ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 21, 2003 




Վախի թռիչք. Իրաքի բնակիչներն ապաստան են փնտրում Հայաստանում


Մինչ պատերազմի սպասման մեկ շաբաթը հասավ իր գագաթնակետին երեկ Բաղդադին հասցված հարվածով, վախեցած բնակիչները հեղեղել են Իրաքի հատկապես հյուսիս տանող ճանապարհները:

Իրաքից փախչողների այլընտրանքը մեծ չէ: Սահմանները թշնամաբար տրամադրված հարևանների՝ Իրանի և Քուվեյթի հետ, փակ են, իսկ Սիրիա կամ Սաուդյան Արաբիա հասնելն ու այնտեղ ապրելը չափազանց թանկ է շարքային իրաքցիների համար:

Այս առումով Բաղդադից ընդամենը 480 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի սահմանն ընդունելի տարբերակ է դառնում Իրաքի որոշ բնակիչների՝ հատկապես շուրջ 20-հազարանոց հայ համայնքի համար:

Իրաքի Հայկական համայնքի ադմինիստրացիայի կենտրոնական կոմիտեի նախագահ Վահագն Մեսրոպյանն ասում է, որ վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստան են մեկնել մոտ 25 ընտանիքներ: Մյուս կողմից, հունվար 1-ից մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում արտաքին գործերի նախարարությունն ընդամենը 31 տուրիստական վիզա է տվել Իրաքի քաղաքացիներին, իսկ Միացյալ ազգերի փախստականների գործերով բարձրագույն կոմիսարի հայաստանյան գրասենյակը ներկայումս քննում է փախստականի կարգավիճակ ստանալու ընդամենը երեք ընտանիքների դիմումներ:

Մեսրոպյանը վերջերս բնակարան է գնել Երևանում և երկու շաբաթ առաջ Բաղդադից Հայաստան է մեկնել կնոջ, դստեր և զոքանչի հետ:

Մեսրոպյանի ընտանիքը մեքենայով մեկնել է Հալեպ (Սիրիա), որտեղից ինքնաթիռով թռել է Երևան: Ճամփորդությունը Բաղդադից նրանց վրա նստել է մոտ 1100 դոլար, սակայն ընտանքին ասում է, որ ապահովությունն ավելի կարևոր է, երբ պատերազմի սպառնալիքն իրական է դառնում: Ընտանիքն իրերից իր հետ վերցրել է միայն որոշ հագուստեղեն, անկողնային սպիտակեղեն և սրբիչներ:

Մեսրոպյանն ասում է, որ հեշտ չէր մեկնել այն երկրից, որտեղ ծնվել է, սակայն նա վախենում էր, որ հնարավոր պատերազմը կարող է շատ ավելի մեծ վնաս պատճառել իր ընտանիքին:

«Իհարկե, այստեղ գալն ինձ համար դժվար էր, - ասում է նա, - Ստիպված էի թողնել աշխատանքս, տունս, ընկերներիս, բայց հույս ունեմ, որ սա ժամանակավոր բան է»:

Վահագնի կինը՝ Սեդան, որն այժմ թոշակառու է, սակայն նախկինում աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Բաղդադի գրասենյակում, ասում է, որ նրան մտահոգում է այն, ինչ կատարվում է Իրաքում: Նա միայն աղոթում է, իր ընկերների և հարևանների ապահովության համար:

«Մենք այստեղ ենք և ապահով ենք, սակայն հոգով և սրտով մենք այնտեղ ենք», - ասում է նա:

Մեսրոպյանների հավաստմամբ, Բաղդադի հայ համայնքում մթնոլորտն, ընդհանուր առմամբ, խաղաղ ու հանգիստ է եղել: Իրաքցիները, անկախ էթնիկական ծագումից, չափից ավելի լավ են ծանոթ պատերազմին, որպեսզի անտեղի խուճապի մատնվեն:

Սակայն շատերը, ըստ Մեսրոպյանների, ջրի և սննդամթերքի պաշար են կուտակում, իսկ Իրաքի կառավարությունը շարունակում է բնակչությանը սննդամթերք և դեղորայք տրամադրելու իր մարդասիրական ծրագիրը, որը սկսվել է անցյալ հուլիսին:

«Խուճապ չկա, բայց բոլորն էլ խիստ անհանգստացած են», - ասում է Վահագնը՝ նկատի ունենալով իր ընտանիքի մտահոգությունը, թե ինչ ուժեր են կազմելու հաջորդ կառավարությունը, եթե ներկա վարչակազմը հեռացվի իշխանությունից: Վահագնը բարձր է գնահատում հայ համայնքի լավ հարաբերություններն Իրաքի կառավարության հետ և հույս ունի, որ պատերազմը չի խաթարի այդ հարաբերությունները, որոնք հնարավորություն էին տալիս հայերին պահպանել իրենց ազգային ինքնությունը:

Իրաքի հայերի մեծ մասը ցեղասպանությունը վերապրած այն հայերի հետնորդներն են, ովքեր լքել են Թուրքիան 1915 թվականից հետո: Իրաքում կա ութ հայկական եկեղեցի, որոնցից չորսը Բաղդադում են, որտեղ կան նաև երկու հայկական մարզական ակումբներ, չորս մշակութային կենտրոններ և հայերին պատկանող բազմաթիվ ձեռնարկություններ:

Իսկ արձակված հրթիռներն ըստ ազգային պատկանելության չեն թիրախ ընտրում: Իրաքի հայ բնակիչների կյանքը վտանգված է, և Մեսրոպյանների նման ընտանիքների բախտը բերել է:

«Եթե պատերազմը հիմա սկսվի, ես և իմ ընտանիքը չենք կարող վերադառնալ», - ասում է Վահագնը:


  Inside
 

Flight of Fear: As war begins, some from Iraq seek refuge in Armenia

Full story

 
 
 
 

Border War: Kurds in Armenia watch fighting in Iraq with special interest

Full story

 
 
 
 

Before the Bombs: Locals and foreigners gather in small war protest

Full story

 





  Photo of the week
  Minor Protest
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Minor Protest

Members of "Mister and Miss Armenia", an organization that produces children's pageants and contests held a beauty protest outside the United States Embassy in Yerevan Thursday. The kids recently were in Iraq, and wanted to demonstrate their feelings to the US presence here.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.