ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 24, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Որոշում 2003. նախագահական քարոզարշավը սկսվում է սենսացիոն հայտարարություններով և բառերի պատերազմով


Naghdalyan was appointed to his post by President Kocharyan.Հեռուստալրագրող Տիգրան Նաղդալյանի սպանության առթիվ բանավեճը քաղաքական կրքեր բորբոքեց այն բանից հետո, երբ սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի շահերը ներկայացնող փաստաբանը կարծիք հայտնեց, որ Նաղդալյանի սպանությունը կապված է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի խորհրդարանական սպանությունների ընթացող դատավարության հետ:

Ճանաչված լրագրող և Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նաղդալյանը սպանվել է դեկտեմբերի 28-ին ծնողների տնից դուրս գալիս:

Նաղդալյանին այդ պաշտոնին էր նշանակել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նախագահի առանցքային կողմնակիցներից էր և հաճախ քննադատում էր ընդդիմությանն ամեն շաբաթ եթեր դուրս եկող իր «Օրակարգ» հեռուստածրագրում:

Նաղդալյանի մահվանն անմիջապես հաջորդած իր հայտարարության մեջ Քոչարյանը սպանության մեջ մեղադրեց ընդդիմադիր ուժերին:

Սակայն մոսկվացի փաստաբան Օլեգ Յունոշևի հայտարարությունները հունվարի 14-ին կայացած մամլո ասուլիսում կապում են Նաղդալյանի սպանությունը հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին լրագրողի ունեցած տեղեկությունների և հնարավոր մեղսակցության հետ:

Նաղդալյանին պետք է հրավիրեին վկայություն տալու, և Յունոշևը պնդում է, որ եթե նա արդեն վկայություն տված լիներ, ապա հիմա ողջ կլիներ: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Նաղդալյանին սպանել են, որպեսզի նա չտա վկայություններ, որոնք կարող էին ցույց տալ նախագահի առնչությունը հոկտեմբերի 27-ին:

Իր մեղադրանքներում Յունոշևը հիմնվում է, մասնավորապես, իր այն ենթադրության վրա, որ Նաղդալյանը մոնտաժել է խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության մասին հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված տեսերիզը:

Խորհրդարանում նկարահանված տեսերիզն իրականում 11 րոպեով երկար է հանրության տեսած տարբերակից:

Զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը չի ժխտում, որ գոյություն ունեն Ազգային Ժողովի շենքում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունները պատկերող երկու բնօրինակ տեսերիզներ:

«Նոյեմբերի 1-ին մեզ մոտ կար մեկ տեսերիզ, - «Հ1»-ին տված հարցազրույցում պարզաբանել է Ջհանգիրյանը, - Հետագայում պարզվեց, որ առկա է ևս մեկը, և մենք այն առգրավեցինք»:

Yunoshev claims he has new evidence.Յունոշևն ասում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից 31-ը Նաղդալյանը թույլ է տվել մոնտաժել տեսերիզը և դատախազությանն է տրամադրել միայն մոնտաժված տարբերակը, և որ միայն այդ երկու տեսերիզների համեմատությունը կբացահայտի ամբողջ կատարվածը: Յունոշևը պնդում է, որ Նաղդալյանը հրահանգ է ստացել մոնտաժել տեսերիզը:

Փաստաբանը նաև այլ սենսացիոն հայտարարություններ արեց՝ ավելացնելով, որ իր տրամադրության տակ կա հոկտեմբերի 27-ի իրադարձությունների նոր տեսերիզ, որը ցույց է տալիս, որ Ազգային Ժողովի դահլիճի հարևանությամբ եղել են զինված մարդիկ, որոնք մեղադրվող Նաիրի Հունանյանի ահաբեկչական խմբի անդամներ չեն ճանաչվել:

Յունոշևը հայտարարում է, որ ունի վկաներ, ովքեր պատրաստ են դատարանում հայտարարել, որ խորհրդարանական ահաբեկչության կազմակերպիչները բարձրաստիճան պաշտոնյաներ են, և նա այդ վկաներին հրավիրելու է դատարան՝ վկայություն տալու:

«Տիգրան Նաղդալյանը հոկտեմբերի 27-ի հետ կապված առաջին զոհը չէ, - ասաց փաստաբանը, - Հիշենք այդ գործով մեղադրվողներից մեկի մահը մեկուսարանում: Մենք տվյալներ ունենք, որ ևս հինգ անձինք, ովքեր այս կամ այն կերպ առնչվում էին գործին և կարող էին տեղեկություններ հայտնել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հանցակցության մասին, սպանված են: Այդ պաշտոնյաների անուններն առաջիկայում կհրապարակվեն դատարանում»:

Նախկինում Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Մարինա Ջանոյանը կիսում է այն տեսակետը, որ ողջ լինելու դեպքում Նաղդալյանը կարող էր լույս սփռել հոկտեմբերի 27-ի գործի վրա:

«Նաղդալյանը տեսագրությունների բնօրինակը պետք է հանձներ նախաքննության մարմնին, որը չի արել, թեև մենք դատարանում նման հարցադրում արել էինք, - ասում է Ջանոյանը, - Մինչև այսօր գործի մասնակիցները չեն կարողացել դիտել բնօրինակը, թեև բոլորը գիտեն, որ այն գտնվում է Նաղդալյանի մոտ»:

Սակայն թեև Ջանոյանը կարծում է, որ Նաղդալյանը կարող էր չափազանց կարևոր վկայություններ տալ, նա չի կարծում, որ Նաղդալյանն այդպես կաներ:

«Տիգրան Նաղդալյանը շատ խելացի և պատրաստված երիտասարդ էր, - ասում է փաստաբանը, - Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք կարծում են, որ Նաղդալյանը կգար դատարան և կասեր այն, ինչ տեղի է ունեցել իրականում, կամ այն, ինչ իրենք են ուզում լսել»:

Հոկտեմբերի 27-ի դատավարությունը հետաձգվել է անցյալ ուրբաթ օրվանից դատավոր Սամվել Ուզունյանի հիվանդության պատճառով: Հայտնի չէ, թե այն երբ կվերսկսվի:

Դատավորի հիվանդանալու ժամանակը նույնպես օգտագործվում է ընդդիմության կողմից, որը փորձում է կասկածներ հարուցել դատարանում կատարվելիք հայտարարությունների կապակցությամբ:

«Ինչու՞ հանկարծ հիվանդացավ Ուզունյանը», - հարցնում է «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայության ղեկավար Սուրեն Սուրենյանցը, որի կանխատեսմամբ դատավարությունը կշարունակվի միայն փետրվարի 19-ից հետո:

Նախագահ Քոչարյանը, որի քարոզարշավը (ինչպես և ընդդիմության քարոզարշավը) պաշտոնապես սկսվեց երեքշաբթի օրը, արձագանքեց Յունոշևի հայտարարություններին՝ փաստաբանին անվանելով «փաստաբանի փաստաթղթերով «բոմժ»»:

Յունոշևը պատասխանեց նախագահի հայտարարությանը՝ ընդգծելով, որ անցյալում Ռուսաստանում աշխատել է որպես դատախազ և արժանացել է Ռուսաստանի գլխավոր դատախազի բարձր գնահատականին:

Նախագահը նաև ասել է, որ Յունոշևի հայտարարությունները կապված են (Վազգեն Սարգսյանի եղբայր) նախկին վարչապետ Արամ Սարգսյանի նախագահական նախընտրական քարոզարշավի հետ:

«Դիակներով ընտրությունների չեն գնում», - հայտարարել է Քոչարյանը:

Արագածոտնի մարզում չորեքշաբթի օրն անցած նախընտրական հավաքի ժամանակ Արամ Սարգսյանը պատասխանել է նրան. - «Նա (Քոչարյանը) ինքն է դիակների վրայով իշխանության եկել: Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել այդ մարդուց»:


 

Decision 2003: President confident of re-election with no run-off

Full story

 
 
 
 

Empty: Pipeline disruption means problems for commuters

Full story

 
 
 
 

Energy Boost: Metsamor Plant Resumes Power Generation

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.