ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 2, 2003 




Արվեստ ստեղծողների աչքերով. «Անտիֆրիզ»՝ ոչ այնքան թեժ ցուցահանդես


Ցուցահանդեսի կազմակերպիչները քննարկում են ՆՓԱԿ-ում նոր տեղադրված հավաքածուն:
Առաստաղից կախված կարմիր լաթի կտորները՝ անգլերեն մակագրությամբ, աչքի զարնող առաջին ցուցանմուշն են, որ կախված են ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) ապրիլի 26-ին բացված երիտասարդական ցուցահանդեսում։

«Սա փողոցային արվեստ է, - բացատրում է լաթերի հեղինակը՝ Նատան: - Եթե հանդիսատեսը չհասկանա անգլերենը, ապա գոնե միայն այս կհասկանա «I'm an artist»։ Այսինքն, որ ես արվեստագետ եմ»։

«Անտիֆրիզ» կոչվող ցուցահանդեսի շատ աշխատանքներում է օգտագործված անգլերենը, որը կարծես ոչ այնքան ուղղված է հայասատանցի հանդիսատեսին, որքան արտահայտում է հեղինակների ձգտումը ձուլվել արևմտյան հասարակությանը։

«Ցուցահանդեսի շեշտը դրված է հաղորդակցության վրա, - ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ Վահրամ Աղասյանը։ - Անտիֆրիզը ավելացվում է ավտոմեքենայի ջրին, որ ջուրը չսառչի, և մեքենայի շարժիչը աշխատի: Արվեստն էլ անտիֆրիզ է, որը չի թողնում, որ մշակույթը սառչի, իսկ մշակույթն էլ, իր հերթին, հասարակության շարժիչն է ու չի թողնում, որ հասարակությունը տեղում մնա։ Թեման այդպես էր մտածված։ Իսկ թե որքանով է դա արձագանք գտել հեղինակների մեջ՝ այլ հարց է»։

Մասնակիցների արձագանքները տարբեր էին:

Առաջին ցուցանմուշը ՆՓԱԿ մտնելիս:

Սակայն ներկայացված աշխատանքներից քչերն էին առնչվում հայաստանյան իրականությանը և հաղորդակցության մեջ մտնում հայաստանցի հանդիսատեսի հետ։ Հակագազը՝ մեկ ինստալիացիայի ծայրին տեղադրված, մեկ կտավին պատկերված, աշակերտական անվարժ ձեռքով արված հակապատերազմական կտավը, որտեղ տարբեր նշաններով խաչ է քաշված Բուշի և Բեն Լադենի դեմքերին, փորձեր են արտացոլելու արևմտյան հասարակության մտահոգությունները։

«Violenc fedr» վիդեոպրոյեկցիայում թավալգլոր լինող աղջիկները ավելի շուտ հեղինակի անհաջող փորձն էին ցույց տալիս, որ դեմ է բռնությանը, քան բռնության դեմ իրական բողոք։

Ցուցահանդեսը կարելի է համարել հայ երիտասարդների պատրանքը, որ նրանք մեկուսացած երկրում արևմտյան երիտասարդների հետ նույն օդն են շնչում և նույն խնդիրներով են ապրում։

Հակապատերազմական կտավները (որոնցում ոչ մի հայ գործիչ պատկերված չէ), կարծես, բոլորովին այլ տեղից են ընկել ցուցահանդես և փորձում են արտահայտել արևմտյան քաղաքների հակապատերազմական ցույցերի տրամադրությունը։ Իսկ հայաստանյան ցույցերի վերարտադրություն այստեղ չի գտնվի։

Հայ հասարակության հետ առնչվող հատուկենտ գործերից է ռաբիս երիտասարդի շարժանկարը: Երիտասարդ տղան մեկ պպզած թզբեհ է շարժում ձեռքի մեջ, մեկ նեղ սենյակում քայլում՝ ամորձիները քորելով։ Հեղինակ Արթուր Զաքարյանը փորձել է ռաբիս երիտասարդների խավը ներկայացնել որպես պարապ, ծույլ ու դատարկ մարդկանց, որոնք ոչ մի ձգտում չունեն: Սակայն շարժանկարն ավելի շատ արտահայտում է թշնամանք ու ատելություն ռաբիսների նկատմամբ։

Ցուցանմուշներից մեկը ներկայացնում էր Հայաստանի ռաբիս հասարակությունը:

70-ական թվերին առաջացած հակասությունը հիպիների և ավանդապաշտ ու արևելյան մշակույթին հակված ռաբիսների միջև, դեռևս չի վերացել և իր արտահայտությունն է գտել ՆՓԱԿ-ում։

«Եթե ռաբիսը հակված է արևելյանին ու հունականին, ապա այս ցուցահանդեսը հակված է արևմտյան էկզոտիկային, - ասում է արվեստաբան Վարդան Ջալոյանը: - Սա արևմտյան արվեստի վերարտադրությունն է։ Արվեստի խնդիրներից է հակադրվելը: Հակադրվել թե՛ արևմտյանին, թե՛ արևելյանին, դուրս գալ մշակութային սահմաններից, քանի որ արվեստն ապստամբություն է գործող մշակույթի դեմ։ Իսկ այստեղ չեն կարողացել արտաքին աշխարհը վերարտադրել և արդյունքում ցուցահանդեսը վերածվել է սիմվոլների ու պատկերների քաոսի։ Դրանք էլ վերցված են ժամանակակից արվեստի նվաճումներից և վերածված են դիզայնի։ Տեքստերն էլ երիտասարդական սուբկուլտուրայի կլիշեներ են և ստեղծագործական պահ չունեն»։

Հայերեն մակագրություն ունեցող աշխատանքներից է հայկական թերթերի ճմռթված պատկերը՝ վրան վերից վար գրված՝ «Ես ձգտում չունեմ»։ Սա ոչ այնքան արտահայտում է գոյության փակուղին, որքան անկեղծ խոսք է, որ ծնվել է Հայաստանում երիտասարդների ձգտումները ճզմող մոլորված վիճակից։ Այդ մոլորվածությունն առաջացրել է առաջին հայացքից ալեկոծ, սակայն իրականում ոչ մի տեղ չտանող հասարակությունը, որի խորհրդանիշն են տարբեր ուղղություններ մատնանշող, սակայն այդպես էլ հեռանկար չարտահայտող, ճմռթված հայկական թերթերը։

Բացումից երկու ժամ անց ելույթ ունեցավ «Ռեինկարնացիա» ռոք խումբը, որն իրեն ֆաշիստական է համարում։ Ռուսերեն ու անգլերեն տեքստերով երգերն ուղեկցվում էին Հիտլերի և ժամանակակից ռուս երիտասարդ նացիոնալիստների շարժանկարով և արտահայտում էին երաժիշտների ոչ թե ֆաշիստ լինելը, այլ արևմտյան ֆաշիստ երիտասարդներին նմանակելը։

«Մենք այս խմբին էլ ենք թույլ տվել մասնակցել փառատոնին, քանի որ սա արվեստ է և վնաս չի տալիս, - ասում է Վահրամ Աղասյանը: - Իրական ֆաշիստները այն դաշնակներն էին, որ խանգարեցին թուրք ռեժիսորի ֆիլմի ցուցադրումը»։

Աղասյանը նկատի ուներ անցյալ շաբաթ տեղի ունեցած կինոփառատոնը, երբ դաշնակցական երիտասարդների մի խումբ ոտքի էր կանգնել կինոսրահում և խանգարել թուրքական ֆիլմի ցուցադրումը:


  Don't Tread In Here
 
Click on the photo above to enlarge
 

  Inside
 

New Parliament To Be Elected Amid Lingering Political Tensions

Full story

 
 
 
 

Guilt by Association: Azeri attorney under attack for visit to Karabakh

Full story

 
 
 
 

Stocking the Cradle: Ororots ready to help infants but needs help itself

Full story

 




  Photo of the week
  Gone. Forgotten?
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Gone. Forgotten?

May Day was yesterday. Time to haul out the icons of the past and remember "the good old days".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.