ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 January 31, 2003 




Արվեստի պահպանում. երևանցի նկարչուհին արտահայտում է իր զգացմունքներն իր զգեստներում


Լուսիկ Ագուլեցին ասում է, որ նկարչությունը փիլիսոփայություն է՝ արտահայտված գույներով ու երանգներով: Սակայն նրա փիլիսոփայությունը չի սահմանափակվում միայն նրա կտավներով, այն արտահայտվում է նաև նրա ամենօրյա կենցաղում:

Երբ Լուսիկը փողոց է դուրս գալիս, բոլորը զարմացած ու հիացած հայացքներով են նայում նրա հայկական ազգային տարազներին:

Գեղեցիկ, նուրբ գույներով ու ազգային զարդանախշերով գործած նրա զգեստների նախատիպերն ու նրա ճակատը, ձեռքերն ու պարանոցը զարդարող արծաթյա հիանալի զարդերն այսօր միայն թանգարաններում ու հնաոճ արվեստի սրահներում են ցուցադրվում:

Լուսիկ Սամվելյան-Ագուլեցին ծնվել է հին հայկական Ագուլիս քաղաքում, որը հայտնի էր իր հնագույն մշակույթով: Տասնինը տարեկանից նա ապրում է Երևանում, սակայն առ այսօր նրա արվեստը շնչում և ապրում է հայրենի գյուղաքաղաքի հիշողությամբ:

«Ամեն ամառ տատիս ու պապիս հետ գնում էինք Ագուլիս, - վերհիշում է նա, - Միայն մեր քաղաքում 12 եկեղեցի կար, որոնցից մեկում Հովնաթանյանի որմնանկարներն էին: Այնտեղի հիանալի բնության գրկում նկարում էի՝ բացահայտելով նկարչության գաղտնիքները, հետո վերադառնում էի Երևան և հաջողությամբ հանձնում քննություններս նկարչական ուսումնարանում»:

Բնության բոլոր եղանակներն ու գույները կան Լուսիկի նկարներում: Հզոր ու ազատ վրձնահարվածները կենդանի շունչ, շարժում ու դինամիկա են հաղորդում նրա կտավների պատկերներին: Աշնան բնանկարներում ծառերը կարծես խոսում են, շարժուն վրձնահարվածներից ծնված քամին անողոք պոկում է վերջին տերևը և հեռանում: Իսկ ամռան հանդարտության մեջ լսելի են դառնում բնության մեղմ երգն ու ծաղիկների բույրը:

«Ինձ ոգեշնչում է ամեն գեղեցիկը, բնության բոլոր պահերն ու ժամերը, գույների նրբերանգները, և ամեն նոր կտավ նկարելիս հիշում եմ ուսուցչիս՝ Մինաս Ավետիսյանին, - ասում է նկարչուհին, - Երբ Մինասն առաջին անգամ տեսավ իմ նկարները, ասաց. - «Չմոռանաս, որ գույնն ու նրա կապը հարևան գույների հետ միշտ պետք է տեսնել լույսի մեջ, դա քեզ մոտ շատ լավ է ստացվում, չկորցնես այդ կարողությունը»:

Տարիների ընթացքում Լուսիկ Ագուլեցին ոչ միայն գտավ գույների ու լույսի փոխհարաբերության գաղտնիքները, այլ նաև ստեղծեց մի եզակի ստեղծագործական աշխարհ՝ հին հայկական ազգային մշակույթից մինչև ժամանակակից արվեստ:

Հայկական ազգային շունչը զգացվում է անգամ նրա խոհանոցում. փայտե ու կավե սպասք, իր ձեռքով պատրաստած չրերի զանազան տեսակներ, աղանդեր ու դդում:

«Իմ սպասքը մեծ մասամբ ես եմ նկարել և խնդրել եմ ամուսնուս փորագրել փայտի վրա: Սա հայկական խորհրդանիշերով սպասքեղեն է՝ խաղողի տերևներ, կան նաև քրիստոնեական պատկերներով ափսեներ»:

Լուսիկ Ագուլեցու և նրա արվեստագետ ընտանիքի առանձնատունը մի մեծ արվեստի սրահ է, որտեղ միաձուլվել են նկարչուհու բնանկարները, ամուսնու՝ Յուրա Սամվելյանի քանդակներն ու դարեր առաջ ստեղծված բազում կենցաղային իրեր:

Քանդակներով ձևավորված աստիճանավանդակը տանում է դեպի Սամվելյանների տուն-արվեստանոցը, որտեղ ամեն ինչ, բացի հեռուստացույցից և համակարգչից, մի քանի դար առաջ արդեն ծառայել են ինչ-որ մի հայտնի մարդու:

17-րդ դարի զարդաքանդակներով հեշտադարանի (կոմոդ) վրա դրված են բազմաթիվ հնաոճ լուսամփոփներ, զարդատուփեր ու սպասք: Արծաթյա զարդեղենի և անվանական գոտիների հավաքածուն տեղադրված է հատուկ ապակյա ցուցափեղկերում: Պատի ամբողջ բարձրությամբ վեր խոյացող հայելին տարբեր դարերի շատ գեղեցկուհիներ և զգեստներ է տեսել, իսկ Ագուլեցու թոռների 18-րդ դարի օրորոցում ժամանակին նրա հայրն ու պապն են մեծացել:

«Հայկական մշակույթն առաջին հերթին ժողովրդի ստեղծած իրերը, զարդերն ու հագուստներն են, որոնք բխել են ժողովրդի մտածելակերպից, ժամանակի պահանջներից, և չի կարելի անտեսել այդ ամենը և թողնել, որ թանգարաններում մահանա», - ասում է Լուսիկը:

«Ամեն օրն ինձ համար մի կյանք է: Եթե ես բացում եմ աչքերս ու տեսնում եմ արևը, ուրեմն աշխարհի վերջը դեռ չի եկել, ուրեմն պիտի արարեմ, պիտի նկարեմ ու պահպանեմ իմ ազգային մշակույթը»:


  Inside
 

Decision 2003: Candidates declare property and income

Full story

 
 
 
 

Army Day: Report says conditions for soldiers improving

Full story

 
 
 
 

Health Help: Ministry of Healthcare offers six Saturdays of free treatment

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Talk Time

In 19 days Armenia will elect a President. Until then voters will be talked to by candidates such as Stepan Demirchyan (top). And some, such as President Robert Kocharyan (bottom), will be talked back to.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.