ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 9, 2003 




Ավանդույթներին հավատարիմ. զանգվածային մկրտությունը կոչված է ամրապնդելու Հայ Առաքելական եկեղեցին


Խմբակային մկրտությունը կազմակերպել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Քահանան կանգնում է դեմքով դեպի հավատացյալները և տալիս է մի հարց, որը կապում է հայկական ավանդույթները Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում անցկացվող ժամանակակից արարողությանը:

«Կնքահայրն ի՞նչ է խնդրում մկրտվողից»:

Ի պատասխան քավորները երեք անգամ կրկնում են. - «Հույս, հավատ, սեր և մկրտություն»:

Հայ Առաքելական եկեղեցու այս արարողությունը պարունակում է մեղքերից ազատվելու և հոգևոր վերածննդի խորհուրդը:

Մայիսի 6-ի երեքշաբթի օրը մկրտվեցին Էրեբունու համայնքի տարբեր տարիքի 40 երեխաներ, որոնցից 14-ը՝ Սուրբ Զորավոր եկեղեցում:

Երկամյա Գայանեն հուզմունքից ճչում է, երբ քահանան մոտեցնում է նրան ջրով լի ավազանին: Նրա մայրը՝ Մարինե Խաչատրյանը, եկեղեցի է բերել իր երեք երեխաներին: Այդ օրը մկրտվելու են նաև Գայանեի եղբայրները՝ իննամյա Պատվականը և ութամյա Դավիթը:

«Երբ մարդ մկրտվում է, անկախ տարիքից անդամագրվում է մեր եկեղեցուն ընդունելով նրա դավանաբանությունը», - ասում է Տեր Եղիշե քահանա Կարսյանը:

Երեխաների կնքահայրերն էին Գևորգ Գևորգյանը և Արմեն Կալիվանջյանը: Այդ օրվանից նրանց դերը կլինի ներկայացնել եկեղեցին իրենց սանիկների կյանքում: Կնքահայրերը պետք է լինեն այն հոգևոր դաստիարակները, որոնք հոգալով իրենց սանիկների մասին հոգևոր սնունդ են տալիս նրանց, որպեսզի նրանք մեծանան և դառնան ճշմարիտ քրիստոնյաներ:

«Երեխայի կնքահոր միջոցով փոխանցում ենք այն դավանաբանությունը, որի հիմքի վրա էլ նա դաստիարակվելու է: Կնքահայրը եկեղեցու վստահված անձն է», - ասում է Տեր Եղիշեն:

Մկրտությունը բաժանվում է երկու մասի՝ բուն մկրտություն և դրոշմ: Բուն մկրտության ժամանակ քահանան երեխային դեմքով դեպի արևելք պահած երեք անգամ ընկղմում է ջրի մեջ՝ ասելով. - «Հանուն հոր, որդու և սուրբ հոգու»:

Երեխաների մայրերը և ազգականները եկել են տեսնելու երեխաների մկրտության արարողությունը:

Տեր Եղիշեն բացատրում է. - «Ասել է, թե մկրտվում են Սուրբ երրորդության անունով: Երեք անգամ ջրի մեջ ընկղմվելը նշանակում է Քրիստոսի թաղումը և համբարձումը: Ջրի միջից ելնելով մկրտվողը նոր մարդ է դառնում՝ ամրանալով Քրիստոսի հարությամբ»:

Տասնհինգամյա Լիլիթ Առաքելյանն ափսոսում է, որ մինչև այժմ մկրտված չէր: «Ես ինձ նոր մարդ եմ զգում, հավատս էլ ասես ավելի զորացավ րոպեների ընթացքում»:

Օրհնված ջրով լվացվելուց հետո, տեր հայրը սրբալույս մյուռոնով դրոշմում է մկրտվողներին: Տեր Եղիշեն ասում է, որ դրոշմը Քրիստոսի խորհրդանիշն է, իսկ մյուռոնը՝ սուրբ հոգու:

«Տեր հայրը մյուռոնով օծեց ճակատս, ականջներս, աչքերս, բերանս, ձեռքերիս ափերը և ծնկներս: Հետո մեջքս և սիրտս: Ես գիտեմ, որ դա արվում է, որպեսզի ես ծառայեմ լավ ու բարի գործերին», - ասում է Լիլիթի եղբայրը՝ 11-ամյա Վահե Առաքելյանը:

Երեքշաբթի օրվա միջոցառումը կազմակերպել էր «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ըստ կուսակցության փոխնախագահ Գագիկ Մխեյանի, չորս տարվա ընթացքում կուսակցության ջանքերով ողջ հանրապետությունում մկրտվել են 50 հազար երեխաներ:

Կուսակցության Էրեբունու տարածքային կազմակերպության նախագահ Թամարա Իշխանյանն ասում է, որ այս տարի իրենց համայնքում արդեն մկրտվել են 120 հոգի և դեռ 40 հոգի էլ պետք է մկրտվեն:

Յուրաքանչյուր մկրտվող ստանում է մեկ գրամանոց ոսկյա խաչ:

Քահանան մյուռոն է քսում 14 երեխաներից մեկի այտերին:

«Մեր նպատակն է կանխել աղանդների տարածումը, - ասում է մանկավարժ Իշխանյանը, - իսկ մկրտվելով նրանք արդեն սկսում են գաղափար ունենալ Հայ Առաքելական եկեղեցու մասին: Անգամ դպրոցներում կան աղանդավոր ուսուցիչներ, որոնք շեղում են երեխաներին»:

Մկրտության վերջում տեր հայրն օրհնում է նարոտը (խաչի թելը) և վրան անցկացնում օրհնված խաչը: Այնուհետև կնքահայրն անցկացնում է այն մկրտվողի պարանոցին:

Տեր Եղիշեն ասում է. - «Նարոտը բաղկացած է սպիտակ և կարմիր թելերից: Խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Երբ նրան խաչի վրա ծակում են, սկզբում արյուն է գալիս, իսկ հետո՝ սպիտակ ջուր»:

Արարողության ավարտից հետո Սուրբ Զորավոր եկեղեցու բակը լցված է երեխաների աղմուկ-աղաղակով: Օծված Սուրբ մյուռոնով՝ բոլորի դեմքերը փայլում են: Մկրտվածների թվում է նաև երկու երեխաների մայր Լուսինե Մխիթարյանը: «Ճիշտ է մի փոքր ուշ է, բայց օգտվեցի առիթից ու ես էլ երեխաներիս հետ մկրտվեցի: Թվում է, հոգեպես մաքրվել եմ»:

Տեր հայրը հիշեցնում է, որ մկրտվածները երեք օր չպետք է լվացվեն և լողանան, քանզի օծված են մյուռոնով: Երրորդ օրը միայն քահանան օրհնած ջրով պետք է մաքրի մարմնի այն մասերը, որոնց մյուռոն է քսվել:

«Ջուրը, որով կմաքրվի մյուռոնը, անպատճառ պետք է մաքուր տեղ լցվի: Վերջապես մկրտվելով՝ մարդիկ սրբվում են մեղքերից, վերստին ծվում: Իսկ դրոշմը զորացնում է նրանց հոգիները, ուժ տալիս դիմակայելու կյանքի բոլոր դժվարություններին», - բացատրում է Տեր Եղիշեն:


  Inside
 

Water Damage: Village disease outbreak linked to contaminated reservoir

Full story

 
 
 
 

Starting Over: Tree planting project aimed at undoing destruction

Full story

 
 
 
 

Place of Honor: "Mother" watches over her people on Victory Day and all others

Full story

 




  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Day of Remembrance

May 9 is Victory Day, when Armenia remembers its war veterans with ceremonies that include laying carnations and standing in formation near the Eternal Flame above Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.