ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 31, 2003 




Մրցակիցներ ցրտին. Երևանի սառցամոլները մարզվում են գեղասահքի դպրոցում


Մարզադահլիճի սահադաշտում ավելի ցուրտ է, քան դրսում, որտեղ ջերմաստիճանը - 6 է:

Սակայն ցրտի մասին մոռանում ես, երբ տեսնում ես 4-6 տարեկան փոքրիկների, որոնք թեթևորեն սահում են բյուրեղապակու նման փայլող սառույցի վրայով:

Վեցամյա Գարիկ Մկրտչյանը հպարտությամբ ասում է. - «Ինքս եմ ծնողներիս խնդրել, որ ինձ գեղասահքի բերեն: Շատ եմ ընկնում, ցավում է, բայց մեկ է, որոշել եմ աշխարհի չեմպիոն դառնալ»:

Գարիկի նման չեմպիոն են որոշել դառնալ Երևանի գեղասահքի մանկապատանեկան դպրոցի գրեթե բոլոր սաները: Ութամյա Մանե Ղևոնդյանը և Լիանա Բաբախանյանը դպրոց են հաճախում 4 տարեկանից: Նրանք ասում են, որ ամեն օր գալիս են մարզումների, աշխատում են շատ և մի ցանկություն ունեն, որ սահադաշտն ավելի մեծ լինի:

Դպրոցի սահադաշտի լայնությունը և երկարությունը 30 մետր են, իսկ միջազգային չափանիշները պահանջում են 60 մետր երկարություն:

«Երեխաներին այս չափերը չեն խանգարում, սակայն դրանք չեն նպաստում հետագա կատարելագործմանը, - ասում է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Վրեժ Մավյանը, - Այնպես որ լավագույն սաներին մարզական պատրաստակամությունը բարձրացնելու համար ուղարկում ենք այլ երկրներ»:

Դպրոցը գործում է 1975 թվականից, և շենքն արդեն լուրջ վերանորոգման կարիք ունի: Հանդերձարաններն ու մարզադահլիճն անմխիթար վիճակում են: Սակայն տնօրինության համար ամենակարևորը սահադաշտը պահելն է:

«Սահադաշտ պահելը բավական դժվար է, - ասում է Մավյանը, - Երրորդ ուսումնական տարին է մեր ջանքերով կարողանում ենք 9-10 ամիս պահել այն (սեպտեմբերից մինչև հունիս)»:

Տարիներ առաջ սահադաշտի համար անհրաժեշտ աղաջուրը սառեցված վիճակում ստանում էին «Նաիրիտ» գիտարտադրական միավորումից: Սակայն «Նաիրիտի» փակումից հետո դպրոցը սկսեց գործել ընդմիջումներով: Այսօր, բարերարների շնորհիվ, դպրոցն ունի սեփական սառեցման կայան:

«Ամեն ինչ մեր ջանքերով ենք անում: Մեր հիմնական նպատակն է պահել դպրոցը, պահպանել հանրապետությունում այս մարզաձևը: Շնորհակալ ենք Շենգավիթի թաղապետարանին, որը հոգում է դպրոցի հոսանքի ծախսերը», - ասում է Մավյանը:

Այսօր մարզադպրոցում մարզվում է 230 երեխա և գործում է 18 խումբ: Բացի գեղասահքից դասավանդում են մարմնամարզություն և պարարվեստ: Ուսումն անվճար է:

Մարզիչ Ալինա Բադալյանը դպրոցում է 1972 թվականից, սկզբում՝ որպես սան, իսկ 1980 թվականից՝ որպես մարզիչ:

«Գեղասահքն իմ կյանքն է: Այստեղ է անցնում իմ ամբողջ օրը», - ասում է նա՝ ավելացնելով, որ իր սաների թվում է Արամայիս րիգորյանը, որը մասնակցում է միջազգային մրցույթների, այդ թվում՝ Եվրոպայի վերջին առաջնությանը:

Իր առաջին 13 տարիների ընթացքում դպրոցը պատրաստել է բազմաթիվ մարզիկների, որոնք մրցանակների են արժանացել Խորհրդային Միությունում: Այսօր մի խումբ համառորեն նախապատրաստվում է Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում փետրվարի 5-10-ը կայանալիք պատանիների միջազգային մրցաշարին:

Նրանց մեջ է 10-ամյա Էմիլ Դանիելյանը, որը գեղասահքով զբաղվում է երեք տարի:

Էմիլը պատրաստում է ծրագիր «Գլադիատոր» ֆիլմի երաժշտության նվագակցությամբ:

«Կերպարս զինվոր կլինի», - ասում է նա:

Մինչև Սլովենիա մեկնելը հայ երեխաները մի քանի օր կմարզվեն Մոսկվայի սահադաշտերից մեկում:

Այս տարի լավագույն սաները մեկնել էին Մոսկվա մարզումների: Տնօրեն Սամվել Խաչատրյանի անձնական կապերի շնորհիվ, սահադաշտը տրամադրվել է սաներին անվճար, մինչդեռ սահադաշտի վարձակալության մեկ ժամն արժե 200 դոլար:

Երևանի գեղասահքի մանկապատանեկան դպրոցը 1995 թվականից Գեղասահքի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ է: Մավյանն ասում է, որ իրենց փոխհարաբերությունները հատկապես սերտ են Կանադայի գեղասահքի ֆեդերացիայի հետ:

«Ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Դորը մեծ մարդ է մեզ համար, օգնում է մեզ շատ հարցերում, - ասում է Մավյանը, - Արդեն երրորդ տարին է դպրոցին ապահովում են չմուշկներով, որ երեխաներն օգտագործում են միմյանց փոխանցելով: ԱՄՆ գեղասահքի ֆեդերացիան նույնպես օգնում է մեզ: Աջակցություն ենք ստանում մեր ֆեդերացիայի քարտուղար ամերիկահայ Փոլ Վարադյանից: Նա մշտապես ապահովում է մեզ լավագույն հագուստներով և չմուշկներով»:

Առջևում դպրոցը բավականին մեծ ծրագրեր ունի: Փետրվարի վերջին կմասնակցեն Չեխիայում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանը, մարտին Վաշինգտոնում կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությանը, ինչպես նաև ապրիլին Մոսկվայում կայանալիք մեկ այլ մրցաշարի:

«Գեղասահքը ոչ միայն սպորտ է, այլ նաև արվեստ, - ասում է մարզիչ Գարիկ Ծաղոյանը, - Միակ ցանկությունս սաներիս դրա բարձունքներին հասցնելն է»:


  Inside
 

Decision 2003: Candidates declare property and income

Full story

 
 
 
 

Army Day: Report says conditions for soldiers improving

Full story

 
 
 
 

Health Help: Ministry of Healthcare offers six Saturdays of free treatment

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Talk Time

In 19 days Armenia will elect a President. Until then voters will be talked to by candidates such as Stepan Demirchyan (top). And some, such as President Robert Kocharyan (bottom), will be talked back to.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.