու»:

Լրագրող Արևիկ Ավագյանը վերհիշում է, որ տասնամյակներ առաջ Վերջին զանգը բոլորովին այլ էր:

«Մենք տոլմա էին պատրաստել, - ասում է նա, - երեխաներից մեկը միս էր հայթայթել և տոլմայի մի փոքր մասը, որը մսով էր, դրել էինք ուսուցիչների առջև: Սա էր մեր քեֆը, որը մեզ միայն ուրախություն պատճառեց, այսօր կարևորը ձևն ու ցոփությունն է»:

Որոշ ծնողներ պարտք են անում, որպեսզի ապահովեն իրենց երեխայի մասնակցությունը Վերջին զանգին:

«Երեխաս ամեն տարի չի ավարտելու, դրա համար էլ տոկոսով փող եմ պարտք արել, որ շոր ու կոշիկ առնեմ ու միջոցառման վարձը տամ», - ասում է Նազելի Սաղաթելյանը:

Այսօր Հայաստանի շրջաններից էլ են երեխաներն ավտոբուսներով Երևան գալիս: Սովորաբար հավաքվում են Հանրապետության հրապարակում, սակայն հրապարակի վերանորոգման պատճառով այս տարի շրջանավարտների հավաքատեղի կդառնա Մատենադարանի տարածքը: Նրանց մայրաքաղաքը փոխվում է, փոխվում են նաև ժամանակները:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Age and Wage: New law offers social change but also social concern

Full story

 
 
 
 

Healthy Outlook: Visitors to Day Center find new view on mental disorder

Full story

 
 
 
 

Space to Grow: US cooperation gives boost to astro research

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  Happy Birthday Chuck

 
 

Charles Aznavour was in Yerevan Thursday to celebrate his 79th birthday. The French recording artist (and "Ararat" film star) was welcomed by fans and dignitaries.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.