ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Ծեսերին տեղ չկա. տարածքի պակասը Երևանի գերեզմանատներում ստիպում է վերանայել հուղարկավորման սովորույթները


"Cemetaryland" says Aghajanyan.Երևանը շուտով չի կարողանալու տեղ հատկացնել իր հանգուցյալներին: Առնվազն մեկ մասնագետի կարծիքով, եթե չփոխվեն պայմաններն ու սովորույթները, գալիք երկու տասնամյակում մայրաքաղաքը կարող է վերածվել «գերեզմանների երկրի»:

«Երևանում գերեզմանատների վիճակը խիստ անմխիթար է, - ասում է քաղաքի թաղման բյուրոյի տնօրեն Գառնիկ Աղաջանյանը, - Եթե նոր գերեզմանատներ չբացվեն, ապա կկանգնենք փաստի առաջ և մոտ մեկ տարի հետո հուղարկավորելու տեղ չենք ունենա»:

Այսօր Երևանի 18 գերեզմանատներից 14-ը համարվում են փակ, քանի որ լիքն են և ընդլայնվելու հնարավորություն այլևս չունեն: Հուղարկավորման համար նոր հողատարածքներ հատկացվում են ընդամենը չորս գերեզմանատներում, որոնք, ըստ թաղման բյուրոյի, նույնպես շուտով փակ կհամարվեն:

Ի պատասխան այս ճգնաժամի, Հայաստանի կառավարությունը Երևանի քաղաքապետարանին 87 հա հողատարածք է տրամադրել 3 նոր գերեզմանատների համար:

Մայրաքաղաքում օրական միջին հաշվով կատարվում է 20 հուղարկավորություն:

Սակայն տարածքի պակասի պատճառը ոչ թե հուղարկավորությունների քանակն է, այլ գերեզմանների համար հատկացված տարածքների չափսերը: Յուրաքանչյուր գերեզմանոցի համար նախատեսվում է 10 քմ տարածք, սակայն հաճախ ընտանիքները քարապատում են երկու-երեք անգամ ավելի մեծ հողատարածքներ՝ հարազատների համար: Աղաջանյանն ասում է, որ որոշ գերեզմանատների վարիչներ ազատվել են պաշտոնից նման խախտումներ թույլատրելու համար:

Միևնույն ժամանակ, նրա հավաստմամբ, գերեզմանատներում այլևս հնարավոր չէ սահմանափակել նման զավթումները, քանի որ մեծ գերեզմանները տեսնելով՝ ընտանիքները պահանջում են իրենց էլ նման տարածքներ հատկացնել:

Վերջին տասնամյակի ընթացքում խորհրդային ժամանակներից պահպանված կոկիկ տապանաքարով և փոքր հողակտորով գերեզմանոցների կողքին սնկի պես աճել են անկախ Հայաստանի նորաձև գերեզմանոցները:

«Երևանում գերեզմաններ կան, որոնք կարելի է արվեստի գործ համարել, - ասում է «Կտևան» ՍՊԸ քարի մշակման արտադրամասի տնօրեն Կարեն Դարբինյանը, - Դրանք արվեստի իսկական գործեր են՝ ստեղծված ճարտարապետների և քանդակագործների կողմից: Սակայն իրականում այդպիսի արժեքավոր գործերն ընդամենը քամուն տրված փողեր են և ոչ մի արժեք չեն ներկայացնում, քանի որ գտնվում են գերեզմանատների տարածքում»:

Մայրաքաղաքում սովորական տապանաքար կարելի է գնել մոտ 200 ԱՄՆ դոլարով: Սակայն վերջերս ընտանիքները 1000-1200 դոլար գումար են ծախսում գերեզմանների վրա, ինչը հաճախ կապված է լինում մեծ զոհողությունների հետ: Իսկ Երևանի նորահարուստները երբեմն մինչև 100000 դոլար են վճարում թանկ քարատեսակներից հուշարձաններ կառուցելու համար:

Հոգեբաններն այս երևույթները վերագրում են զարգացման գործընթացին:

«Փոփոխությունների այս ժամանակաշրջանում մենք հրաժարվել ենք մեր կուռքերից, մերժել ենք այն ամենն, ինչ ունեցել ենք ժամանակին, ներկայումս նոր չափանիշներ ենք ընտրում, - ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, հոգեվերլուծաբան Անժելա Վարդանյանը, - Փոխվել է մեր սոցիալական համակարգը, եթե նախկինում հարուստ լինելուց վախենում էին, քանի որ կարող էին ցանկացած պահի կալանավորել, ապա այժմ դա ուժի, հզորության և գեղեցկության խորհրդանիշ է, որն արտացոլվում է նաև այս բնագավառում»:

«Իհարկե, կան մարդիկ, որոնք գնում են օտար երկրներ՝ ծանր աշխատանքով գումար վաստակելու, որպեսզի հետո այդ գումարով մտերիմի շիրիմը սարքեն և հետո կրկին քաղցած նստեն: Բայց դա չափազանց կարևոր է նրանց համար, և մենք պետք է հարգենք նրանց այդ իրավունքը»:

Երևանի նոր գերեզմանոցները լինելու են քաղաքի երեք ծայրերում, և թաղման բյուրոյի տնօրենի հավաստմամբ, դրանցում խստորեն պահպանվելու են նախատեսված չափսերը:

«Շուտով Ազգային Ժողովը պետք է ընդունի հուղարկավորության մասին օրենքը, ըստ որի չորս հոգանոց ընտանիքին տրվում է ոչ ավելի քան 10 քառակուսի մետր հողատարածք», - ասում է Աղաջանյանը:

Այնուհանդերձ, նա համարում է, որ սա խնդրի կարճաժամկետ լուծում է:

«Մեր հաշվարկներով, 87 հա տարածքը կբավականացնի տասը տարի, որից հետո կրկին նոր հողատարածքի կարիք կունենանք, - ասում է Աղաջանյանը, - Եթե նման տեմպերով շարունակվի, ապա 20-30 տարի հետո Երևանը կվերածվի «գերեզմանների երկրի», իսկ դրա միակ փրկությունը դիակիզարան ունենալն է»:

Տնօրենի հավաստմամբ, դիակիզարանի ստեղծումը պահանջում է մոտ 1 միլլիոն դոլար, իսկ դա գերազանցում է պետական բյուջեի հատկացումները:

Սակայն ֆինանսական նկատառումները հուղարկավորման տարածքների պակասի և հնարավոր լուծման միջև կանգնած միակ խնդիրը չեն:

«Մենք քրիստոնյա ենք և եթե Ավետարանով ենք շարժվում, ապա հանգուցյալը չպիտի այրվի: «Հող էիր՝ հող դարձիր», - ասում է Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Տիրայր Սահրադյանը, - Մարմինը պետք է հանձնվի հողին այնպես, ինչպես Քրիստոսին հանձնեցին հողին:

«Ես որպես անհատ, այլ ոչ թե հոգևորական, չեմ պատկերացնում՝ ինչպես կարող եմ հորս մտցնել կրակի մեջ, դա հայի համար անհարիր երևույթ է: Հայը պետք է հոգեհանգիստ կատարի, ուսերին դրած՝ գերեզմանատուն տանի, տեր հայրը պետք է աղոթք կարդա: Այլապես, հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկը՝ թաղման կարգը, կվերանա»:

Սակայն հոգեբանը գտնում է, որ բնակչության վերաբերմունքը կարելի է փոխել:

«Հայ ենք, թե ոչ, դա չէ էականը, դիակիզման երևույթը ադապտացնելով մեզ՝ մենք այն կընդունենք հայկական ձևով, և կանենք այնպես, ինչպես մեզ է հարմար, - ասում է Վարդանյանը, - Սա չի նշանակում վայրենի ձևով հրաժեշտ տալ հարազատին, մենք կարող ենք պահպանել ավանդական ծիսակատարությունները», - ասում է նա:

Նա ասում է, որ կարևոր է դիակիզման գաղափարի ներկայացման ձևը:

«Մահը նաև բիզնես է: Եթե պետությունը հոգա դիակիզման ծախսերը, բազմաթիվ ցանկացողներ կլինեն: Ամենակարևորը մարդկանց ազատ ընտրության հնարավորություն տալն է: Այս խնդիրն անհատական լուծումներ է պահանջում, և յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, ինչպես հրաժեշտ տա իր հարազատին»:


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.