ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 9, 2003 




Ցամաքով շրջափակված. հայացք մի մարդու փախուստին դեպի մենություն


70 տարվա ակորդեոնը զվարճության հազվադեպ աղբյուր է:

Լքված գյուղեր՝ ամեն մեկում հինգ-վեց ավերված տուն, ցեխերի մեջ թաղված ճանապարհ, որի 40 կիլոմետրը ամենագնաց մեքենան հաղթահարում է երեք ժամում՝ ահա սա է թողել Ղարաբաղյան պատերազմը Բերձորի շրջանին:

Այստեղ չեն լսվում մեքենաների ձայներ, ոստիկանական շչակներ կամ քաղաքակրթության որևէ այլ աղմուկ: Միայն խաղաղ ու աներևակայելի գեղեցկության լեռների շղթաներն են, որոնց չեն դիպել պատերազմի ավերածությունները:

Ավանդաբար կանացի աշխատանքներից...

Մոռացված բնությունը, որ ժամանակին նախընտրում էին քաղաքներ տեղափոխված հայերը, դրախտավայր է դարձել այն մարդկանց համար, ովքեր մոռանալով անցյալ ու ապագա, ցանկացել են ամեն ինչ սկսել սկզբից այս լքված գյուղերում, ինչպիսին է Վազգենաշենը, որը հենց առաջին պահից դյութեց այստեղ հայտնված Սամվել Գյուլիզադյանին:

Ճկուն, մոտ 190 սմ հասակով, երկար մազերով և երկար մորուքով, խորամանկ բայց բարի աչքերով, մշտական ժպիտը դեմքին՝ Սամվելը բոլորովին տեղացու տպավորություն չի թողնում: Եվ այդպես էլ կար մինչև 1994 թվականը, երբ նա որոշեց փոխանակել Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի իր հագեցած կյանքը այստեղի մեկուսի ու խաղաղ ապրելակերպի հետ:

Նա ամուսնացած է և ունի երկու երեխա, սակայն նրա ընտանիքը նվազ խանդավառությամբ ընդունեց Վազգենաշեն տեղափոխվելու գաղափարը, և այժմ մերձավորներն այցելում են նրան տարին մեկ անգամ:

ինչպես լավաշ թխել...

Սամվելը փոխանակեց քաղաքաշինարան-ճարտարապետի իր կյանքը ճգնավորի կյանքի հետ: «Երևանում, երբ պառկում էի քնելու, շուրջս միայն աղմուկ էր տիրում, իսկ այստեղ ես գտա այն ներդաշնակությունը, որին ձգտում էի»:

Արդյո՞ք Սամվելի համար դժվար էր հարմարվել Վազգենաշենի մենակեցությանը: Դե, որպես ավանդապահ հայ տղամարդ, որը սովոր չէ եփելու կամ տուն հավաքելու, նրա համար հիմա էլ դժվար է: Սակայն ապրելով առանց իր կնոջ, նա շատ բաներ է սովորել, որ տղամարդիկ սովորաբար չեն անում:

թարմ, շաբաթը մի քանի անգամ...

Սամվելի սիրած զբաղմունքներից մեկը լավաշ թխելն է: Ի տարբերություն շատ հայ կանանց, ովքեր հաց են թխում ամիսը մեկ անգամ, Սամվելը չի զլանում անել դա շաբաթը երեք անգամ, որպեսզի թարմ ու խռթխռթան հաց ուտի: Այդուհանդերձ, նա կուզենար, որ մեկն աներ իր չսիրած աշխատանքները:

«Տան հետ կապված բոլոր գործերից ամենից շատ ատում եմ լվացքը և ափսեներ լվանալը, - քթի տակ ծիծաղում է նա, - այնպես որ, երբ կինս այցելության է գալիս, միշտ շատ գործ է ունենում»:

Ամռանը Սամվելը ձկնորսություն ու որս է անում, ձմռանն ապրում է ընդեղենով, պանրով ու բանջարեղենի պահածոներով:

Սամվելը սովորել է...

Նա նաև ունի մի կով և երեք շուն, իսկ անցյալ տարվանից սկսել է մեղու պահել: Ասում է, որ ավելի շուտ պիտի մեղու պահել սովորեր:

«Գյուղ տեղափոխվել չի նշանակում հրաժարվել երկրային պատվախնդրությունից, ինչպես օրինակ՝ փող վաստակելուց», - ասում է Սամվելը՝ նկատի ունենալով մեղվապահության գործ դնելը:

Սամվելը չունի հեռուստացույց կամ ռադիո և վերջին լուրը որ լսել էր, այն էր, որ ամերիկա-բրիտանական զինված ուժերը մտել ենի Բաղդադ: «Որքան քիչ լուրեր ես լսում, այնքան ավելի երջանիկ ես»:

Սամվելը թողել է Սայաթ-Նովայի պողոտայի իր կյանքը հանուն մենակյաց կյանքի...

Երբ Սամվելը ձանձրանում է, սկսում է նվագել իր 70 տարվա «Հոհներ» ակորդեոնը: Դա ընկերոջ նվերն է, որն ինքն այդպես էլ նվագել չսովորեց: Ակորդեոնը, մեծ շունը և մի տոպրակ ուտելիք՝ ահա այն ամենը, ինչով նա Վազգենաշեն եկավ ինը տարի առաջ: Մնացածը գտավ այստեղ:

Տունը, որտեղ ապրում է, լքված էր շատ այլ տների նման, սակայն ուներ ապրելու համար անհրաժեշտ ողջ կահավորանքը: Նույնիսկ մի փոքր գրադարան ուներ՝ կազմված ռուսերեն գրքերից, որոնք խիստ համապատասխան են Սամվելի ապրելակերպին՝ Մալոյի «Առանց ընտանիքի», Բալզակի «Խորտակված պատրանքներ» և այլն: «Սրանք իմ գրքերը չեն, - բացատրում է Սամվելը, - պարզապես հավաքել եմ այն, ինչ գտել եմ»:

Սամվելը չի կարոտում իր հագեցած քաղաքային կյանքին: Տարին մի քանի անգամ գնում է մոտակա քաղաք՝ Բերձոր, գնելու ալյուր, աղ, շաքար, ծխախոտ և սուրճ՝ այն, ինչ բնությունը չի կարող տալ:


  Inside
 

Water Damage: Village disease outbreak linked to contaminated reservoir

Full story

 
 
 
 

Starting Over: Tree planting project aimed at undoing destruction

Full story

 
 
 
 

Place of Honor: "Mother" watches over her people on Victory Day and all others

Full story

 




  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Day of Remembrance

May 9 is Victory Day, when Armenia remembers its war veterans with ceremonies that include laying carnations and standing in formation near the Eternal Flame above Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.