ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 21, 2003 




Փառքի օրեր. էջմիածինցի տղամարդիկ հիշում են ղարաբաղյան կամավորության տարիները


Այս գարնանն ամբողջ Հայաստանում նշվող Ղարաբաղյան շարժման 15-րդ տարեդարձն առանձնահատուկ նշանակություն ունի Էջմիածնի շատ ընտանիքների համար:

1988 թվականին, ադրբեջանական Սումգայիթ քաղաքում իրականացված ջարդերից հետո, Էջմիածինը, որը հայտնի է հիմնականում նրանով, որ այստեղ է գտնվում Սուրբ Աթոռը, առաջիններից էր, որ կամավորներ ուղարկեց հայրենասերների կարծիքով այդ սուրբ պատերազմին:

«Քաղաքի և շրջանի գյուղերից մեծ թվով տղաներ սկսեցին կամավորագրվել նոր ձևավորվող կամավորական ջոկատներին հայրենիքի պաշտպանության համար», - ասում է Էջմիածնի կամավորական շարժման ղեկավար, մանկավարժ Համլետ Նահատակյանը:

Հայոց լեզվի և գրականության մասնագետը չի կարողանում անտարբեր մնալ, և ինչպես ինքն է ասում, այն պահին, երբ հայրենիքդ վտանգի մեջ է, պետք է դասասենյակից դուրս գաս: Եվ վաստակաշատ մանկավարժը դառնում է զինվոր:

«15 տարի առաջ այս օրերին արդեն սկսվել էին բազմահազարանոց հանրահավաքներն ու ցույցերը: Սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, որը վերածվելու էր ազգային ազատագրական մեծ պայքարի: Մենք ճիշտ ժամանակին հասկացանք, որ հանրահավաքներով հայրենիքիդ կորցրած տարածքները չես վերադարձնի», - ասում է Նահատակյանը:

Էջմիածնի առաջին ջոկատը կազմված էր 25 հոգուց: Քաղաքի «Գիտելիքի տունը» դարձրել էին կամավորների շտաբը:

Զորացրված սպա Արամ Ղազարյանը վերհիշում է. - «Առաջին իսկ օրերին մտել եմ կամավորական շտաբ և ասել, որ սխալներ շատ են կատարվում, և ես, որպես սպա, պատրաստ եմ օգնել: Սկսեցինք զինվարժանքների պարապմունքները, սովորում էին դիպուկ կրակել: Կամավորականն իրավունք չունի մարտի դաշտում սխալվելու»:

1989 թվականի օգոստոսի 2-ին, 25 հոգուց բաղկացած առաջին կամավորական ջոկատը երեսուն ավտոբուսներով շարժվում է դեպի Գորիս, այնտեղից ուղղաթիռով՝ Ստեփանակերտ: Կամավորներն իրենց հետ տանում են նաև սննդամթերք ու զինամթերք:

Նահատակյանն ասում է. - «Արցախում մեզ դիմավորեցին զարմանքով: Մտածեցին՝ շինարարական ջոկատ ենք: Ասացինք, որ եկել ենք կռվելու: Մեզ առաջնորդեցին կռվի ամենաթեժ կետը՝ Մելիքաշեն գյուղ»:

Զենքի հետ նոր բարեկամացած տղաներն իրենց պաշտպանության տակ են առնում Հադրութի շրջանի ութ գյուղերը՝ Էդուլլուն, Հախուլին, Բլութանը, Խրմնջուղը, Դրախտիկը, Ազոխը, Դուդուկչին և Մելիքաշենը:

35-ամյա Սևակ Թումանյանն անդամագրվել է Էջմիածնի կամավորական ջոկատին 1989 թվականին: Մինչև 1994 թվականը կռվել է գեներալ Մանվել Գրիգորյանի գումարտակում:

«Եթե աստված չանի, այսօր էլ պահանջվի, ես պատրաստ եմ գնալ հայրենիքս պաշտպանելու: Կռվի գնալիս երբեք չես մտածում, որ գուցե հետ չգաս, և այդ զգացումն է քեզ տանում հաղթանակի», - ասում է նա:

Նախկին ազատամարտիկը պատերազմ գնացող տղաների մեջ ավելի կարևորում է համարձակությունը, քան ուժը: «Զենքի դեմ ուժը չէ, որ օգնում է, այլ համարձակ ոգին»:

Թումանյանի նման անկոտրում կամքի տեր բազմաթիվ տղաներով կազմավորվում են Էջմիածնի 4 գումարտակները:

Ղազարյանն ասում է. - «Արցախի պատերազմում մեր ջոկատները երբեք չնահանջեցին, խիզախորեն կռվեցին մինչև վերջ»:

Վեց տարիների ընթացքում կամավորների թիվը հասնում է 960-ի: Յուրաքանչյուր գումարտակ բաղկացած էր 200 կամավորներից:

«Շաբաթը մեկ գալիս էի Էջմիածին և նոր կամավորներ տանում, - ասում է Նահատակյանը, - Իհարկե, 20 հոգին միշտ փոխվում էին: Գալիս էի տուն և նորից հետ վերադառնում: Նրանց մեջ կային և՛ գյուղացիներ, և՛ բանվորներ, և՛ մտավորականներ: Սակայն բոլորի նպատակը մեկն էր»:

Այս կամավորական ջոկատները մասնակցում են Ֆիզուլիի, Հորադիզի, Մարտակերտի ազատագրմանը, ինչն այժմ համարվում է վճռորոշ պատերազմի ընթացքի համար: Այս ջոկատներից են սերում այսօրվա հայկական բանակի երեք գեներալները՝ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և Գագիկ Մելքոնյանը:

Կամավորներից շատերը չեն վերադառնում մինչև պատերազմի ավարտը 1994 թվականին (երբ ստորագրվեց մինչև այսօր ուժի մեջ գտնվող հրադադարը): Շատ էջմիածինցի կամավորներ, առնվազն՝ 105 հոգի, զոհվեցին Ղարաբաղում:

Կամավորների առջև կանգնած խնդիրներից ամենալուրջը զենքի հայթայթումն էր:

«Էջմիածնի բնակիչները բազմիցս գումար են հավաքել զենք գնելու համար, - պատմում է Նահատակյանը, - Այն ձեռք էինք բերում Էջմիածնում տեղակայված խորհրդային զորամասերից: Ի դեպ, նրանք սիրով էին մեզ զինամթերք վաճառում»:

Նա ասում է, որ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանով միայն 1992 թվականին 5 միլիոն ռուբլու զենք են գնել ու գաղտնի տեղափոխել Ախալցխայից:

Սակայն էջմիածինցիները միայն զենք չէին ուղարկում Ղարաբաղ: 1990 թվականին 200 տոննա ալյուր են տեղափոխում Հադրութ, Մարտունի, Ասկերան և հանձնում երախտապարտ բնակիչներին:

«Մի անգամ գիշերվա կեսին ջոկատ եկավ մի ծեր մայրիկ, - վերհիշում է Նահատակյանը, - Ձեռքին ափսե կար՝ կորտոֆիլի կտրտած կտորներով: Ասաց. - «Քիչ է, բայց ամեն մեկիդ մի կտոր կհասնի»: Հետո օրհնեց մեզ ու հեռացավ: Այդ ծեր մայրիկի զորավոր օրհնանքը միշտ մեր տղաների հետ էր»:


  Inside
 

Flight of Fear: As war begins, some from Iraq seek refuge in Armenia

Full story

 
 
 
 

Border War: Kurds in Armenia watch fighting in Iraq with special interest

Full story

 
 
 
 

Before the Bombs: Locals and foreigners gather in small war protest

Full story

 





  Photo of the week
  Minor Protest
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Minor Protest

Members of "Mister and Miss Armenia", an organization that produces children's pageants and contests held a beauty protest outside the United States Embassy in Yerevan Thursday. The kids recently were in Iraq, and wanted to demonstrate their feelings to the US presence here.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.