ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 9, 2003 




Նոր սկիզբ. ծառատունկի ծրագիրը կոչված է վերականգնելու ոչնչացվածը


Ջեֆրի Թուֆենկյանը և Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանը ծառատունկի ակտիվ մասնակիցներից էին:

Մայիսի 2-ին հայկական ավանդական նվագարանների երաժշտության ներքո 70-ամյա Բորիս Ղահրամանյանը վեր բարձրացրեց ծառի տնկին, և Լոռվա սարերում մի նոր կյանք սկսվեց զուռնա-դհոլի ձայնի հետ:

Ղահրամանյանը միացել էր Օձունի իր համագյուղացիներին, ու միասին նոր անտառ էին հիմնում՝ կարիքի և անհոգության արդյունքում ոչնչացվածի փոխարեն:

Թուֆենկյան հիմնադրամի «Հայաստանի անտառներ» ծրագրի շրջանակներում գյուղացիների, պաշտոնյաների, ուսանողների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ գյուղում հիմնվում էր հանրապետության առաջին համայնքային անտառը:

«Հրաշալի է տեսնել, թե ինչպես է մարդը ծառերի տնկիներով պարում երաժշտության տակ: Կարծում եմ, Օձուն գյուղում շատ բան է փոխվելու, - ասում է ծրագրի ղեկավար Ջեֆրի Թուֆենկյանը: - Հիմնվում է Օձունի ապագան, անտառ է հիմնվում»:

Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանը հավաստում է, որ մեկ տասնամյակ առաջ էներգետիկ ճգնաժամի պայմաններում անասելի վնաս է հասցվել Օձուն գյուղի անտառային տարածքներին:

Նույնիսկ երեխաները ջանք չեն խնայում հանուն նոր անտառի:

Գյուղի 6000 բնակիչներն անարգել կտրել են ծառերը ցրտից պատսպարվելու համար՝ ոչնչացնելով մոտավորապես 200 հա անտառ:

«Վնասը շատ մեծ է, - ասում է Այվազյանը, - սակայն այսօր մեզ համար իսկական տոն է, քանի որ թեև ինքներս ենք կտրել, այսօր հնարավորություն ենք ստանում ուղղել մեր սխալները»:

Բնապահպանության նախարարության գիտափորձարարական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանն ասում է, որ իրենք լիահույս են, որ այս քայլը շատ բան է փոխելու գյուղի բնապահպանական ոլորտում:

«Տնկվելու են ավելի խոշոր ծառեր՝ թխկի, կաղնի, հացի, հաճարի, անտառային ընկուզենի, սոճի, վայրի տանձենի և այլ ծառեր, որոնք վերականգնելու են և՛ գյուղի կանաչ գոտին, և՛ անտառը»:

Մեկ գյուղի անտառահատումը արտացոլում է ամբողջ Հայաստանում տարածված խնդիրներից մեկը: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը հավաստում է, որ Օձունի ընտրությունը պատահական չի եղել, որ հաշվի են առնվել մի շարք կարևոր հանգամանքներ:

Վարդանյանն ասում է, որ ծառահատման արդյունքում տուժել է Օձունի ամբողջ էկոհամակարգը: Օրինակ, ցամաքել են աղբյուրները, հողը ենթարկվել է էրոզիայի, հետևաբար մեծացել է սելավների վտանգը:

«Մեկ ամսվա ընթացքում 100 հա տարածքում կտնկվի 125 հազար ծառ, Հայաստանում կհիմնվի առաջին համայնքային անտառը, - ասում Վարդանյանը: - Համայնքը դառնում է անտառի սեփականատերը, ստանում այն կառավարելու, տնօրինելու, շահագործելու իրավունքը: Անտառը կունենա և՛ բնապահպանական, և՛ առողջարարական, և՛ տնտեսական լուրջ նշանակություն»:

Այս ամայի 100 հեկտարը մի քանի տարուց կվերածվի հիասքանչ անտառի:

Ծառատունկի և անտառի կառավարման աշխատանքները աշխատանքով կապահովեն մոտ 250 գյուղացիների:

«Գյուղը գազիֆիկացված է, սակայն շատ գյուղացիներ հնարավորություն չունեն վճարել գազի համար, - ասում է Վարդանյանը: - Այս ծրագրի միջոցով գյուղացին կարող է նաև իր այդ հարցը լուծել և չմտածել ծառահատումների մասին»:

Օձունցի Գարեգին Դավթյանն ուրախ է նման նախաձեռնությանը մասնակցելու համար:

«Այս ծրագիրը մի մեծ լույս է մեր կյանքում, - ասում է նա: - Ծառ տնկելը աստվածահաճո գործ է, իսկ օրական վճարվող 1200 դրամով ես հնարավորություն ունեմ հոգալու իմ բազմանդամ ընտանիքի օրահացի հոգսը»:

Գյուղացի Գագիկ Նաջարյանը 11 հոգանոց գերդաստանի հայր է և անտառը համարում է ժառանգություն:

«Մենք երախտապարտ ենք, որ մեր գյուղը նման ուշադրության է արժանացել, - ասում է նա: - Մենք հրաշալի բնություն ենք ունեցել, իսկ հիմա աշխատում ենք, որ բնություն ու անտառ տեսնեն նաև մեր թոռնիկները ու վայելեն իրենց պապերի աշխատանքի արդյունքը»:


  Inside
 

Water Damage: Village disease outbreak linked to contaminated reservoir

Full story

 
 
 
 

Starting Over: Tree planting project aimed at undoing destruction

Full story

 
 
 
 

Place of Honor: "Mother" watches over her people on Victory Day and all others

Full story

 




  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Day of Remembrance

May 9 is Victory Day, when Armenia remembers its war veterans with ceremonies that include laying carnations and standing in formation near the Eternal Flame above Yerevan.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.