ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 31, 2003 




Որոշում 2003. ընդդիմադիր թեկնածուներին չեն գոհացնում ընտրարշավի պայմանները


«Ընդդիմադիր» կուսակցությունների անդամները մեղադրում են ներկա կառավարությանն ընդդիմադիր թեկնածուների ընտրարշավներին խոչընդոտելու նպատակով անարդար միջոցներ ձեռնարկելու մեջ:

Փետրվարի 19-ի ընտրություններին մասնակցող քաղաքական գործիչներն ու նրանց համախոհները պնդում են, որ իշխանամետ հեռուստակայանները հաղորդում են նախագահի ամենօրյա գործունեության մասին, միաժամանակ զրկելով մյուս թեկնածուներին հասարակությանը ներկայանալու հնարավորությունից: Ավելին, նրանք ասում են, որ Ռոբերտ Քոչարյանի գովազդները ցուցադրվում են լավագույն եթերաժամերին:

Արամ Զ. Սարգսյանի մամլո քարտուղար Սուրեն Սուրենյանցն ասում է, որ երբ նյութը վերաբերում է ընդդիմադիր թեկնածուներին, «հեռուստատեսությամբ այդ ամենը ներկայացվում է որպես գորշ, ձանձրալի, միապաղաղ ու անհետաքրիքիր հանդիպում, որին մի քանի ծերունիներ էին միայն ներկա, և տվյալ թեկնածուին սատարող չկար:

«Եթե նախկինում, ի նշան հարգանքի ու սիրո, ժողովուրդը ոչխար էր մատաղ անում Կարեն Դեմիրճյանի ոտքերի առաջ, ապա այսօր նույնն անում են նրա որդու (թեկնածու Ստեփան Դեմիրճյանի) համար: Սակայն, ի տարբերություն անցյալի, այսօր այդ ամենը լրիվ այլ կերպ է մեկնաբանվում՝ կենդանասիրական մղումներից դրդված»:

Թեկնածուներից ոմանք սկսել են արձանագրել ընտրարշավներում տեղի ունեցող անարդարությունները, ոմանք էլ կոնկրետ դեպքեր նկարագրող գրքույկներ են տպել:

Դիտորդներն ասում են, որ այս տարի ընդդիմության համար մեծ խոչընդոտ է հանդիսացել գովազդային գների բարձրացումը:

Aghasi Arshakyan says opposition gets unfair treatment.«Ի տարբերություն նախկին նախագահական ընտրությունների, այս անգամ ոչ բոլոր թեկնածուները հնարավորություն կունենան իրենց քաղաքական հոլովակներն ու գովազդները ցուցադրել հեռուստատեսությամբ», - ասում է Սուրենյանցը:

Համաձայն օրենքի, թեկնածուներն իրավունք ունեն քարոզարշավի ընթացքում ծախսել մոտավորապես 100 հազար դոլար: Այս ընտրություններում գովազդներին տրամադրվող եթերաժամանակը կտրուկ աճել է:

Ըստ Սուրենյանցի, ամենամեծ լսարանն ունեցող հինգ կենտրոնական մասնավոր հեռուստաընկերությունները՝ «Արմենիան», «Պրոմեթևսը», «Շանթը», «ԱԼՄ»-ն և «Կենտրոնը», գովազդի մեկ րոպեի վարձը բարձրացրել են մինչև 120 դոլար, մինչդեռ առաջ նույն եթերաժամանակը հնարավոր էր գնել 20 դոլարով:

«Մենք բոլորս հստակ գիտակցում ենք, որ նման պայմանները թելադրված են ոչ թե շուկայական պահանջարկով, այլ որոշ թեկնածուներին, մասնավորապես՝ ընդդիմադիր, խոչընդոտելու ցանկությամբ, քանի որ նրանք անընդհատ մեզ խանգարելու պատրվակ են փնտրում, - ասում է Սուրենյանցը, - Եվ ի տարբերություն ներկա նախագահի, ում վրա կարծես թե ոչ մի օրենք չի տարածվում, և ում հոլովակներն անընդհատ եթեր են գնում, մենք այդ ամենից օգտվելու շատ քիչ հնարավորություն ունենք»:

Արտաշես Գեղամյանի նեկայացուցիչ Աղասի Արշակյանն ասում է, որ այդ կողմնակալ վերաբերմունքը տիրում է նաև հեռուստատեսային գովազդի ոլորտից դուրս:

«Նախընտրական արշավը սկսելուց մի քանի օր առաջ բոլոր համայնքապետերին բանավոր հրահանգվել է շուրջ 400 տոկոսով բարձրացնել քաղաքական գովազդների գները, - ասում է նա, - Նախկինում նման գովազդային պաստառների գները կազմել են 4-8 դոլար քառակուսի մետրի համար, իսկ այժմ մեկ քառակուսի մետրն արժե 30 դոլար և ավելի: Նաև տեղեկություններ ունենք, որ գովազդային այդ գործակալություններին ահաբեկել են, թե իրենց գործը խլելու են ձեռքներից»:

Որոշ դեպքեր կարող են պարզապես դիտվել որպես ուժի ցուցադրում: Երկու շաբաթ առաջ, Րաֆֆի Հովհաննիսյանի գործի դատական նիստի ժամանակ, որը պետք է քններ թեկնածուի նրա կարգավիճակի հարցը, մի քանի հաղթանդամ մարզիկներ հայտնվեցին դահլիճում, որոնց, ըստ երևույթին, ուղարկել էր Քոչարյանի ընտրարշավի ղեկավար (նաև Պաշտպանության նախարար) Սերժ Սարգսյանը՝ Հովհաննիսյանի աջակիցների հնարավորությունները սահմանափակելու համար:

Շաբաթվա սկզբում, անհայտ անձը հրդեհել է Արտաշես Գեղամյանի գովազդային պաստառներից մեկը, որը տեղակայված էր Երևանի ծայրամասերից մեկում:

Աշտարակ քաղաքում ընտրարշավը մեղադրում են բարբարոսության և սեփականության ոչնչացման պատճառ հանդիսանալու մեջ: Մի հեռուստակայանի հեռախոսալարերը կտրել են, սարքավորումները դուրս են շպրտել, իսկ Արամ Զ. Սարգսյանի մասին տեսերիզ ցուցադրելուց հետո վարձակալված տարածքի սեփականատերը պահանջել է հեռուստակայանի անձնակազմից ազատել տարածքը:

Սուրենյանցը պնդում է, որ իշխանամետ ուժերի կողմից փորձ է արվել փակել իր թեկնածուի ընտրական շտաբը Թալինում, և որ «արհեստական պրոբլեմներ են ստեղծվում՝ հնարավորինս անօրինությամբ մեր աշխատանքներին խոչընդոտելու համար»:


  Inside
 

Decision 2003: Candidates declare property and income

Full story

 
 
 
 

Army Day: Report says conditions for soldiers improving

Full story

 
 
 
 

Health Help: Ministry of Healthcare offers six Saturdays of free treatment

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Talk Time

In 19 days Armenia will elect a President. Until then voters will be talked to by candidates such as Stepan Demirchyan (top). And some, such as President Robert Kocharyan (bottom), will be talked back to.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.