ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 28, 2003 




Հանցագործության սանձահարում, թե՞ օրենքի ոտնահարում. նախագահական ընտրություններից հետո սկսված ձերբակալությունները շարունակվում են


Առնվազն 72 քաղաքացի է ձերբակալվել մարտի 5-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո ընկած ժամանակահատվածում: Տպավորությունն այնպիսին է, կարծես ընդդիմության կողմնակիցների շուրջկալ է հայտարարվել: Ձերբակալվածների թիվը կարող է ավելի մեծ լինել՝ 103:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ ձերբակալությունները սահմանադրական ազատությունների ոտնահարում են, իսկ ընդդիմադիր ուժերին մտահոգում է այն, որ ձերբակալությունները նպատակ ունեն ահաբեկել նրանց կողմնակիցներին մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին:

Անցյալ ուրբաթ օրը՝ մարտի 21-ի գիշերը, ընտրությունների դեմ ուղղված բողոք- հանրահավաքից հետո կալանավորվել են ավելի քան 30 հոգի: «Հանրապետություն» կուսակցության և Հայաստանի ժողովրդական կուսակցության տվյալներով, ձերբակալվել են 70-ից 80 քաղաքացի:

«Շահումյանի շրջանի ոստիկանները ձերբակալեցին ամուսնուս մարտի 22-ին՝ առավոտյան ժամը 7-ին, - ասում է Ամուր Պետրոսյանի կինը՝ Նաիրան, - Երեքով մտան տուն ու միանգամից կանգնեցին ամուսնուս կողքին՝ ասելով, որ հագնվի ու պատրաստվի գնալ: Հարցրեցի՝ ինչու՞ եք տանում, պատասխանեցին, թե ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացիր, նրան միայն կտուգանենք ու տուն կգա»:

Սակայն շատերի նման Պետրոսյանին 15-օրյա կալանքի ենթարկեցին՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ընդդիմադիր հանրահավաքին մասնակցելու մեղադրանքով:

Նաիրա Պետրոսյանն ասում է, որ «գլխացավանքից ազատվելու համար» տանտերը նրան երկու երեխայի հետ բնակարանից դուրս է արել:

Ձերբակալվածների հարազատներից պահանջում են վճարել 6000 դրամ կալանավորների սննդի համար և 1000 դրամ ոստիկանությունում անձնական գործի համար նրանց լուսանկարելու համար:

Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը պնդում է, որ այդ գումարները չեն ծախսվում սննդի վրա:

Ընդդիմության կողմից ձերբակալությունների ընթացքին հետևող Մխիթարյանն ասում է, որ մարտի 17-ից ի վեր 103 մարդ է ձերբակալվել՝ ներառյալ նրանք, ում վերաբերյալ «տվյալներ չունենք»:

Միավորված 10 ընդդիմադիր կուսակցությունների «Արդարություն» դաշինքն անվճար իրավաբանական խորհդատվություն է առաջարկում այն մարդկանց, ովքեր պնդում են, որ ձերբակալությունների ժամանակ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություններ են գործադրել:

Ձերբակալված կանանց մեծ մասին տուգանում են 1-5 դոլարի չափով և ազատ են արձակում, մինչդեռ տղամարդկանցից շատերը ենթարկվում են 5-15-օրյա կալանքի:

Ըստ ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանի, երկուշաբթի օրը նրա գրասենյակ է եկել 62-ամյա Սուրեն Սարգսյանը և բողոքել է, որ մարտի 18-ին նրան տարել են տնից՝ նույնիսկ թույլ չտալով հագնել կոշիկները:

Նորք թաղամասի բնակիչ, թոշակառու Սարգսյանը, որը երկու անգամ կաթված է տարել և վատառողջ է, Խաչատրյանին պատմել է, որ ոստիկանությունում թույլ չեն տվել իրեն զանգահարել տնեցիներին, որ կոշիկ բերեն, և այդ պայմաններում նրան պահել են մինչև հաջորդ օրը դատարան տանելը:

Սարգսյանը նաև պնդում է, որ երբ ինքը հրաժարվել է ցուցմունք տալ, իբր խուլիգանության մասնակից է եղել, ոստիկանության պետի տեղակալը խփել է նրա գլխին:

Արագած գյուղի բնակիչ Սուրեն Հովհաննիսյանը վնասվածքներ է ստացել, երբ ոստիկանությունը կանգնեցրել է մարտի 21-ի ցույցին մասնակցելու նպատակով Երևան ուղևորվող ավտոբուսը, և այժմ գտնվում է հիվանդանոցում: Վկաների հավաստմամբ, ոստիկանությունը փակել է Երևան մտնող բոլոր մայրուղիները: Հովհաննիսյանը վնասվածք է ստացել, երբ փորձել է փախչելով ազատվել իրեն հետապնդող ոստիկանության աշխատակիցներից:

Իրավապաշտպան կազմակերպությունների հավաստմամբ, ոստիկանության գործողություններն ու ձերբակալության հրամանները խախտում են Եվրոխորհրդին անդամակցելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝ բարձրացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության մակարդակը:

Սակայն արդարադատության նախարարության մամլո խոսնակ Արա Սաղաթելյանը հայտնել է, որ քաղաքացիները վարչական պատասխանատվության «ենթարկվել են, ենթարկվում են և կենթարկվեն»՝ հասարակական կարգը խախտելու և ձերբակալությանը դիմադրելու համար:

«Այս տեսակետից, նույնիսկ Խորհրդային Միությունն ավելի իրավական պետություն էր, քան ներկայիս Հայաստանը», - ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ավելացնելով, որ Ղարաբաղյան շարժման ժամանակ կալանավորվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, և ոչ թե հանրահավաքների մասնակիցները:


  Inside
 

Crackdown or Crime?: Arrests continue to follow Presidential Election

Full story

 
 
 
 

Disturbing the Dead: Concern grows for fate of Armenian cemeteries in Azerbaijan

Full story

 
 
 
 

Cybervision: Work of Iraqi-Armenian and American-Armenian meets in the net

Full story

 





  Photo of the week
  Snowball
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Snowball

At today's Under-21 football match between Armenia and Northern Ireland, played in Abovian, the match had to be delayed for nearly an hour while workers cleared the pitch of snow. When the field was cleared, the home team played to a 2-0 victory.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.