ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 2, 2003 




Մեղավոր է ճանաչված հանրության կողմից. ադրբեջանցի իրավապաշտպանը հարձակումների է ենթարկվում Ղարաբաղ այցելելու համար


Ղարաբաղ կատարած իր այցից հետո Էլդար Զեյնալովին սպառնում են և մեղադրում են հայրենիքի դավաճանության մեջ:

Ադրբեջանցի իրավապաշտպանը Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո անցյալ շաբաթ վերադարձել է Բաքու և տեղեկացել է, որ իր գրասենյակը ենթարկվել է բարբարոսական հարձակման:

Ադրբեջանի մարդու իրավունքների կենտրոնի նախագահ Էլդար Զեյնալովն ասել է, որ մի քանի տասնյակ բողոքավորներ աղբ ու ձվեր են նետել գրասենյակի վրա, կոտրել են պատուհանների ապակիները: Ադրբեջանական մամուլը և ինքը՝ Զեյնալովը, այդ հարձակման մեջ մեղադրում են «Ժողովրդական ճակատ-3» և «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» քաղաքական կազմակերպություններին:

Զեյնալովը կնոջ հետ միասին Ստեփանակերտ էր մեկնել մարդու իրավունքներին նվիրված Կովկասյան ֆորումին մասնակցելու նպատակով: Զեյնալովը հերքել է տեղեկություններն այն մասին, թե ինքը հանդիպում է ունեցել Ղարաբաղի նախագահի հետ:

Ղարաբաղում գտնվելու ժամանակ Բաքվի հեռուստակայաններից մեկով Զեյնալովը ենթարկվել է այլ իրավապաշտպանների սուր քննադատությանը: Եթերում հայտարարվել է Զեյնալովի հեռախոսահամարը և, ինչպես ինքն է ասում, «հնչել են կոչեր այնպես անել, որ նա չկարողանա հանգիստ անցնել փողոցով»:

Բողոքողները գրասենյակի առաջ այրել են փայտե խաչի վրա փակցված Զեյնալովի և Ղուկասյանի լուսանկարները:

«Ապրիլի 25-ին Բաքվի «Լիդեր-TV»-ն հայտարարել է, որ ես հայ եմ և առաջարկել է ձերբակալել ինձ», - ասում է Զեյնալովը, որն այդ սպառնալիքների մասին տեղեկացրել է Բաքվում գործող դիվանագիտական կորպուսներին: «Նրանք սպառնում էին պայթեցնել ինձ և իմ գրասենյակը, պահանջում էին ինձ պատասխանատվության ենթարկել հայրենիքի դավաճանության հոդվածով»:

Զեյնալովը տեղի ունեցածը կապում է Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ, սակայն ասում է, որ իր այցը Ղարաբաղ քաղաքականության հետ որևէ կապ չուներ:

«Ինձ հրավիրել էին Խանքենդի (ադրբեջանցիներն այդպես են անվանում Ստեփանակերտը) դասախոսություններ կարդալու տարբեր երկրներից (Աբխազիա, Չեչնիա, Հյուսիսային և Հարավային Օսեթիա, Լեռնային Ղարաբաղ) ժամանած իմ կոլեգաների առաջ», - ասում է Զեյնալովը:

Զեյնալովին մեղադրում էին հակաադրբեջանական գործունեության մեջ: Բողոքի ակցիաները՝ անցյալ շաբաթվա վերջում նրա վերադարձից հետո, տևեցին մի քանի օր: Իրավապաշտպանն ասում է, որ միջադեպերի մասին հայտնել է ոստիկանությանը, սակայն նրան պատասխանել են, որ իր հակառակորդներն օբյեկտիվ հիմքեր են ունեցել այդպես վարվելու համար:

Կովկասյան ֆորումի համակարգող խորհուրդը դեպքերի կապակցությամբ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին, որտեղ նշվում է, որ Կովկասյան ֆորումի կողմից անցկացվող սեմինարում քննարկվել են քաղաքացիական հասարակության զարգացման հարցեր, և ոչ թե հակամարտող երկրների քաղաքական կարգավիճակները:

Այս շաբաթ Երևանում էր գտնվում ադրբեջանցի մեկ այլ իրավապաշտպան, գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով «Միջազգային աշխատանքային խումբ» կազմակերպության Ադրբեջանի համակարգող Ավազ Հասանովը, որը նույնպես այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Ավազ Հասանովը՝ «Միջազգային աշխատանքային խումբ» կազմակերպության Ադրբեջանի համակարգողն է: Կազմակերպությունը զբաղվում է պատերազմի ժամանակ գերի ընկածների, պատանդների և անհայտ կորածների հարցերով:

«Չեմ կարծում, որ ինձ հետ էլ այդպես կվարվեն, - ասում է Հասանովը: - Ես միջազգային կազմակերպություն եմ ներկայացնում, բայց հնարավոր է, որ լրագրողներն իմ դեմ գրելով թունավորեն մթնոլորտը: Ամեն դեպքում վտանգը կա: Հնարավոր է, ստիպված լինեմ բացատրություններ տալ «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությանը», թե ինչու եմ հաճախ լինում Հայաստանում»:

Զեյնալովի հետ տեղի ունեցածը Հասանովը գնահատում է որպես սադրանք նախագահական ընտրություններից առաջ:

«Սա միջոց է ընտրություններից առաջ մարդկանց ինչ-որ բանով զբաղեցնելու համար: Էլդար Զեյնալովը շատ բան է արել մարդկանց հարգանքը վայելելու համար: Հասկանալի է, որ Ադրբեջանում չեն ուզում, որ հասարակական կազմակերպությունները, հատկապես իրավապաշտպանները, համագործակցեն Հայաստանի իրավապաշտպանների հետ», - ասում է նա:

«Այն, ինչ կատարվել է Զեյնալովի հետ, բնական է այն երկրների համար, որտեղ ժողովրդավարությունն ընդամենը պատրանք է միջազգային կառույցներում ընդգրկվելու համար: Այսօր Ադրբեջանում ազգայնական ուժերն անհամեմատ ավելի զորեղ են, և սա է կատարվածի պատճառը»:

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն ասում է, որ չնայած Զեյնալովն ապաքաղաքական մարդ է, նա իր շատ որոշակի տեսակետն ունի Ղարաբաղի հարցում:

«Երբ Էլդարը հայտարարել է, թե Ղարաբաղում կառուցվում է քաղաքացիական հասարակություն, դրանով նա նկատի չունի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասը չէ: Էլդարը, ինչպես և բոլոր ադրբեջանցիները, համարում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է»:


  Don't Tread In Here
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

New Parliament To Be Elected Amid Lingering Political Tensions

Full story

 
 
 
 

Guilt by Association: Azeri attorney under attack for visit to Karabakh

Full story

 
 
 
 

Stocking the Cradle: Ororots ready to help infants but needs help itself

Full story

 




  Photo of the week
  Gone. Forgotten?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Gone. Forgotten?

May Day was yesterday. Time to haul out the icons of the past and remember "the good old days".

 





Copyright ArmeniaNow.com 2002-2021. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.