ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 21, 2003 




Քաղաքացիական ծառայություն. երևանյան դպրոցում անցկացված նախագահական ընտրությունները ժողովրդավարության դաս են


Մարտի 15-ին՝ Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ Ռոբերտ Քոչարյանի հաղթանակից և վերընտրությունից 10 օր հետո, նորից անցկացվեցին նախագահական ընտրություններ:

Սակայն այս անգամ դա այն վատ երազի շարունակությունը չէր, ինչին շատերը Հայաստանում ականատես եղան անցած երկու ամիսների ընթացքում, երբ խախտումներով հագեցած վիճահարույց ընտրություններում որոշվեց Հայաստանի նախագահը:

Այս անգամ նախագահի պաշտոնին հավակնում էին ինը հոգի: Չկային թիկնապահներ, քաղաքական գովազդ, ցույցեր: Դպրոցական ընտրություններն էապես տարբերվում էին իսկական ընտրություններից նաև նրանով, որ թեկնածուներից վեցն աղջիկներ էին:

Այս ընտրությունները կայացան անցյալ շաբաթ Երևանի ամենամեծ դպրոցներից մեկում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրում: Այդ օրը, ԱՄՆ հովանավորությամբ գործող «Քայլ առ քայլ» հիմնադրամի ծրագրի շրջանակներում, ընտրվում էր աշակերտական խորհրդի նախագահը:

«Թեկնածուները 7-10-րդ դասարանների աշակերտներ են, - ասաց քաղաքացիական իրավունքի և պատմության ուսուցիչ, այդ ամբողջ գործընթացի վերահսկիչ Գևորգ Մանուկյանը, - Դրանք այն աշակերտներն են, որոնք բացի լավ գնահատականներից, նաև վայելում են մյուս աշակերտների և ուսուցիչների հարգանքն ու աջակցությունը և ցանկություն են հայտնել ստանձնել այդ պատասխանատու պաշտոնը»:

Թեկնածուները ներկայացրել էին իրենց ծրագրերը, պաստառներ ու նկարներ էին փակցրել դպրոցի շենքի պատերին և անցած ընտրությունների օրինակով այցելում էին ընտրական տեղամասը՝ ուշադիր հետևելով ընտրությունների ընթացքին: Քվեարկողներն ուշադիր կարդում էին նախընտրական ծրագրերը, նայում էին նկարները և բարձրաձայն քննարկում, թե ում են ընտրելու:

Կրթհամալիրը, որի կազմում են մի քանի դպրոցներ և մի քանի հազար աշակերտ, առաջին անգամն է նման ընտրություններ անցկացնում, և այս ծրագրի նպատակն է օգնել աշակերտներին գիտակցել իրենց իրավունքներն ու պարտականությունները ժողովրդավարական ընտրությունների ընթացքում:

«Ինչ խոսք, այս տարվա հանրապետության նախագահի ընտրությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ այս ամենի վրա, - ասաց դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը, - Բայց ես կարծում եմ, որ դա նաև երեխաների ինքնուրույն վճիռն է, որովհետև մեզանում աշակերտական ժողովրդավարությունն այնքան բարձր է, որ պիտի գտներ արտահայտման այս ձևը»:

Աշակերտական ժողովրդավարությունն ամրագրվեց միակ ընտրատեղամասում՝ դպրոցի սպիտակ մարմարյա սրահում: Սրահի կենտրոնում քվեարկության համար նախատեսված սեղան-աթոռն էր: Սեղանից մի քանի քայլի վրա դրված էր մեծ քվեատուփը, որը վերահսկում էին վստահված անձինք: Սակայն իսկական իրարանցումը դրսում էր, որտեղ թեկնածուների ընկերներն ու ազգականները փորձում էին համոզել ընտրողներին քվեարկել իրենց թեկնածուների օգտին:

Ամենաակտիվ քարոզչություն ծավալածներից մեկն էլ դեռահաս Գառնիկ Սարգսյանն էր, որը վաղ առավոտից համոզում էր իրեն ծանոթ ու անծանոթ բոլոր-բոլորին քվեարկել իր եղբոր օգտին:

«Ես հույս եմ տալիս, ասում եմ, որ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, եթե ընտրվի եղբայրս, - ասաց Գառնիկը, - Արդեն հաջողացրել եմ շատերին համոզել, ճիշտ է, լինում են նաև դեպքեր, երբ ինձ կոպտում են»:

Ինչպես և իսկական նախագահական ընտրությունների ժամանակ, քարոզարշավը դպրոցի ընտրատեղամասի տարածքում արգելված էր: Եվ, ինչպես և իսկական ընտրությունների ժամանակ, աջակցողները հույս ունեին ներդրած ջանքերի դիմաց նշանակումներ ստանալ իրենց թեկնածուի աշխատակազմում:

Մանուկյանն ասաց, որ դպրոցի նախագահը պետք է կազմի իր աշխատակազմը, որի յուրաքանչյուր անդամ պատասխանատվություն է կրելու մի առանձին բնագավառի համար: Դպրոցի աշակերտական աշխատակազմը պատասխանատու է լինելու մշակութային, գիտական, մարզական և այլ ոլորտների աշխուժացման, ինչպես նաև այլ դպրոցների հետ համագործակցություն հաստատելու համար:

Ընտրված նախագահը պաշտոնավարելու է մեկ ուսումնական տարի: Եվ եթե նրա գոծունեությունը բավարար չհամարվի, աշակերտական խորհուրդն իրավունք ունի պաշտոնանկ անել նրան և հրավիրել արտահերթ ընտրություններ:

Հետևելով քարոզարշավին և ընտրություն կատարելով՝ աշակերտները մոտենում էին սեղաններին, նշում էին անում քվեաթերթիկում, ծալում էին չորս տակ և գցում էին քվեատուփի մեջ՝ և այդ ամենը յոթ վստահված անձանց հսկողության տակ:

«Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցան առանց կոպիտ խախտումների, - ասաց վստահված անձ Էմմա Գրիգորյանը: Միևնույն ժամանակ 15-ամյա Էմման նշեց, որ վստահված անձանցից մի քանիսը փորձում էին ազդել ընտրողների վրա ընտրատեղամասի ներսում, «ինչը կանոնակարգի կոպիտ խախտում է համարվում: Ինչ խոսք, նմանատիպ դեպքերը հնարավորինս փորձեցինք կանխել»:

Համաձայն կանոնակարգի, ընտրությունների արդյունքների հաշվարկումը տևեց մի քանի ժամ: Ընտրատեղամասը փակվեց, բացվեց քվեատուփը և սկսվեց հաշվարկը, որին ներկա էին վստահված անձինք: Կազմվեցին արձանագրություն և հայտարարություն:

Եվ ճիշտ ինչպես փետրվարի 19-ին կայացած հանրապետության նախագահի ընտրությունների ժամանակ, «Մխիթար Սեբաստացի» կրթհամալիրում քվեարկության արդյունքում երկու թեկնածուներ անցան երկրորդ փուլ:

Աշակերտները կվերադառնան ընտրատեղամաս վաղը, որպեսզի ընտրություն կատարեն 15-ամյա Սերգեյ Սարգսյանի և նույնպես 15-ամյա Աստղիկ Աբրահամյանի միջև:

«Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, - ասաց Բլեյանը, - Եթե օրինական ընտրված նախագահ լինի, մենք անպայման կհարգենք և կհամագործակցենք նրա հետ»:


  Inside
 

Flight of Fear: As war begins, some from Iraq seek refuge in Armenia

Full story

 
 
 
 

Border War: Kurds in Armenia watch fighting in Iraq with special interest

Full story

 
 
 
 

Before the Bombs: Locals and foreigners gather in small war protest

Full story

 





  Photo of the week
  Minor Protest
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Minor Protest

Members of "Mister and Miss Armenia", an organization that produces children's pageants and contests held a beauty protest outside the United States Embassy in Yerevan Thursday. The kids recently were in Iraq, and wanted to demonstrate their feelings to the US presence here.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.