ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 21, 2003 




Ձերբակալված է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Տիգրան Նաղդալյանի սպանությանը մեղսակցության մեղադրանքով


Հանրային հեռուստատեսության նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով մարտի 15-ին ձերբակալվեց սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ Մարտի 5-ին անցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո նա սպանության գործով 9-րդ ձերբակալվածն է։ (Սարգսյանների մյուս եղբայրը՝ Արամը, ընտրությունների ժամանակ առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն հետո հանեց այն հօգուտ Ստեփան Դեմիրճյանի:)

Առաջին 6 ձերբակալվածների մասին պաշտոնապես հաղորդվեց ընտրատեղամասերի փակումից շատ չանցած։ Ավելի ուշ գտնվել և գործին էր կցվել նաև «ՏեՏե» ատրճանակը, որը համարվում է ռուսական մաֆիայի սիրված զենքը պատվիրված սպանություններ կատարելիս:

Սարգսյանի ձերբակալությունն առաջ բերեց Հայաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների բողոքները: Սակայն հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել նրա մոր՝ տիկին Գրետայի, գործողությունները:

Երկուշաբթի օրը՝ մարտի 17-ին, Սարգսյանի մայրը բողոքի նստացույց է սկսել նախագահ Ռոբերտ Քոչարյանի նստավայրի դիմաց՝ հայտարարելով, որ չի դադարեցնելու այն, մինչև ազատ չարձակվեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ձերբակալված ընդդիմության ակտիվիստները:

Գրետա Սարգսյանն ասում է, որ իր որդու ձերբակալությունը «հոկտեմբերի 27-ի ահաբեկչության շարունակությունն է»: Վազգեն Սարգսյանն այն ութ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր, որոնք սպանվել էին 1999 թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Տիգրան Նաղդալյանը սպանվել էր 2002 թ. դեկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 7-ի մոտ, ծնողների երևանյան բնակարանի մուտքի մոտ՝ գլխին արձակված միակ կրակոցով։

Նաղդալյանին հեռուստատեսության ղեկավարի պաշտոնին էր նշանակել Քոչարյանը, և նա դարձել էր Քոչարյանի խոսափողը։ Նաղդալյանի հեռուստատեսային ծրագրերը հաճախ քննադատում էին ընդդիմությանը: Դատախազությունը, ինչպես նաև ինքը նախագահը, կարծիք հայտնեցին, որ Նաղդալյանի սպանությունը ընտրությունների քարոզարշավի հետ կապված քաղաքական դրդապատճառներ ունի՝ ակնարկելով ընդդիմությանը:

(Սակայն Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախկին մի փաստաբան կարծիք է հայտնել, որ Նաղդալյանը սպանվել է, քանի որ տեղեկություններ ուներ, որոնք առնչվում էին խորհրդարանական սպանություններին Քոչարյանի կողմնակիցների մեղսակցությանը:)

Տիգրան Նաղդալյանը ծնվել է 1966 թվին Երևանում։ Ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը։

Համալսարանն ավարտելուց հետո նա սկսում է գործունեություն ծավալել քաղաքական ասպարեզում։ Աշխատում է Կոմերիտմիության կենտրոնական կոմիտեում որպես հրահանգիչ և այդ պաշտոնում եղած ժամանակ 1990 թվին առաջադրում է իր թեկնածությունը Գերագույն խորհրդի (ներկայիս՝ Ազգային ժողով) ընտրություններում, սակայն չի ընտրվում։ Դառնում է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, սակայն մի քանի տարի անց հեռացվում է կուսակցության շարքերից։

1991 թվին նա սկսում է իր լրագրողական գործունեությունը պետական հեռուստատեսությունում բացված «Հայլուր» լրատվական ծրագրում, որը ղեկավարում էր Հանրային հեռուստատեսության ներկա նախագահ Ալեքսան Հարությունյանը։ Այդ ծրագիրը Հայաստանում առաջին «այլընտրանքային», նոր ոճի լրատվությունն էր, որը գործեց մինչև 1992 թվի հունվարի 1-ը։

Նաղդալյանը 1992 թվին նշանակվում է Դաշնակցության «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար և կրկին իր թեկնածությունն առաջադրում Գերագույն խորհրդի թափուր մնացած տեղի համար, սակայն կրկին անհաջողության է մատնվում։

1994 թվին հիմնում է «Փաստ» լրատվական գործակալությունը։ Ապա դառնում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից։ Նրա ռեպորտաժները աչքի էին ընկնում հղկված հայերենով և հումորով։

Այդ լրագրային հատկությունները 1998 թվից նա հետզհետե սկսեց ծառայեցնել Ռոբերտ Քոչարյանին, երբ աշխատանքի անցավ Ազգային հեռուստատեսությունում։ 1998 թվի նախագահական ընտրություններում արդեն ազգային հեռուստատեսության տնօրենի պաշտոնում Նաղդալյանը Քոչարյանի քարոզարշավի գլխավոր կազմակերպիչներից էր։

Վերջին 4-5 տարիների ընթացքում Նաղդալյանի գործունեությունն ավելի շատ քաղաքական բնույթ էր կրում: Նա դարձել էր Քոչարյանի կարևորագույն աջակիցներից մեկը:

Խորհրդարանական ահաբեկչությունից հետո Նաղդալյանի աջակցությունը Քոչարյանին դարձավ ավելի ակնհայտ: Նրա «Օրակարգ» ծրագիրը կերտում էր նախագահ Քոչարյանի դրական կերպարը և իր քննադատությամբ հարվածում ընդդիմությանը:

Ընդդիմության «Արդարություն» դաշինքը, որը գլխավորում են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը և Վազգեն Մանուկյանը, հայտարարություն է արել՝ ասելով, որ Արմեն Սարգսյանի ձերբակալությունն իշխանությունների ձեռնարկած զանգվածային ձերբակալությունների մի օղակն է, որի նպատակն է լռեցնել ընտրակեղծիքների դեմ բողոքները:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ ձերբակալությունների նպատակն է «երկարաձգել ապօրինի իշխանությունը և կանխել համաժողովրդական շարժումը»: Արամ Սարգսյանն ասում է, որ «նա (Քոչարյանը) իմ եղբորը ոչ թե կալանավորել է, այլ պատանդ է վերցրել, փորձում է ինձ լռեցնել»:

Ի պատասխան նստացույցին և ընդդիմության հայտարարություններին, Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակիցն ընթերցել է Արմեն Սարգսյանի ազգական Հովհաննես Հարությունյանի դատախազությունում տված ցուցմունքը:

Ըստ դատախազության, Հարությունյանը հայտնել է քննիչներին, որ Արմեն Սարգսյանն է պատվիրել Նաղդալյանի սպանությունը՝ առաջարկելով կատարողին 50 հազար դոլար։

Երկուշաբթի օրն Արմեն Սարգսյանին հանդիպելուց հետո, նրա փաստաբան Ռոբերտ Գրիգորյանն ասել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:

Համաձայն «Ասոշիեյթեդ փրես» գործակալության, անցյալ տարի ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Արմեն Սարգսյանի դեմ, մեղադրելով նրան, որ վերջինս կապեր է ունեցել մի ընկերության հետ, որն, ըստ որոշ տեղեկությունների, Իրանին վաճառել է տեխնոլոգիաներ, որոնք կարող էին օգտագործվել զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար: Սարգսյանը մերժել է այդ մեղադրանքները:


  Inside
 

Flight of Fear: As war begins, some from Iraq seek refuge in Armenia

Full story

 
 
 
 

Border War: Kurds in Armenia watch fighting in Iraq with special interest

Full story

 
 
 
 

Before the Bombs: Locals and foreigners gather in small war protest

Full story

 





  Photo of the week
  Minor Protest
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Minor Protest

Members of "Mister and Miss Armenia", an organization that produces children's pageants and contests held a beauty protest outside the United States Embassy in Yerevan Thursday. The kids recently were in Iraq, and wanted to demonstrate their feelings to the US presence here.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.