ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 16, 2003 




Մշակութային փոխանակում. մոռացեք Փարիզը, «Բուդդա բար լաունջը» թավշյա տրամադրությունը բերում է Երևան


Սա Փարիզ չէ, սակայն «Բուդդա բար» է ալա Երևան:

Արտասահմանցի ուսանողների հանրակացարանի հարևանությամբ, որտեղ Երևանում բժշկություն սովորող հնդիկ ուսանողները հաճախ անց են կացնում գիշերներն իրենց սեփական երաժշտությամբ, անցորդների ուշադրությունն են գրավում «Բուդդա բար լաունջից» լսվող ներմուծված տարաշխարհիկ միջավայրի ավելի ժամանակակից հնչյունները:

Նոր բարի գոյությունն ազդարարող վիշապանման տառերով ցուցանակի տակի նկուղ իջնող աստիճանները տանում են այցելուին եվրոպական փոփ մշակույթի Երևան տեղափոխված մի գողտրիկ անկյուն:

Հայաստանի համար սա իսկապես նորություն է, սակայն պետք չէ միամտաբար կարծել, թե այս «Բուդդա բարը» Փարիզի իր հանրահայտ անվանակցի նմանակն է: Փոփ երաժշտության իր բազմաթիվ սիրահարներին «Բուդդա բար» սկավառակաշարով հայտնի փարիզյան բարը նոր ոճ և նոր երաժշտական ժանր է սկզբնավորել:

Իսկ սա «Բուդդա բար» է ala Երևան: Այդուհանդերձ, այն շեղում է տեղական չափանիշներից:

Գետնին փռված կանաչ փափուկ գորգը կոնտրաստի մեջ է մտնում մուգ կարմիր պատերի հետ՝ շուրջ 15 ինդոնեզական նկարներով: Կիսամութ սենյակի օդը հագեցած է հնդկական խունկի բույրով: Սրահի վերջում ծալապատիկ նստած Բուդդայի արձանն է, որ գաղտնի է պահում իրերի խորհուրդը, իսկ «բուդդաբարյան» երաժշտությունը այցելուների մոտ ստեղծում է այլ աշխարհի տպավորություն:

Սեղանները շրջապատող երկար բազմոցներն ու փափկաթոռները տրամադրում են հանգստության, և եթե չլիներ արձանի կողքի մեծ էկրանով հեռուստացույցը, սա կարող էր մեդիտացիայի սրահ լինել:

Ներս մտեք և ձեզ կպարուրեն թավ մեղեդիները և հնդկական խնկի բույրը:

Իր նախորդ կյանքում Մաշտոցի պողոտային վրա գտնվող այս «Բուդդա բարը» բիլիարդանոց է եղել: Ապրիլի 7-ին դրա սեփականատեր Վահագն Օհանյանը «վերամարմնավորեց» այն բարի: Հաստատությունը ներառում է նաև ռեստորան արևելյան խոհանոցով, որտեղ մատուցում են նաև հայկական հերթապահ ճաշատեսակներ և չիզբուրգերներ ու պաստա: Վերջնականապես ձևավորվելուց հետո ճաշացուցակը չինա-հնդկական թեքում կունենա:

Օհանյանն ընդամենը 22 տարեկան է և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող է: Փարիզյան օրիգինալի այցելությունը ոգեշնչեց նրան Երևան բերել «Բուդդա բարի» ոգին: Նրա նախաձեռնությանը միացավ Վրույր Խլղաթյանը, և ծնվեց «Բուդդա բար լաունջը»:

«Հայաստանում շատերի համար բարը պարզապես ուտելու, խմելու ու շփվելու ևս մեկ տեղ է, իսկ ես փորձում եմ ցույց տալ, որ «Բուդդա բարը» միայն ուտելու համար չէ նախատեսված: Այն ունի հատուկ հանգստացնող մթնոլորտ և յուրահատուկ երաժշտություն», - ասում է Օհանյանը:

Նա Ֆրանսիայից բերել է ավելի քան 30 «բուդդաբարյան» սկավառակներ և նախատեսում է դիջեյ վարձել շաբաթը մեկ անգամ հատուկ «բուդդաբարյան» երեկույթներով այցելուներին զվարճացնելու համար:

Օհանյանն ասում է, որ գարունը, երբ սրճարանային կյանքը եռում է, ամենալավ ժամանակը չէր բացվելու համար: Սակայն նա հուսով է, որ ցուրտ օրերի գալու հետ «Բուդդա բար լաունջը» կստանա իր ուզած տեսքը:

«Բուդդա բարի» այցելուներն արդեն դարձել են մշտական հաճախորդներ, թեև առաջին անգամ այցելող շատ հաճախորդներ վարանում են մնալ:

«Ոմանք մտնում են բար, բայց չեն մնում, երբ պարզում են, որ այստեղ առանձնախցիկներ չկան», - ասում է Օհանյանը՝ նկատի ունենալով շատ հայկական բարերում ընդունված ոճը:

Մինչ մյուս ռեստորանները սովորեցնում են հայ հաճախորդներին բացօթյա սրահներին, «Բուդդա բարը» առաջարկում է որոշ առանձնացում՝ սեղանների միջև թափանցիկ վարագույրներով և թույլ լուսավորությամբ:

Բարմեն Վահրամ Եզնիկյանը «բուդդաբարյան» մթնոլորտին համապատասխան հատուկ խմիչք է հնարել: Նրա հավաստմամբ, «Բուդդա» թեյի բաղադրության մեջ կան թեյի երեք տարբեր տեսակներ, մեղր, պաղպաղակ և մի առանձին բաժակ սառույցով մատուցվող հարած սերուցք:

Բարում մատուցում են նաև հատուկ կոկտեյլ՝ վիսկի, ռոմ, օղի, սերուցք և կոկոսի քերուկ, որն ըստ երևույթին պետք է հաճախորդների դեմքին Բուդդայի ժպիտ առաջ բերի, անկախ նրանից՝ Փարիզում են նրանք, թե Մաշտոցի պողոտայի վրա:


  Inside
 

Sour Forecast: Seventy percent of fruit crops lost to rage of winter; concern rises for winemakers

Full story

 
 
 
 

Doubly Deadly: Cancer patients say treatment at state hospitals is short on compassion

Full story

 
 
 
 

High Notes: Armenian youngsters earn praise and prizes in international piano competition

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
 

Dr. Lord George

He is already a Lord, and Secretary General of the North Atlantic Treaty Organization. And as of Wednesday George Robertson adds an honorary doctorate from the French University of Armenia. Following ceremonies at the university Lord Robertson spoke with students and media.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.