ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 2, 2003 




Փուլանիշ. թանգարանը հարգանքի տուրք է մատուցում մեծ կոմպոզիտորին, սակայն հարյուրամյակին նվիրված տոնակատարությունները դեռևս չեն սկսվել


Արամ Խաչատրյանի 100-ամյակի կապակցությամբ թանգարանի տնօրենի պատրաստած և հրատարակած նամականին:

Երբ 1978 թվականին դիրիժոր Գոհար Հարությունյանին առաջարկեցին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բացվող տուն-թանգարանի տնօրենի պաշտոնը, նրա զարմանքը մեծ էր:

«Երբ առաջին անգամ ոտք դրեցի այստեղ, միայն հուշատունն էր: Դուռը ջարդված էր, այգու ծառերը՝ չորացած: Մինչև թանգարանի շենքի շինարարությունը սկսելը, այստեղից 40 մեքենա աղբ հանեցինք», - ասում է 80-ամյա Հարությունյանը:

Սակայն Հարությունյանի աչքերը փայլում են, իսկ ձայնը զրնգում է, երբ խոսում է մեծ կոմպոզիտորի մասին:

«Ես ամբողջ կյանքս եմ նվիրել այս աշխատանքին, - ասում է նա: - Ինքս էլ եմ զարմանում, թե ինչպես եմ այս ամենը հասցրել: Բայց մեկ է, չեմ հոգնել: Գիշեր-ցերեկ մտածում եմ, էլ ինչ պետք է անեմ, որ ոչ մի պակաս բան չթողնեմ»:

Նա 25 տարի է նվիրել նյութերի հավաքմանը:

«25 տարվա մեջ 1500 նամակ եմ գրել, - ասում է նա: - Արամ Խաչատրյանը եղել էր 50-55 երկրներում, և ինձ սկսեցին պատասխանել: Այն տարիներին, հատկապես նամակների հավաքման գործում, մեծ օգնություն ստացա սփյուռքահայության կոմիտեից»:

Հարությունյանը հավաքել է 1978 թվականին մահացած Արամ Խաչատրյանի 1450 լուսանկարներ, նրա մասին պատմող 7000 հոդվածներ և 18000 նյութեր:

1983 և 1993 թվականներին Հարությունյանը հրատարակել էր երաժշտի նամակները:

Այս տարի նույնպես Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Հարությունյանը հրատարակել է նրա նամակները, ինչպես նաև թանգարանի կատալոգները անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Պետական կազմակերպությունների կողմից որևէ օգնություն չստանալով՝ Հարությունյանը hրատարակել է այդ նյութերն իր սեփական միջոցներով:

Թանգարանի աշխատակազմն անհանգստացած է, որ արդեն հինգերորդ ամիսն է սկսվել, իսկ Հայաստանը դեռ ոչնչով չի նշանավորվել մեծ երաժշտի 100-ամյակը:

«Եթե մեր պետական այրերին հարցնեք, թե իրենք ինչ են արել 20-րդ դարի մեր հրաշալի կոմպոզիտորի համար, պատասխան չեք ստանա, - ասում է տնօրենը, - իսկ ես կարող եմ ասել, որ ստեղծել եմ թանգարան համաշխարհային անունով»:

Գոհար Հարությունյանն ասում է, որ անցած 25 տարիների ամեն օրը լի է եղել իրադարձություններով:

Տիկին Հարությունյանին մտահոգում է նաև այն փաստը, որ Հայաստանի սահմաններից դուրս Խաչատրյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները սկսվել են դեռևս փետրվարից, իսկ Հայաստանում դեռ չեն սկսվել: Հուլիսին նա պատրաստվում է մեկնել Բոստոն՝ մասնակցելու Խաչատրյանին նվիրված տոնակատարությանը:

Հարությունյանն ինքը պարգևատրվել է թանգարանում կատարած իր աշխատանքի համար, այդ թվում՝ Մովսես Խորենացու մեդալով թանգարանի գործունեության 20-ամյակի կապակցությամբ:

Եվ չնայած հարյուրամյակի առանձնակի նշանակությանը, նա ասում է, որ անցած 25 տարիների յուրաքանչյուր օրը լի է եղել իրադարձություններով: Թանգարանի համերգային դահլիճում շաբաթը երկու-երեք անգամ կազմակերպվում են համերգներ, մրցույթներ, ինչպես նաև հանդիպումներ անվանի երաժիշտների հետ: Թանգարանն ամեն տարի ունենում է շուրջ 15000 այցելու:

«Մենք անընդհատ գործի մեջ ենք, չենք սպասում, թե վերևից ինչ կանեն, - ասում է Հարությունյանը, - մենք միշտ արել ենք ու կանենք»:

Թանգարանի ձայնադարանը բավականին հարուստ է: Այն համալրվել է 2500 լազերային սկավառակներով, որ նվիրել է կանադահայ Լաթելյե Գրիգորյանը: Եվս 350 երիզներ է նվիրել ֆրանսիական դեսպանատունը:

Թանգարանի տնօրենն իրեն համարում է հերոսուհի, երբ պատմում է, թե ինչպես է Սան Պաուլոյից թանգարան հասցրել «Փլեյեր» մակնիշի դաշնամուրը Արամ Խաչատրյանի ստորագրությամբ:

«Այդ դաշնամուրը պատկանում էր արգենտինահայ Տիգրան Մոստիջյանին: 1958 թվականին նա կոմպոզիտորի պատվին մեծ ընդունելություն է կազմակերպում իր տանը: Այնտեղ Խաչատրյանը նրա խնդրանքով նվագում է, իսկ հետո Մոստիջյանի խնդրանքով մեխով ստորագրում իր ազգանունը», - պատմում է Հարությունյանը:

Արգենտինայում կայացած համերգից հետո կոմպոզիտորը «ստորագրել» է դաշնամուրի վրա: Այժմ այն հանգրվանել է թանգարանում:

Այսօր դաշնամուրը համեստորեն կանգնած է թանգարանի համերգային դահլիճում և լռում է: Նրա փոխարեն խոսում են պատերի լուսանկարները: Արամ խաչատրյանը Չառլի Չապլինի, Մաքսիմ Գորկու, Սոֆի Լորենի, Բելգիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, Էռնեստ Հեմինգուեյի, Մարկ Շագալի և շատ այլ հայտնի մարդկանց հետ:

Խաչատրյանի որդին՝ Կարենը, թանգարանին է հանձնել հոր անձնական իրերի մեծ մասը՝ ննջարանի, աշխատասենյակի, ճաշասենյակի կահավորանքը, դաշնամուրը, դիրիժորական ֆրակը, փայտիկը, բազմաթիվ այլ իրեր:

Վերջին 25 տարիների ընթացքում թանգարանը չի վերանորոգվել: Առաջարկել են վերանորոգել շենքը Հայաստանում «Լինսի» հիմնադրամի մշակույթային ծրագրի շրջանակներում, սակայն Հարությունյանն ասում է, որ չի կարող վերանորոգման պատճառով ընդհատել հարույրամյա հոբելյանը, չնայած վերանորոգումն անհրաժեշտ է:

Ձմռանը ջերմաստիճանը թանգարանում հասնում է -12-ի, իսկ գարնանը, երբ սկսվում են անձրևները, առաստաղի սալիկները թափվում են:

«Թանգարանի ստեղծման նախաձեռնողն ինքը՝ Արամ Խաչատրյանն էր, - ասում է Հարությունյանը: - Նա գտնում էր, որ իր թանգարանը պետք է լինի Հայաստանում: Նա երազում էր, ինչպես ինքն էր ասում, «իր ժողովրդին» հանձնել իր ձեռագրերը, նամակները, հիշարժան իրերը, որոնք պետք է վկայեին նրա կյանքի, ստեղծագործության, երաժշտական համաշխարհային ճանաչման մասին»:


  Don't Tread In Here
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

New Parliament To Be Elected Amid Lingering Political Tensions

Full story

 
 
 
 

Guilt by Association: Azeri attorney under attack for visit to Karabakh

Full story

 
 
 
 

Stocking the Cradle: Ororots ready to help infants but needs help itself

Full story

 




  Photo of the week
  Gone. Forgotten?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Gone. Forgotten?

May Day was yesterday. Time to haul out the icons of the past and remember "the good old days".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.