ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 16, 2003 




Ու՞մ հաշվին. արվեստագետի կյանք, զինվորի մահ, մոր հարցեր


Հովհաննես Բալագյոզյանի վրա (աջից) վեց-յոթ կրակոց է արձակել մեկ այլ հայ զինվոր:

Սա մի պատմություն է, որ չափազանց սովորական է դարձել Հայաստանում:

Զինվորները, որոնք պետք է կռվեին միմյանց համար, փոխարենը կռվում են միմյանց դեմ:

Վերջին տարվա ընթացքում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը պարծենում էր, որ զինվորների միմյանց հանդեպ կատարած հանցագործությունների քանակը նվազել է: Եվ, իսկապես, վիճակագրությունը հաստատում է դա:

Ըստ ՀՀ ոստիկանությունից և գլխավոր դատախազությունից ստացված տվյալների ամբողջ հանրապետությունում անցյալ տարի կատարվել է 69 սպանություն (քաղաքացիական բնակչության մեջ): Իսկ բանակում գրանցվել է 62 մահվան դեպք: «ԱրմենիաՆաու»-ին չհաջողվեց պարզել, թե դրանցից քանիսն են սպանված, սակայն ըստ մի փաստաբանի՝ ճնշող մեծամասնությունը:

Սակայն սա պատմություն չէ միտումների կամ վիճակագրության մասին, սա պատմություն է մի ընտանիքի մասին, որի համար մեկ զինվորի մահը չափազանց շատ է:

Լիդա և Ժորա Բալագյոզյանների պատմությունը պատմություն է կորստի մասին:

Փետրվարի 13-ին ԼՂՀ Հադրութի շրջանի մարտական պահակակետերից մեկում զինծառայող 21-ամյա Սմբատ Պողոսյանը սպանել է մեկ այլ հայ զինծառայող 26-ամյա Հովհաննես Բալագյոզյանին: Դա «բարեկամական կրակի» դեպք չի եղել:

Որպես սերժանտ, Բալագյոզյանը պատասխանատու էր դասակում կարգ ու կանոնի համար:

Փետրվարի 12-ին ճաշից հետո Բալագյոզյանն ասում է Պողոսյանին, որ նրա հերթն է լվանալ ափսեները՝ առաջադրանք, որ սովորաբար տալիս են նորակոչիկներին: Բալագյոզյանի հետ միաժամանակ զորակոչված Պողոսյանը հրաժարվում է, և երկուսի միջև վեճ է բռնկվում:

Հաջորդ առավոտյան ժամը 5-ին Պողոսյանն ավտոմատով մտնում է Բալագյոզյանի կացարանը, որտեղ քնած էին ևս երեք հոգի: Զինվորներից երկուսին թույլ է տալիս դուրս գալ:

Պողոսյանը վեց-յոթ կրակոց է արձակում Բալագյոզյանի կրծքավանդակին:

Պողոսյանը միաժամանակ կրակոցներ է արձակել և վիրավորել է զինծառայող Արմեն Հակոբյանին: Ապա փախուստի դիմելով՝ Պողոսյանն անցել է թշնամու տարածք՝ ադրբեջանական Ալիբեյլի գյուղ՝ գերադասելով գերության վտանգը իր հանցագործության համար պատասխան տալուց:

Նրան իսկապես գերի են վերցրել և փետրվարի 18-ին երկկողմ փոխանակման արդյունքում վերադարձրել հայկական կողմին: ԼՂՀ Հադրութի շրջանի զինդատախազությունը հարուցել է քրեական գործ՝ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար: Նախաքննությունն ընթացքի մեջ է, կատարվում են դատահոգեբուժական և այլ փորձաքննություններ:

Իր բանակային ծառայության 20 ամիսների ընթացքում Պողոսյանը յոթ անգամ դիմել է փախուստի: Նրա զորամասի հրամանատարն ասում է, որ 21-ամյա զինվորին ուղարկել է դիրքեր, որովհետև ավելի վստահելի զինվորներին ուղարկել են Երևան նախագահական ընտրությունների ժամանակ ցուցարարներին դիմակայելու համար:

Հովհաննես Բալագյոզյանին բանակ են զորակոչել 2001 թվականի հունիսին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրա ընդունվելուց 6 ամիս հետո:

«Գիտե՞ք ինչ լավ դաշնակահար էր Հովիկը, բացառիկ ընդունակություններով: Տաղանդավոր էր, շատ տաղանդավոր, - ասում է կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Արիկ Սաթյանը: - Ես նրան կոմպոզիցիա եմ դասավանդել, որտեղ նույնպես իր ընդունակություններով փայլում էր: Նա իմ տղայի համակուրսեցին է եղել, բոլորի կողմից սիրված էր և ամենակարևորը, որ ուզում եմ նշել՝ նա բացարձակապես կոնֆլիկտային մարդ չէր»:

Գիտության և կրթության նախարարին ուղղված միջնորդությունը ստորագրել են Հայաստանի հայտնի կոմպոզիտորներ ու կոնսերվատորիայի պրոֆեսորներ, որոնք խնդրել են հետաձգել Հովհաննես Բալագյոզյանի զորակոչը, որպեսզի նա կարողանա շարունակել և ավարտել ասպիրանտուրան՝ հաշվի առնելով «երիտասարդ մասնագետի վառ անհատականությունն ու երաժշտական տաղանդը»:

«Որդիս Արամ Խաչատրյանի համերգասրահում մենահամերգ ունեցավ, ողջ պրոֆեսորա-դասախոսական կազմը շնորհավորում էր նրան, - ասում է Հովհաննեսի 51-ամյա մայրը: - Ես մի կողմ էի քաշվել: Դե, մենք ցածր ընտանիք ենք, այնքան կրթված ու զարգացած չենք, նրանց մոտ ես ինձ խորթ եմ զգում:

«Երբ տղաս տեսավ ինձ անկյունում կանգնած, բոլորին թողեց ու վազելով եկավ փաթաթվեց ինձ: «Մամ ջան, իմ հաջողության համար ես քեզ եմ պարտական, այս բոլորը միայն դու ես արել»:

«Կորցրեցի իմ հարստությունն ու գանձը»:

Եվ մինչ մայրը հեկեկալով ողբում է իր տաղանդավոր դաշնակահար որդու կորուստը, 63-ամյա հայրն ասում է, որ իր Հովիկը «տղամարդ տղա» էր:

Արմեն Հակոբյանին զորացրել են բանակից այն բանից հետո, երբ Հովհաննես Բալագյոզյանին սպանողը վիրավորել է նրան:

«Նա վախկոտ տղա չէր, ինչպես ձեզ ասեմ, իսկական «մուժիկ» էր»», - ասում է Ժորա Բալագյոզյանը:

Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը հիշում է շնորհալի ուսանողին, սակայն ասում է, որ «... առաջին հերթին սիրում եմ որպես մարդու, հետո նոր որպես շնորհալի դաշնակահարի»:

Պրոֆեսորը հիշում է այն օրը, երբ Լիդա Բալագյոզյանը եկել էր խնդրելու իր օգնությունը որդու զորակոչը հետաձգելու հարցում:

«Հիշում եմ, թե ինչպես էր մայրը եկել, լաց էր լինում: Չեմ մոռանում, որ ասում էր, օգնեք տղայիս, սիրտս վկայում է, թե գնաց՝ հետը վատ բան է կատարվելու»:

Զինվորական ոստիկանությունը փողոցում բռնել է Հովհաննես Բալագյոզյանին և երկու օր պահել կալանքի տակ: Ասում էին՝ փոխանակ գնաս բանակում ծառայես, ասպիրանտուրա ե՞ս ընդունվում:

«Մինչև 300 դոլար չտվեցինք, բաց չթողեցին: Երեխաս հինգ տարի սովորել է, հինգ տարի շարունակ զինկոմիսարիատը տանս դռները ջարդում էր: Տարաք, բա ինչո՞ւ հիմա չեք բերում տաք»:

Հովհաննեսին զինակոչելուց հինգ ամիս հետո Գյուղակադեմիայի մի խումբ ասպիրանտներ բողոքով հանդես եկան իրենց զինակոչելու դեմ և դիմեցին դատարան՝ պնդելով, որ Հայաստանի գործող օրենսդրությունը տարկետում է նախատեսում ասպիրանտների համար:

«Հեռուստացույցով հետևում էինք բողոքի ակցիաներին, - ասում է Լիդան: - Տղայիս գոտեպնդելու համար նամակ գրեցի, թե հնարավոր է ասպիրանտները հաջողության հասնեն, դու էլ վերադառնաս ուսումդ շարունակես, բայց էս երկրում արդարություն կա՞»:

Շատերը, այդ թվում և իրավապաշտպանները, ասում են, որ չկա, երբ խոսքը վերաբերում է պաշտպանության նախարարությանը:

Մինչ ընթանում էր դատավարությունը, ասպիրանտներին զորակոչեցին բանակ: Դրանից երեք ամիս անց՝ 2002 թվականի փետրվարին, բողոքող ուսանողների առաջնորդ Արտյոմ Սարգսյանին ծեծելով սպանեցին Վանաձորի իր զորամասի զինվորները:

***

Զինկոմիսարիատը, որ «հինգ տարի ջարդում էր» Լիդա Բալագյոզյանի տան դռները, չթակեց նրա դուռը, որպեսզի հայտնի, որ որդին սպանվել է:

Ընտանիքին զանգահարել են թաղապետարանից.

«Զինվորի դիակ են բերել Ղարաբաղից, - հայտնել է զանգահարողը, - գնացեք դիահերձարան ճանաչման»:

Զինվորական ոչ մի ներկայացուցիչ թաղմանը չի մասնակցել:

Երկու շաբաթ առաջ Բալագյոզյանների տուն է եկել գումարտակի հրամանատար Կարեն Նավասարդյանը:

«Եկել էր մեզանից իմանալու դեպքի մասին, իբր ինքը չգիտեր, - ասում Լիդան: - Ասացի՝ այդ ինչպես է, որ զորամասը լքած, 7 անգամ փախուստի դիմած զինվորին սահման եք վստահում պատժելու փոխարեն և հնարավորություն տալիս տղայիս սպանելու: Ինձ ասում է, թե ստիպված են Պողոսյանին դիրք ուղարկել, քանի որ ուրիշ մարդ չկար, ընտրությունների ժամանակ Ղարաբաղից զորքը է եկել Հայաստան»:

Մայրը վերհիշում է իր նախորդ այցելությունը հրամանատարին, երբ որդուն Ղարաբաղ տանելուց հետո իմացել է, որ հրամանատարը Երևանում է:

«Ասացի՝ Կարեն ջան, Հովիկն իմ միակ տղան է, լավ նայիր: Ես էլ ուրիշ բան չունեմ այս աշխարհում, այնպես վերաբերվիր նրան, որ երեխաս տուն վերադառնա»:

Ուրիշ բան չունեմ այս աշխարհում:

Հովհաննեսն արդեն երրրորդ զավակն է, որ կորցնում են Լիդան և Ժորան:

Նրանց 16-ամյա դուստրը մահացել է 1986 թվականին սրտի վիրահատությունից հետո, իսկ 1974-ին սպիտակարյունությունից մահացել է նրանց երկամյա որդին:

Մնացել է միայն 33-ամյա դուստր Աստղիկը:

Ժորան և Լիդան ունեին չորս երեխա: Այժմ ունեն մեկը:

«Մի անգամ մեզ չհարցրեցին, կորուստ ունեցե՞լ եք: Ես երկու զավակ եմ կորցրել, - բողոքում է Լիդան: - Սա ի՞նչ պետություն է: Չիմանա՞ս ծնողներն ինչ վիճակում են:

«Երկու երեխա եմ կորցրել, դու երրորդի հետևից ընկած ուզում ես բանակ տանել, բա չե՞ս ասում, էս մարդկանց հույսը իրենց միակ տղեն ա, որ պիտի կերակրի, խնամի, օր ծերության դագաղի ծայրից բռնի թաղի:

«Հարցնող չկա: Տունս քանդեցին: Ղարաբաղ են ուզում, բայց ու՞մ հաշվին»:

Բալագյոզյաններն ի վիճակի չեն վճարել փաստաբանի համար, կարծես դատարանը կարող է ինչ-որ բան տալ:

«Այս երկրում օրենք չկա: Օրենքը փողն է, - դառնությամբ ասում է մայրը: - Եթե փող տայինք, ընդհանրապես բանակ չէր գնա...Եթե փող չունես, ուրեմն գնա ու մեռիր, ո՞վ է քո տերը: Այստեղ մարդիկ առավոտից գիշեր մեռնելով աշխատում են 1000 դրամի համար, էն էլ ասում են՝ տուր մեզ, որ տղայիդ բանակ չտանենք: Որտեղի՞ց տանք»:

Ծնողները չեն հավատում Հայաստանում իրականացվող արդարադատությանը: Չեն հավատում, թե արդար դատավարություն կլինի և իրական հանցագործը կպատժվի, և չեն էլ հետաքրքրվում, թե ինչպես է ընթանում նախաքննությունը:

«Ո՞վ է մեզ պաշտպանելու դատարանում: Եթե պաշտպան ունենայինք, չէին սպանի: Ժամանակը կգա, և ես ինքս իմ ձեռքով եղբորս վրեժը կլուծեմ», - ասում է Աստղիկը:

***

Զինվորական դատավարություններում զինվորները սովորաբար ասում են այն, ինչ նրանց կարգաëդրում են:

Արմեն Հակոբյանը, որը զորացրվել է և բնակվում է Չարենցավանում, քիչ բան է ասում Հադրութում կատարվածի մասին: Նա խոսում է կցկտուր արտահայտություններով և զրույցի ժամանակ փախցնում է վախեցած հայացքը:

Նա ավելի հեշտությամբ խոսում է իր սպանված ծառայակցին վերաբերող ընդհանուր բաների մասին:

«Մենք ուշ իմացանք, որ Հովիկը ասպիրանտ է, կոնսերվատորիա է ավարտել, - ասում է նա: - Նա մեզ իր կարդացած գրքերն էր պատմում, մեզ համար Աստվածաշունչ էր կարդում»:

Հովհաննես Բալագյոզյանը դաշնամուր էր պարապում մոմի լույսի տակ, քանի որ Երևանում, ինչպես և ամբողջ Հայաստանում, էներգետիկ ճգնաժամ էր:

«Բա ես 15 տարի դաշնակահար տղա մեծացնեմ, խնամեմ, որ տանեն սպանե՞ն, - ասում է Լիդան: - Ի՞նչ գործ ուներ նա Հադրութի խրամատներում:

«Երբ հայրն ասում էր, թող մի բանով ինձ օգնի՝ թույլ չէի տալիս, ասում էի՝ հանկարծ մատերը կվնասի: Մոմի լույսի տակ դաշնամուր էր պարապում: Գժվել կարելի է:

«Մոմի լույսի տակ երեխա մեծացնես... »:


  Inside
 

Sour Forecast: Seventy percent of fruit crops lost to rage of winter; concern rises for winemakers

Full story

 
 
 
 

Doubly Deadly: Cancer patients say treatment at state hospitals is short on compassion

Full story

 
 
 
 

High Notes: Armenian youngsters earn praise and prizes in international piano competition

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
 

Dr. Lord George

He is already a Lord, and Secretary General of the North Atlantic Treaty Organization. And as of Wednesday George Robertson adds an honorary doctorate from the French University of Armenia. Following ceremonies at the university Lord Robertson spoke with students and media.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.