ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 24, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Սինթեզի գիտություն. հարգանքի տուրք դեղագործական ինստիտուտին


Երկար տարիների ուսումնասիրությունների և փորձարկումների արդյունքում Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հայ գիտնականներն առանձնացրել են միացություններ, որոնք նրանց կարծիքով կդառնան հակաուռուցքային և հակաինֆեկցիոն արդյունավետ դեղամիջոցներ:

Վերջին տարիներին կատարած այս և այլ նշանակալի ուսումնասիրությունների համար Ֆրանսիայի Արդյունաբերողների օժանդակության պետական ասոցիացիան (Societe D'Encouragement Pour L'Industrie Nationale) պարգևատրել է ինստիտուտին Նապոլեոն Բոնապարտի անվան ոսկե մեդալով:

Ինստիտուտի տնօրենը՝ 65-ամյա պրոֆեսոր Բագրատ Ղարիբջանյանը, գիտությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար պարգևատրվել է Պաուլ Էրլիխի ոսկե (Գերմանիա) և Վերնադսկու արծաթե (Ռուսաստան) մեդալներով, ինչպես նաև ոսկե մեդալով Ֆրանսիայի Արդյունաբերողների օժանդակության պետական ասոցիացիայից:

«Աշխարհում շատ քիչ են այն գիտօջախները, որտեղ ընթանում են բոլոր փուլերը՝ դեղամիջոցի սինթեզից մինչև արտադրությունը, - ասում է Ղարիբջանյանը, - Այս ինստիտուտի առավելությունն այն է, որ այդ բոլոր օղակները համատեղված են մեկ օջախում: Մեզ մոտ աշխատում են քիմիկոսներ, կենսաբաններ, այստեղ կատարվում են նաև փորձարկումներ ու տեխնոլոգիական հետազոտություններ»:

Ըստ Ղարիբջանյանի, ինստիտուտի 18 հնարավոր մշակումների շարքում կան այնպիսի միացություններ, որոնք կարող են օգտագործվել որպես ցավազրկիչ, անոթալայնիչ, ուղեղի արյան շրջանառության կարգավորիչ, պերիֆերիկ անոթալայնիչ և հակաուռուցքային նյութեր:

«Ավարտվում են դրանց մի մասի նախակլինիկական փորձարկումները, իսկ դրանցից երեքն էլ պետք է մի քանի տարվա կլինիկական փորձարկումների փուլ անցնեն, - ասում է նա, - Բնականաբար, մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի դեղամիջոցներ, որոնք նախկիններից լավն են, քիչ վնասակար են օրգանիզմի համար և մատչելի հիվանդների համար»:

Ինստիտուտը հիմնադրվել է 1955 թվականին ակադեմիկոս Արմենակ Մնջոյանի կողմից և այդ օրվանից զբաղվում է դեղամիջոցների ստեղծմամբ:

Ղարիբջանյանն ասում է, որ ինստիտուտը մշակել է դեղամիջոցներ, որոնք օգտագործվել են խոցային հիվանդությունների, բրոնխների ասթմայի, Պարկինսոնի հիվանդության, արյան ճնշման, որովայնային տիֆի, դիզենտերիայի, էպիլեպսիայի և այլ հիվանդությունների բուժման համար:

«Ինստիտուտի ստեղծած դեղամիջոցներից յուրաքանչյուրը նախատեսված է մի շարք հիվանդությունների արդյունավետ բուժման համար», - ասում է Ղարիբջանյանը:

Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո ինստիտուտի հաջողությունները դադարեցին: Այսօր արտոնագրի բացակայության պատճառով ինստիտուտն իրավունք չունի միջազգային շուկա հանել իր արտադրած դեղամիջոցները:

Ավելին, Ղարիբջանյանի խոսքերով, այսօր հումքից սինթետիկ դեղամիջոց ստանալու համար ավելի շատ փող է պահանջվում, քան ծախսվել է Խորհրդային Միության դեղագործության ողջ պատմության ընթացքում:

ԱՄՆ-ում 250000 սինթեզված նյութերից նախակլինիկական փորձարկման համար վերցվում է միայն մեկը: Այնուհետև, հինգ պատրաստուկներից միայն մեկն է անցնում կլինիկական փորձարկում, և այս փուլն անցնելուց հետո հինգից միայն մեկը կարող է կյանքի ուղեգիր ստանալ:

«Եթե այս ամենը բազմապատկենք, պարզ կդառնա, թե ինչ ծավալուն հետազոտություններ են անհրաժեշտ դեղամիջոց ստեղծելու համար, - ասում է Ղարիբջանյանը, - Մենք ֆինանսապես ի վիճակի չենք նմանատիպ ուսումնասիրություններ կատարել, սակայն հիմնվելով մեր հաստատած օրինաչափությունների վրա՝ կատարում ենք նպատակասլաց սինթեզներ, որոնք մեծ ծախսեր չեն պահանջում»:

Դափնեկիր գիտնականն ասում է, որ իր ինստիտուտի կատարած աշխատանքն անտեսվում է այն ընկերությունների կողմից, որոնք կարող էին նպաստել ինստիտուտի հետագա զարգացմանը:

«Ցավալի է, որ մրցունակ ընկերությունները նպատակահարմար չեն գտնում համագործակցել մեզ հետ՝ երկյուղելով ահեղ մրցակից ձեռք բերելուց և մենաշնորհի իրավունքը կորցնելուց: Ելքը կամ համագործակցության միջոցով կրկին Ռուսաստանի շուկա դուրս գալն է, կամ հովանավոր ձեռք բերելը»:


 

Decision 2003: President confident of re-election with no run-off

Full story

 
 
 
 

Empty: Pipeline disruption means problems for commuters

Full story

 
 
 
 

Energy Boost: Metsamor Plant Resumes Power Generation

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.