ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 28, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Այս սեղանն այնքան լիքն է, որ հյուրերը ստիպված են հետ քաշվել, որպեսզի սեղանի վրա էլի ուտեստներ դնեն: Իսկ ուտելիք էլի է գալիս, կարծես Արարատի սառցե գագաթն ուտեստների մի բլուր է, որ սկսել է հոսել գարնանային հալոցքից, և դրա վերջնակետը Հալաբյան փողոցի վրա գտնվող այս բնակարանն է:

Սեղանի մի ծայրին ես եմ, մյուսին՝ Արթուրն ու Յուլիան, և մեր միջև ուտեստների մի ամբողջ պատկերասրահ է, որը սկսվում է թթու վարունգով, պանրով, ձիթապտղով և վերջանում է չորս տարբեր աղցաններով: Պնակների մեջ շարված պանիրն ընդմիջվում է մսի շերտերով, որոնց մեջ ձիթապտուղ է դրված: Դա արված է հմտորեն՝ արտիստիկ խոհանոցային մի խճանկար ստեղծելու նպատակով, որը վարանում է խախտել անգամ քաղցած մարդը: Աղցանները պսակվում են խաշած ձվի կիսված սպիտակուցներով՝ դրանց վրա ատամմաքրիչներով ամրացված պանրի շերտերը հիշեցնում են փոքրիկ «առագաստներ», և թվում է, թե կտրտած կաղամբի և գազարի օվկիանոսում ձվի նավակներ են լողում: Ձվաձև պնակներում դարսված կանաչուն խնամքով թռչնաբույնի տեսք են տվել, որի գագաթին տեղադրված է գազարե մի ծաղիկ՝ ձիթապտղե վարսանդով:

Սեղանի ծայրերին բազմազան խմիչքներ են՝ կոկա-կոլա, ֆանտա, ջերմուկ, գինի, օղի, հյութ...

Սեղանի շուրջը նստած ենք 15 հոգով (քաղաքակիրթ երկրներում այդ սեղանի շուրջը կնստեր ութ հոգի): Արմունկների տեղ հայկական սեղանների շուրջ չեն նախատեսում, և ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ սեղանների շուրջ հնարավորին չափ շատ հյուրեր են նստեցնում, որպեսզի նրանց հնարավորություն տան վայելել իրար գլխի վրայով ուտելիքներին հասնելու հաճույքը:

Սակայն առաջինը հյուրերին սեղանի շուրջը նստեցնելու արարողությունն է: Ես ականատես եմ եղել, թե ինչպես է դա տևել գրեթե կես ժամ, նույնիսկ փոքրաթիվ հյուրերի պարագայում:

«Նստեք, նստեք»:

«Չէ, չէ, դուք նստեք»:

«Չէ, դուք»:

«Չէ, դուք»:

... Եվ այդպես շարունակ՝ բարեկրթության մի տեսակ մրցույթ, որպեսզի հետո նստեն և խախտեն ճաշելու էթիկետի կանոնների մեծ մասը: Հայերն ուտելը վերածում են սպորտի, դիմացկունության փորձության, որին մասնակցում են ուրախությամբ:

Սեղանի շուրջը նստած հյուրերի տաբատների և փեշերի վրայի ծալքերը դեռ չեն հասցնում մի կարգին ձևավորվել, երբ տեսարանը կենդանանում է դեմքերի առջևով աշխուժորեն երթևեկող արմունկներով և արշավի ելած դատարկ և ավարով վերադարձող, կաթացող գդալ-պատառաքաղներով:

Իմ քիթը ձևափոխությունից միայն կշահեր, սակայն տակավին ոչ այն մեթոդներով, որոնք սպառում են ինձ ամեն անգամ, երբ ես նստում եմ նման սեղանների շուրջը: Պատառաքաղները ճախրելով անցնում են ռունգերիդ կողքով ու հետո վերադառնում են՝ շալակած մի կես խոզի բուդ, մի ամբողջ կարտոլ կամ մի գլուխ պանիր:

Ավելացրեք Սփյուռքը, և դուք կունենաք մի մշակույթ՝ առնվազն երկու լեզուներով, որոնցից ոչ մեկում «փոխանցեք, խնդրեմ» արտահայտությունն առանձնապես ընդունված չէ:

Եվ չկա ավելի զվարճալի և համեղ տեղ, քան Հալաբյան փողոցի այն բնակարանը, ուր գնացել էի կիրակի օրը, կամ տասնյակ այլ տները, որտեղ պատիվ եմ ունեցել ակտիվորեն մասնակցելու նման տեսարանների:

Այդ օրը ես նայում եմ ինձ շրջապատող երիտասարդ դեմքերին: Նրանք հետնորդներն են այն սերնդի, որն իմ ծնողներին հայտնի էր որպես «սովամահ լինող հայեր»: Դա մի պատկեր է, որը դժվար է վերականգնել հիշողության մեջ այս սեղանի շուրջը:

Մենք հավաքվել ենք, որպեսզի նշենք Հայկի ծննդյան օրը և նրա ու Տաթևիկի ամուսնության երկրորդ տարեդարձը: Հյուրերը Հայկի նախկին բանակային ընկերներն են, որոնց հետ ծառայել է Ղարաբաղում: Եվ այս դեմքերն ինձ էլ են մոտ դարձել այս հինգ տարիների ընթացքում:

Կարեն, Վալերի, Եղիշե, Հովիկ, Մայիս և Արթուր: Նրանց մեծ մասին առաջին անգամ տեսել եմ զինվորական համազգեստով: Այսօր ես տեսնում եմ նրանց իրենց կանանց կողքին և ծանոթանում եմ վերջին երկու տարում այս մեծ ընտանիքին ավելացած երեք երեխաների հետ:

Ես ամառային գիշերներ եմ անցկացրել Ղարաբաղում նրանց հետ՝ կռվելով մոծակների դեմ և ամուրիական ճաշեր ուտելով: Այսօրվա օրը բոլորովին ուրիշ է:

Նրանք այսօր ունեն եթե ոչ կարիերա, ապա գոնե աշխատանք, և այսօր խմեցին նաև այն բախտավորության կենացը, որ այս զույգերից երկուսն ունեն իրենց սեփական բնակարանները:

Այս մարդիկ հարուստ չեն, ոչ էլ առանձնապես տարբերվում են ժողովրդի մեծամասնությունից: Նրանք օգտվում են երթուղային տաքսիներից կամ համեստ մեքենաներ ունեն, և եթե նրանց սեղանները միշտ այսպես լիքը չեն, ապա նրանք գոնե հնարավորություն ունեն նման սեղաններ գցել այսօրվա նման առիթներով:

Ինձ հաճախ են հարցնում, արդյոք Հայաստանում վիճակը բարելավվում է: Այս տանն այս օրով ամեն ինչ հիանալի է:


  Inside
 

Crackdown or Crime?: Arrests continue to follow Presidential Election

Full story

 
 
 
 

Disturbing the Dead: Concern grows for fate of Armenian cemeteries in Azerbaijan

Full story

 
 
 
 

Cybervision: Work of Iraqi-Armenian and American-Armenian meets in the net

Full story

 





  Photo of the week
  Snowball
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Snowball

At today's Under-21 football match between Armenia and Northern Ireland, played in Abovian, the match had to be delayed for nearly an hour while workers cleared the pitch of snow. When the field was cleared, the home team played to a 2-0 victory.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.