ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 17, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Այս երկրին հատուկ է մի գեղեցկություն, որն ի հայտ է գալիս միայն նրա վատթարագույն վիճակում, տարբերակում է «սիրունը» «գրավիչից» և առնչվում է հոգու հետ:

Այն չի բացահայտվում ամառվա կարճ փեշերով, երբ մեկ այլ գեղեցկություն՝ բուռն ու ցանկալի, շնչակտուր է լինում ինքնախորասուզման մեջ: Ոչ էլ նշմարվում է աշնանը՝ Հայաստանի լավագույն եղանակին, երբ բնությունը՝ կարծես ինքն իրենից շփոթված, չի կարողանում գիտակցել պարտադրված փոփոխություններն ու դրանց հետևանքները:

Ոչ, այստեղ կա մի գեղեցկություն, որը չեն շպարում զբոսաշրջիկներին հրամցնելու համար:

Դա ներքին գեղեցկություն է, որ վերապրում է սպիները և կարող է դիմակ կրել դաժանությունից պաշտպանվելու համար, սակայն թաքնված չէ:

Եվ ձմռանն է, որ այն առավել պայծառ է փայլատակում:

Այդ գեղեցկությունը կա այն կնոջ մեջ, որին ես երեկ ուղեկցում էի հայացքով, մինչ նա աղբի դույլը ձեռքին անցնում էր մեր շենքի սառցածածկ բակով: Նրա ոտքերը փաթաթված էին ցելոֆանե տոպրակներով, որ նա, անկասկած, հավաքել էր նախօրոք՝ պատրաստվելով ձմռանը և նրա դեմ մարտնչելուն:

Այն Ալեքսանդր անունով տարեց մարդու դեմքին է, որին ես մի քիչ ծանոթ եմ: Մի քանի տարի առաջ ձմռանը ես լուսանկարել էի նրան, երբ նա սայթաքուն մայթով վառելափայտ էր շալակած տանում իր հյուղակը: Իսկ նա, իր հոգսաշատ առօրյան իմ վուայերիստական ներխուժումից վիրավորվելու փոխարեն, ինձ հրավիրեց իր տուն՝ թեյ խմելու:

Այն ժամանակ ինձ հետաքրքրեց, թե քանի ձմեռ է պարփակում իր մեջ Ալեքսանդրը:

Երեկ ես տեսա, թե ինչպես է նա սագի փետուրների նման թափվող ձյան տակ արևածաղկի սերմ վաճառում ճիշտ այնտեղ, որտեղով փայտ էր քարշ տալիս:

Արևածաղկի սերմ ձյան տակ: Դրա մեջ նույնպես ինչ-որ գեղեցիկ բան կա:

Այդ գեղեցկությունը կա իմ հարևանի մեջ, որը՝ իմանալով, որ արձակուրդից վերադառնալու եմ սառած խողովակներով բնակարան, ինձ համար մի դույլ ջուր էր բարձրացրել հինգ հարկ և մի թերմոս կանաչ թեյ էր թողել:

Այս զուտ-ձմեռային գեղեցկությունը կա ընկերոջս պատմության մեջ, թե ինչպես են ինքն ու կինը դիմավորել Նոր տարին ննջարանում, որովհետև դա միակ սենյակն է, որ կարողացել են տաքացնել: Եվ պատմել ծիծաղելով:

Այն խանութպանների տեսքում է, որոնք ավլում են աղբը խանութների սառցակալած շեմերից՝ հպարտորեն դիմագրավելով դաժան ճակատագրի քմահաճույքներին:

Ես տեսնում եմ, թե ինչպիսի ջանքեր են գործադրում բնության անվերահսկելի տարերքի դեմ (և դրա խորհուրդն, իհարկե, ակնհայտ է) այն մարդիկ, ում գոյությունն ինքը նրանց գոյատևման ահավոր գեղեցկության արգասիքն է:

Եվ ես լսում եմ, թե ինչպես է ընկերուհիս, որն ինքն այդ հազվագյուտ գեղեցկության մարմնացումն է, այդ չարչարանքները «հայկական պատմություն» անվանում:

Եվ ես ուզում եմ, որ այդ հարձակումները՝ բնության, թե մարդկանց, դադարեն: Սակայն երախտապարտ եմ գեղեցկության համար:

Այն մարդու համար, որը գալիս է հարմարությունն անհրաժեշտության և հարմարավետությունը ցոփության հետ հաճախակի շփոթող հասարակությունից, այստեղ դասեր կան քաղելու, որոնք առավել ակնառու են, երբ սրճարանային հասարակությունը, որ այնքան սիրում են այլ քաղաքի սովոր օտարերկրացիները, վաղուց արդեն ձմեռային քուն է մտել:

Այստեղ ես սովորել եմ պայքարի իմաստը: Եվ դրանից ծագող գեղեցկության տեսարանը մի պատկեր է, որը կանդրադառնա իմ մնացած բոլոր տարվա եղանակների վրա:


 

Voting Climate: Report say "extraordinary efforts required" to assure clean elections

Full story

 
 
 
 

Bound by Belief: Molokans hold on to faith and tradition in changed world

Full story

 
 
 
 

Politics: Ruling against Hovanissian renews debate about Kocharyan's citizenship

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.