ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 17, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Տաքացնելով բնության զավակներին. ձմեռն առանձնակի դժվարություններ է ստեղծում կենդանիների համար


Ցուրտ անձրևոտ օրը Երևանի կենդանաբանական այգում քիչ այցելուներ կան: Տնօրենն ասում է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում նրանց թիվը չի անցել տասնյակից:

«Ցավալի է, որ ձմռանը քիչ մարդ է գալիս, - ասում է տնօրեն Սահակ Աբովյանը, - Այգին մարդկանցով է գեղեցիկ»:

Սակայն լիքը, թե դատարկ, այստեղ կան մոտ 200 տեսակի կենդանիներ, որոնց պետք է խնամել, իսկ Երևանի դաժան ձմեռն ավելի է դժվարացնում այդ խնդիրը:

«Ձմռանը դժվարությունները շատ-շատ են, - ասում է Գիշատիչների բաժնի ղեկավար Յունոնա Խանզադյանը, - Տարածքը մաքրվել է ձյունից, աղ է լցվել, բայց միևնույն է, վանդակներում ջուրը սառչում է»:

Ամեն օր թասերի մեջ եռացրած ջուր են լցնում, որպեսզի տաքացնեն կենդանիների խմելու ջուրը: Աբովյանն ասում է, որ աշխատողները վիճում են, թե տաքացված ջուրն առաջինը որ կենդանուն պետք է տրվի:

Որոշ կենդանիներ, ինչպես կապիկները և արջերը, իրենց վանդակներում ձմեռանոցներ ունեն:

Արջերը հատուկ ուշադրության են արժանանում ձմռանը, քանի որ էգերը հղի են լինում այս ամիսներին:

Խանզադյանն ասում է, որ մի արջ քոթոթ է բերել, սակայն նույնիսկ աշխատողները նրան դեռ չեն տեսել, «միայն ձայնն են լսել»:

Ձմեռն ընկնելուն պես կապիկներին փակում են իրենց ձմեռանոցներում: Ամբողջ ձմեռ նրանց սնունդը նույնն է, սնվում են մարդկանց պես՝ միրգ, բանջարեղեն, թեյ, կաթ, քաղցրավենիք:

«Ցիտրուսներ կարող ենք մտցնել նրանց կերի ցուցակի մեջ, և հավատացնում եմ, որ գոնե ամիսը մեկ անգամ կարող ենք տալ, պարզապես դրանք անհրաժեշտ կալորիականությունը չունեն, - ասում է Խանզադյանը, - Բոլորին թվում է, որ եթե կապիկին մանդարին տան, նա դրանով կկշտանա»:

Ջերմասեր կենդանիների համար վանդակների հատակին տախտակներ են դնում, վրան խոտ լցնում և ամեն օր փոխում, որ թաց չլինի:

«Կարևոր պրոբլեմ է որոշ կենդանիների նորմալ ազատավանդակ չունենալը, - ասաց Աբովյանը, - Մեծ կատվազգիների ազատավանդակները չեն համապատասխանում նրանց նորմերին: Կցանկանայինք, որ այդ ազատավանդակներն ավելի մեծ լինեին՝ տվյալ կենդանուն համապատասխան, որպեսզի այն իրեն բանտում չզգար: Սակայն դա ֆինանսական լուրջ միջոցների հետ է կապված»:

Կատվազգիների համար վանդկաներում ծածկեր են սարքում, գետնին խոտ են լցնում: Ձմռանը նրանք հիմնականում ապրում են իրենց էներգիայի հաշվին, այդ պատճառով տարվա այս եղանակին նրանց սննդաբաժինն ավելացվում է:

Բոլոր երևանցիների նման, կենդանիներն էլ են ձմռանը մրսում: Սակայն չնայած այս ձմեռվա ծայրահեղ սառնամանիքներին՝ Խանզադյանի հավաստմամբ, ցրտից ոչ մի կենդանի չի սատկել:

«Զարմանում եմ, երբ ասում են. - «Կենդանաբանական այգին փակ է, բա դուք ինչու՞ եք աշխատում»: Մենք աշխատում ենք մեզ համար հարազատ դարձած կենդանիների համար: Մեզ շատ բան է կապում նրանց: Ով չի սիրում կենդանիներին, այստեղ երկար ժամանակ աշխատել չի կարող», - ասում է Խանզադյանը:


 

Voting Climate: Report say "extraordinary efforts required" to assure clean elections

Full story

 
 
 
 

Bound by Belief: Molokans hold on to faith and tradition in changed world

Full story

 
 
 
 

Politics: Ruling against Hovanissian renews debate about Kocharyan's citizenship

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.