ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 2, 2003 




Օգնություն նորածիններին. «Օրորոցը» պատրաստ է օգնել մանուկներին, սակայն ինքն էլ օգնության կարիք ունի


Ջեմմա Հասրաթյանը «Օրորոցի» համակարգողն է:

Անցյալ տարի ամռանը Երևանի ծննդատներից մեկում Լիաննա անունով մի նորածին աղջնակ էին լքել:

Երեխան առողջ էր, իսկ նրա մոր տնային պայմանները՝ ոչ: Չվճարված պարտքերի պատճառով էլեկտրականությունն անջատել էին: Մոր ու Լիաննայի 4 և 6 տարեկան երկու քույրերի ամսական եկամուտը կազմում էր 12 դոլար:

Լիաննայի հայրը չորս տարի գործազուրկ է: Երեխայի ծնվելուց վեց ամիս առաջ աշխատանք գտնելու հույսով մեկնել է Մոսկվա: Սակայն անհաջողության է մատնվել և գումարի բացակայության պատճառով չի կարողանում վերադառնալ Երևան:

Ի վիճակի չլինելով պահել երեխային, մայրը փախուստի է դիմել՝ թողնելով Լիաննային հիվանդանոցում:

Հիվանդանոցը մեկ ամիս պահել է Լիաննային, հետո նրան կամ որդեգրել են, կամ հանձնել մանկատուն, հիվանդանոցում վստահ չեն:

Ըստ հաշվարկների, Հայաստանում մինչև մեկ տարեկան երեխա ունեցող շուրջ 5000 ընտանիքներ կանգնած են նույն դժվարությունների առջև, ինչ Լիաննայի ծնողները: Եվ նման պայմանները վերջին տասնամյակում ծնելիության մակարդակի գրեթե եռակի նվազման պատճառներից մեկն են:

«Տասը տարվա ընթացքում սա առաջին տարին է, որ հանրապետությունում ծնելիության անկումը դադարել է, բայց աճ էլ չի գրանցվել», - ասում է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը:

«Հայ ընտանիքները գիտակցում են, որ անհրաժեշտ է երկրորդ կամ երրորդ երեխան ունենալ, բայց չեն կարողանում սուղ միջոցների պատճառով»:

Մեկ տարի առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանանց 30 հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հիմնեց «Օրորոց» ծրագիրը, որի նպատակն է օգնել Լիաննայի ընտանիքի նման ընտանիքներին:

Այն նպատակ ունի օգնելու մինչև մեկ տարեկան երեխա ունեցող յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի՝ տրամադրելով 150 դոլարին համարժեք «առողջ մանկիկի փաթեթ»՝ հագուստով, սննդով և խնամքի այլ պարագաներով:

«Օրորոց» ծրագրի առաջին փուլը կիրականացվի այս ամիս Սյունիքի մարզում, որտեղ ծնելիությունը գրեթե կրկնակի ցածր է, քան մյուս տարածաշրջաններում: Մանուկներ ունեցող շուրջ 100 ընտանիքներ կստանան «Օրորոցի» փաթեթները:

Ծրագիրն սկսելը ավելի շատ ժամանակ պահանջեց, քան նախատեսում էին կազմակերպիչները:

«Ցանկացած նման գործ սկսելը կազմակերպչական աշխատանք է պահանջում, - ասում է Հասրաթյանը, որը նաև «Օրորոց» ծրագիրն իրականացնող հասարակական կազմակերպությունների կանանց խորհրդի համակարգողն է: - Ցավոք, այս ծրագրի աշխատանքը նախատեսվածից երկար տևեց»:

Հասրաթյանն ասում է, որ ծրագրի մասշտաբները փոքրացել են, քանի որ դեռ չի հաջողվում հավաքել անհրաժեշտ գումարները:

«Մենք դիմեցինք անձամբ Հայաստանի բոլոր նախարարներին, ինչպես նաև պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, գործարարների և սփյուռքի մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք հնարավորության սահմաններում աջակցեն ծրագրի իրականացմանը», - ասում է Հասրաթյանը և մտահոգված ավելացնում, որ տեղացիներից ավելի քիչ արձագանք ստացան, քան սփյուռքից:

5000 ընտանիքների կարիքները հոգալու համար ծրագրին հարկավոր է 750 հազար դոլար (յուրաքանչյուր երեխային՝ 150 դոլարի համարժեք փաթեթ, որից 90 դոլարի հագուստ և խնամքի պարագաներ, իսկ մնացածը՝ սնունդ): Սակայն անցած մեկ տարում հիմնադրամը հավաքել է ընդամենը 22 հազար դոլար:

«Այս ծրագրում կարևոր է յուրաքանչյուր հայի մասնակցությունը, - ասում է Հասրաթյանը: - Ամեն հայ պետք է գիտակցի, որ աջակցելով այս ծրագրին՝ օգնության ձեռք է մեկնում նորածին երեխայի»:

Հասրաթյանը հավատացած է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ անգամ իր չնչին դրամային օգնությամբ կարող է աջակցել այս խնդրի լուծմանը:

«Պաշտոնական տվյալներով Հայաստանի նախագահական վերջին ընտրություններին մասնակցել է շուրջ մեկ միլիոն 400 հազար մարդ: Ես հանում եմ այդ թվի ուղիղ կեսը՝ համարելով, որ այդքան մարդ ի վիճակի չէ օգնություն ցուցաբերել, բայց եթե մնացած 700 հազարից յուրաքանչյուրը մեկ դոլար տար հիմնադրամին, ապա հարցը մեկ տարվա համար կլուծվեր», - ասում է Հասրաթյանը:

Նրա հավաստմամբ, հասարակ մարդիկ ավելի շատ են աջակցում ծրագրին, քան հարուստները:

«Առողջ մանկան փաթեթը» պարունակում է 150 դոլար արժողությամբ հագուստ, սնունդ և այլ պարագաներ:

«Մեր ձեռնարկատերերի մեջ բարեգործներն առայժմ շատ քիչ են, - ասում է Հասրաթյանը: - Եթե նրանք մեծ եկամուտ են ստանում, ապա պետք է գիտակցեն, որ իրենց ժողովրդից են ստանում, և գոնե ինչ-որ մասը վերադարձնեն նրան»:

Անցած մեկ տարվա ընթացքում ծրագիրը դիմել է տարբեր միջազգային կազմակերպությունների: Արձագանքել են «ԱՄԿՈՐ» (Միացյալ մեթոդիստական օգնության խորհուրդ) կազմակերպությունից, որը տրամադրել է նորածինների 1300 փաթեթ:

Ապրիլին այդ փաթեթները բաժանվել են առավել կարիքավոր մարզերում՝ Գեղարքունիքում և Լոռիում: Մինչև 6-ամսական երեխա ունեցող շուրջ 500 կարիքավոր ընտանիքներ ստացել են երկուական փաթեթ:

Սյունիքի մարզի համար նախատեսված փաթեթները գրեթե պատրաստ են: Ըստ Հասրաթյանի, վերջին խնդիրը, որ պետք է լուծվի, դա երեխաների ծածկոցների գորշ գույնն է, որը զայրացրել էր հոգատար կին-կազմակերպիչներին:

«Մենք պետք է փոխարինենք դրանք ավելի պայծառ գույների ծածկոցներով, - ասում է Հասրաթյանը: - «Օրորոցի» նպատակն այն է, որ օգնությունը աղքատիկ պարկի տպավորություն չթողնի: Այն պետք է լինի և՛ գեղեցիկ, և՛ պայծառ, որպեսզի ընտանիքը զգա, որ մեր պետությունում կա նաև բարության և հոգածության մթնոլորտ»:

Մոտակա ամիսներին ծրագրի կազմակերպիչները պատրաստվում են բարեգործական մարաթոն կազմակերպել՝ սպասելով հանրապետությունում տարվա վերջին «ընտրական մարաթոնի» ավարտին:

«Մեր ակցիաները կսկսենք խորհրդարանական ընտրություններից հետո, որպեսզի ընտրությանը մասնակցող թեկնածուներն այս ծրագիրն իրենց շահերի համար չօգտագործեն», - ասում է Հասրաթյանը:

«Մենք չենք ուզում, որ «Օրորոցը» մխրճվի քաղաքականության մեջ, լինի քաղաքական ակցիաների շրջանակներում, մենք ուզում ենք, որ այն լինի նորմալ, մարդկային երկրի զարգացման գործընթացների մի մասը»:


  Don't Tread In Here
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

New Parliament To Be Elected Amid Lingering Political Tensions

Full story

 
 
 
 

Guilt by Association: Azeri attorney under attack for visit to Karabakh

Full story

 
 
 
 

Stocking the Cradle: Ororots ready to help infants but needs help itself

Full story

 




  Photo of the week
  Gone. Forgotten?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Gone. Forgotten?

May Day was yesterday. Time to haul out the icons of the past and remember "the good old days".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2021. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.