ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 16, 2003 




Այ քեզ անակնկա՜լ. Հանրապետության հրապարակի վերակառուցման աշխատանքները բացահայտում են հին Երևանի պատմության դրվագները


Վերջին երեք շաբաթվա ընթացքում Երևանի Հանրապետության հրապարակն ավելի շատ պատնեշված ճամբար էր հիշեցնում, քան հանրային հավաքատեղի: Թիթեղյա ցանկապատը փակել է քաղաքի սրտում գտնվող երևանցիների սիրած պարող շատրվանները, զբոսուղիները և տրանսպորտային մայրուղիները:
Նման եռուզեռ հրապարակը չի տեսել մոտ մեկ տասնամյակ առաջ Լենինի արձանը տապալելուց հետո: Սակայն այն վերանորոգումը քիչ բանով կարող է համեմատվել հրապարակում այսօր կատարվող աշխատանքների հետ:

Հրապարակը ոչ թե պարզապես վերանորոգվում է, այլ «Լինսի» հիմնադրամի հատկացրած 1 միլիոն դոլարով ամբողջությամբ վերակառուցվում, ձևավորվում և հանդերձավորվում է:

Հրապարակի կենտրոնի 3776 քմ ձվաձև տարածքը վերածվելու է Հայաստանի յոթ տարբեր տեսակի քարերից հավաքված խճանկար-գորգի: Լայնացվելու են մայթերը, որոնց վրա նույնպես զարդանախշեր են արվելու: Փողոցային լապտերները մարմարապատվելու և նոր ձևավորում են ստանալու:

Ծրագրի տնօրեն Էդուարդ Բեզոյանի հավաստմամբ, հրապարակի վերակառուցման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին:

Հրապարակի ձվաձև կենտրոնը կծածկվի Հայաստանի յոթ տեսակի քարերից հավաքված խճանկարով:

Սակայն վերակառուցման աշխատանքներն անսպասելի ընթացք ստացան անցյալ շաբաթ, երբ էքսկավատորավարներից մեկն ապշեցուցիչ հայտնագործություն կատարեց:

Ասֆալտն ու հողը հեռացնելուց հետո շինարարական տարածքը վերածվել է հնագիտական պեղումների վայրի: Օվալի աջակողմյան հատվածից մինչև «Արմենիա» հյուրանոց ձգվում է հնագույն շինությունների մի խումբ:

Հուշարձանների պահպանության կոմիտեի մասնագետները հավաստում են, որ հայտնաբերված կառույցը երկու-երեք հարյուր տարվա կամարակապ շինություն է:

«Այս պահին մենք ընդամենն անզեն աչքով նայելով կարող ենք կարծիք կազմել, - ասում է հնագետ Հուսիկ Մելքոնյանը: - Սակայն մեզ տրված է 10 օր ժամանակ, որի ընթացքում պետք է վերջնական որոշում ընդունենք հետազոտությունների մասին, որից հետո կկարողանանք որոշել, թե ինչ տեսակի կառույց է, որ ժամանակաշրջանն է ներկայացնում և ում է պատկանել»:

Աշխատանքները պետք է ավարտվեն հոկտեմբերի վերջին: Սակայն հնագետները նախ ցանկանում են պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ շինությունները:

Պարզվում է, որ որոշ հնագետներ իմացել են հրապարակի այս գաղտնիքների մասին: Միքայել Մանասերյանը, որը հրապարակի շինարարության ժամանակ (1926-1958 թթ.) երեխա էր, հիշում է, որ շինարարության ժամանակ իրենք երեխաներով երեկոները մտնում էին գետնի տակ գտնվող շինությունները և ոսկի փնտրում:

«Իհարկե, ոչինչ էլ չգտանք: Իսկ այդ հնագույն կոթողները մի գիշերվա ընթացքում թաղեցին հողի տակ, և ոչ ոք չկարողացավ ուսումնասիրել դրանք», - ասում է Մանասերյանը:

Հուշարձանների պահպանության կոմիտեի պետի տեղակալ Սամվել Մոսոյանը հաստատում է, որ խորհրդային տարիներին ոչ ոքի թույլ չեն տվել հետազոտություններ կատարել այդ տարածքում:

Բեզոյանի հավաստմամբ, եթե պարզվի, որ հայտնաբերված շինությունը հնագույն կոթող է, ապա պայմաններ կստեղծվեն ստորգետնյա աշխատանքներ տանելու համար, սակայն արտաքին շերտը պետք է փակվի:

«Անկախ հայտնաբերված շինության արժեքից, մենք պետք է պահպանենք միջազգային պայմանագրով նախատեսված ժամկետները, այլապես ֆինանսավորումը կդադարեցվի», - ասում է նա:

Եվ մինչ հնագետներն ուսումնասիրում են անցյալի վերապրուկները, շուրջ 300 շինարարներ շարունակում են հրապարակի դիմահարդարման աշխատանքները, որպեսզի տեղավորվեն իրենց 1 միլիոն դոլարանոց պայմանագրի ժամկետներում:


  Inside
 

Sour Forecast: Seventy percent of fruit crops lost to rage of winter; concern rises for winemakers

Full story

 
 
 
 

Doubly Deadly: Cancer patients say treatment at state hospitals is short on compassion

Full story

 
 
 
 

High Notes: Armenian youngsters earn praise and prizes in international piano competition

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
 

Dr. Lord George

He is already a Lord, and Secretary General of the North Atlantic Treaty Organization. And as of Wednesday George Robertson adds an honorary doctorate from the French University of Armenia. Following ceremonies at the university Lord Robertson spoke with students and media.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.