ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 2, 2003 




Հարգանքի տուրք հերոսներին. «Արամ»-ը պատմություն է եղեռնի, Ղարաբաղի և մեկ մարդու պայքարի մասին


«Արամ» ֆիլմի գովազդային պաստառը:

Ղարաբաղյան պատերազմ... ռումբերի ահեղ ձայնից ու մահացու հարվածներից գետնահորերում ծվարել են երեխաները: Վախով ու կարոտով լի նրանց աչքերը սարսափահար նայում են իրենց սգացող մայրերին:

Մի ծեր կին կանգնած է իր տան փլատակների մեջ. «Խաղաղություն ենք ուզում, միայն խաղաղություն տվեք մեզ»:

Այսպես է սկսվում «Արամ»-ը՝ կինոռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի առաջին լիամետրաժ ֆիլմը: Այն արդեն 3 ամիս ամեն օր ցուցադրվում է Փարիզի 5 կինոթատրոններում, իսկ ապրիլի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում սկսվեց ֆիլմի հայաստանյան ցուցադրումը:

Ֆիլմի գործողութունները ծավալվում են Փարիզում, ուր գաղտնի ժամանում է Արամը (դերակատար՝ Սիմոն Աբգարյան), որին ընտանիքը համարում է Ղարաբաղում անհայտ կորած: Նա պատրաստվում է վրեժ լուծել եղեռնի զոհերի և հաշմանդամ եղբոր համար՝ սպանելով թուրք գեներալի:

Թեև եղեռնը ֆիլմում բացահայտ չի ներկայացվում, հանդիսատեսն անմիջպես ըմբռնում է տողերի արանքում դրված իմաստը:

Ռոբեր Քեշիշյանը և Սերժ Ավեդիքյանը մամլո ասուլիսում:

«Իր «Արամ» ֆիլմով Քեշիշյանն ընդգծում է իր անհատականությունը, ընտանեկան ողբերգության և ահաբեկչության միջոցով առաջ քաշելով հայոց եղեռնի չսպիացած վերքերը, - գրել է «Լը Մարսեյ» թերթը: - Ֆիլմի գիշերային մի տեսարանում Ռոբեր Քեշիշյանը Փարիզը ներկայացրել է որպես մի անհայտ քաղաք, որը թաքցնում է իր գաղտնիքները վտարանդուն հատուկ զգուշությամբ, անվերջանալի միալար, մելամաղձոտ երաժշտությամբ, որը հիշեցնում է 1915-16 թվականների հայոց եղեռնը»:

«Ֆիլմում բազմաթիվ են գիշերային Փարիզի տեսարանները, ուր սև ու սպիտակի ներդաշնակությունը վերածվում է տարբեր երանգների, հայկական երգերը, որոնք տառապանքի ձայն են կարծես, որ հնչում են որպես բողոք, և խորիմաստ հայացքները, որոնք ավելի շատ են, քան երկխոսությունները»:

Մի մարդ գիշերային մթության մեջ լուռ, սևեռուն հայացքով քայլում ու միևնույն ժամանակ ամրագրում է իր թշնամիների և համախոհների հայացքները: Աչքերը հոգնած են, տանջված, բայց կրակով լի, հոգին լի է սիրով ու վրեժով: Արամն է, որ և՛ մարդասպան է, և՛ արդարություն ու հատուցում փնտրող որդի, որն արցունքոտ աչքերով կարող է ծնկի իջնել հոր առջև ու ներողամտություն հայցել:

Անցյալ շաբաթվանից «Արամը» ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում:

«Արամն այն հերոսն է, որ կուզենայի լինել, բայց չեմ, որովհետև խոսք եմ տվել ծնողներիս, որոնք արդեն կորցրել էին իրենց 3 որդիներին», - ասում է Քեշիշյանը: Փարիզում ծնված 63-ամյա արվեստագետն առաջին անգամ է Հայաստանում, քանզի ինքն իրեն և ծնողների հիշատակին խոսք էր տվել, որ չի գա Հայաստան, մինչև չստեղծի այս ֆիլմը:

«Ես ուզում էի ոտք դնել հայրենիք նրա իսկական զավակը դարձած, ուզում էի ասել այդ հողին, որ արել եմ այն, ինչ կարող էի և պետք է անեի»:

Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է 1988-1989 թթ. հայ ազատագրական շարժման ծավալման և ղարաբաղյան պատերազմի հետ:

Արամի կերպարը հիմնված է Սողոմոն Թեհլերյանի կենսագրության վրա, որը սպանել է թուրք դեսպանի: Այն ունի նաև պատերազմում զոհված Ղարաբաղի հերոս սփյուռքահայ Մոնթե Մելքոնյանի բնորոշ գծերը:

Քեշիշյանն անվանել է ֆիլմն իր հոր անունով, որը որբացել և վտարանդի է դարձել 14 տարեկանում:

«Արամն իմ որդիական սիրո և մարդկայնության կատարյալ համակցությունն է, նա ազատագրական պայքարի ելած մարտիկի ընդհանրացված կերպար է: Ես հարգանքի իմ տուրքն եմ տալիս Ղարաբաղի հերոսներին ու փորձում անմահացնել նրանց Արամի կերպարով», - ասում է Քեշիշյանը:


  Don't Tread In Here
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

New Parliament To Be Elected Amid Lingering Political Tensions

Full story

 
 
 
 

Guilt by Association: Azeri attorney under attack for visit to Karabakh

Full story

 
 
 
 

Stocking the Cradle: Ororots ready to help infants but needs help itself

Full story

 




  Photo of the week
  Gone. Forgotten?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Gone. Forgotten?

May Day was yesterday. Time to haul out the icons of the past and remember "the good old days".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.