ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 24, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Սուրբ արվեստ. էջմիածինցի ոսկերիչն արժանանում է եկեղեցու դրվատանքին իր ծառայությունների համար


The artists was one of only 100 precious metals specialists in the Soviet Union.Խորհրդային տարիներին ամբողջ Միությունում միայն 100 ոսկերիչ թույլտվություն ուներ աշխատել ոսկով և արծաթով:

Արշակ Մանուկյանն Էջմիածնից այդ ընտրյալներից մեկն էր: Այժմ նախկին պետական մասնագետը գործեր է ստեղծում Հայաստանի հոգևոր կենտրոնի՝ Մայր Աթոռի համար:

Մանուկյանի ստեղծած մեծ խաչն Անթիլիասում է, իսկ Վազգեն Ա-ի պատվիրած փոքր խաչերն այժմ կրում են 1980-ականների վերջում Արցախում մկրտված երեխաները: Նմանատիպ խաչեր էին նվիրում նրանց, ովքեր մարդասիրական օգնություն էին բերում 1988 թվականի երկրաշարժից հետո:

«Իմ պատրաստած խաչերը սփռված են աշխարհով մեկ, և դա ինձ համար արդեն նշանավոր իրադարձություն է», - ասում է Մանուկյանը:

Նրան գործեր են պատվիրել երեք կաթողիկոսներ: Նրա հոգու պարծանքն է քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ պատրաստած ճրագամանը, որը Գարեգին Բ-ի հրամանով այսօր տեղադրված է Ս. Էջմիածնի իջման սեղանին:

«Էսքիզն անելիս մտածում էի այնպիսի գործ ստեղծել, որը նաև ինչ-որ բան խորհրդանշեր, - բացատրում է վարպետը, - Ընտրեցի նուռը: Բաժանեցի 12 մասի, կենտրոնում վառվելու էր կրակը: Դա խորհրդանշում էր Քրիստոսին՝ 12 առաքյալներով: Վեհափառին շատ դուր եկավ»:

Ճրագամանը վառվում է Վեհափառ հայրապետի ձեռքով՝ Խոր Վիրապից բերված կրակով, որը հետո բաժանվում է հայ եկեղեցու 40 թեմերին:

Մանուկյանը նաև պատրաստում է 40 սրվակներ, որոնցով 40 թեմերն է ուղարկվում սրբալույս մյուռոնը:

Մանուկյանն ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի բաժինը: Ուսման տարիներին հանդիպել է Իսականյան Էդիկին, որը Հայաստանի լավագույն արծաթագործներից էր:

«Երբ հայտնվեցի վարպետի արհեստանոցում, զգացի, որ պետք է զբաղվեմ այս գործով, - ասում է Մանուկյանը, - Ի զարմանս ինձ, նա ասաց, որ ունակություններ ունեմ և կապացուցեմ դա մոտ ապագայում»:

Հինգ ամսից ապագա վարպետը սկսեց աշխատել ինքնուրույն:

1988 թվականին Մոսկվայում մասնակցում է համամիութենական ցուցահանդեսին և թանկարժեք մետաղներով աշխատելու իրավունք է ստանում:

«Խորհրդային Միության ժամանակ, մասնագետ լինելով, իրավունք չունեիր աշխատել ոսկով կամ արծաթով՝ միայն ոչ թանկարժեք մետաղներով, - ասում է Մանուկյանը, - Թույլտվություն ստացա Նախարարների խորհրդից: Հայաստանից ընդամենը 15-16 հոգի էինք»:

Ani says dad's a tough teacher.Անկախացումից հետո Մանուկյանը, շատերի նման, բախվել է սոցիալ-տնտեսական դժվարությունների: Հիմնական դժվարությունը մշտական էլեկտրամատակարարման բացակայությունն էր: Սակայն դիմելով Էջմիածնի քաղաքապետին՝ Մանուկյանին հաջողվում է մշտական հոսանք ստանալ:

Նա ասում է, որ իր արվեստի գաղտնիքը մատների մեջ է:

«Յուրաքանչյուր մարդու ձեռքի մատները խոսում են նրա ներքին կարողությունների մասին: Մատները հուշում են, կարող է արդյոք տվյալ անձը զբաղվել արծաթագործությամբ և ոսկերչությամբ, - ասում է ժողովրդական վարպետը, - Այս արվեստը պահանջում է հարթ տափակ մատներ՝ նույնանման եղունգներով, և, իհարկե, տաղանդ ու աշխատասիրություն»:

Վարպետի արհեստանոցը նրա սեփական տան առաջին հարկում է: Մեծ պատվերների դեպքում նրան օգնում են կինը և աղջիկը:

«Մասնագիտությամբ հաշվապահ եմ, բայց թողել եմ գործս և օգնում եմ ամուսնուս», - ասում է 37-ամյա Գայանե Գալստյանը, որը խոսում է իսկական մասնագետի նման, երբ բացատրում է, թե ինչպես է ինքն էմալ անում:

Դուստրը՝ 17-ամյա Անին, որն աշակերտում է հորը, դժգոհում է, որ հայրը խիստ ուսուցիչ է, սակայն խստությունից միայն շահում են: Նա նույնպես աշխատում է էմալով՝ համատեղ գործեր ստեղծելով հոր հետ:

Լուսանկարների ալբոմում ներկայացված են Մանուկյանի պատրաստած աշխատանքները Հովհաննես Պողոս Բ պապի, Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդի, Ռուսաստանի նախագահ Պուտինի և այլոց համար:

«Մեր եկեղեցու համար աշխատելիս առաջնորդվում եմ ազգային, ավանդական սկզբունքներով, - ասում է Մանուկյանը, - Դրսի շուկայի համար պատրաստում եմ գործեր՝ համապատասխան այդ շուկայի պահանջներին, որոնք անընդհատ ուսումնասիրում եմ: Չի կարելի հետ մնալ, հակառակ դեպքում դուրս կմնաս»:

Այս տարի Մանուկյանը եկեղեցուց պատվերներ է ստացել այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նշվելիք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի 1700-ամյակի կապակցությամբ:

Այլ գործերի թվում Մանուկյանը պատրաստելու է նաև մի մեծ խաչ, որը նա համարում է «մեծ նոր պատմական գործ»:


 

Decision 2003: President confident of re-election with no run-off

Full story

 
 
 
 

Empty: Pipeline disruption means problems for commuters

Full story

 
 
 
 

Energy Boost: Metsamor Plant Resumes Power Generation

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.