ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 17, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Դժվար գիշեր Ձմեռ պապի համար. մրսած երևանցիները պայքարում են տարեհացի համար


Մեկ, երկու, երեք, և սարսափահար Ձմեռ պապը՝ մորուքը մի կերպ փրկելով, ոստիկանների ձեռքերում թողած տարեհացերով լի իր թանկագին պարկը, արագ-արագ հեռացավ խելագարված ամբոխից: Հունվարի 12-13-ի գիշերը Հանրապետության հրապարակում իր գագաթնակետին հասավ հին հայկական Նոր տարվան նվիրված մեծ տոնակատարությունը:

Բազմաթիվ մասնակիցներ՝ անտեսելով ցուրտն ու անհարմարությունները, սկսեցին ուրախ իրար գլխի հավաքվել ու հրմշտել իրար:

«Այս օրն Ամանորի ամենամեծ տոնն է բոլորիս համար, - ցրտից դողալով ասում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի վարչության պետ Արման Սահակյանը, - Դեկտեմբերի 31-ին գրեթե բոլորը նշում են Ամանորն իրենց տներում, իսկ այս տոնին բոլորը շտապում են այստեղ՝ Հանրապետության հրապարակում նշելու հին ավանդական Ամանորը»:

Ցրտից ու ձյունից անասելի գեղեցկություն ստացած եղևնու լույսերի ու խորհրդի տակ սկսվեց տոնը, որին իրենց մասնակցությունն էին բերում հայկական էստրադայի ու ժողովրդական երգի գրեթե բոլոր աստղերը, որոնք իրենց անունը լսելուն պես դուրս էին վազում բեմ: Ու շարունակվում էր երաժշտությունը:

Եվ հաղորդավարն էլ ամեն ելույթ ունեցողի հետ բեմ էր դուրս գալիս և նրանց հավասար կատարում ստեղծագործությունները, որպեսզի չմրսի: Արդյունքում, երբեմն չէր էլ հասկացվում, երգիչն է երգում, թե կազմակերպիչ-հաղորդավար Գևորգը:

«Չնայած տարօրինակություններին, այս օրն իսկական տոն էր մեզ համար: Եվ այս տարի ավելի հետքրքիր էր կազմակերպվել, - ասում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը, - Տոն, որին առանց մի վայրկյան մտածելու ուրախությամբ մասնակցում ենք գրեթե բոլորս: Շատ ցուրտ է, սակայն դրա դեմ էլ միջոց կա: Տաք հագնվում ենք ու, ինչքան հնարավոր է, ժողովրդի հետ մեկտեղ թռվռում՝ թե՛ ներքևում, և թե՛ բեմահարթակի վրա: Այս դեպքում էլ ոչ մի բան սարսափելի չէ»:

«Հունվարի 13-ը հայկական հին տոնացույցով ամանորի տոնն է, մենք էլ փորձել ենք ինչ-որ չափով պահպանել նաև որոշ հին հայկական ավանդույթներ, - ասում է վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մարկոսյանը, - Ամենակարևորը ժողովրդին տարեհացի բաժանման արարողությունն է, որն առաջին տարին չէ, որ կատարվում է»:

Տարեհացը, ըստ ազգագրագետների, ամենախորհրդավոր ու հետաքրքիր պատմություն ունեցող ազգային ավանդույթներից է: Դեռևս հին Հայաստանում տանտիրուհին տարեմուտին տարեհաց էր թխում: Տարեհացը, որը խորհրդանշում է անցածն ու գալիքը, կլոր, փոքր ինչ քաղցր բաղարջ էր՝ զարդարված համեմունքներով ու խմորից պատրաստված ցորենի հասկի նախշերով, և հավասարապես բաժանվում էր ընտանիքի անդամների միջև: Այս արարողությունում ամենահետաքրքիրն այն էր, որ տարեհացի մեջ տանտիրուհին նախապես որևէ բան էր դնում՝ մետաղադրամ, ուլունք կամ կոճակ, և նա, ում այն բաժին էր ընկնում, համարվում էր այդ տարի ամենահաջողակն ընտանիքում: Ավանդության համաձայն, հենց նրան էին ողջ տարին հետապնդելու հաջողությունն ու խաղաղությունը:

Հրապարակում հաջողության՝ տարեհացի, բաժանման արարողությունը սկսվեց միջոցառման կեսերին: Միջոցառումն առավել հարմար կազմակերպելու համար, որոշվել էր մեկ մեծ տարեհացի փոխարեն բազմաթիվ փոքր տարեհացիկներ թխել:

Մի քանի ձմեռ պապիները՝ հրապարակով մեկ սփռված, ժողովրդին բաժանեցին հազարավոր տարեհացեր, որոնցից միայն 12-ում էին թաքնված հաջողության ուլուքները:

«Շատերը գիտեն, որ տարեհացերի մեջ հաջողության ուլունքներ կան, որոնցով իրենք եղևնու տակից կարող են նվերներ՝ կենցաղային իրեր, ստանալ, - ասում է մասնագիտությամբ ուսուցչուհի Լուսինե Հայրապետյանը, - Ոմանք հենց այդ նվերներից են ոգևորվել, սակայն կարևորը հաջողությունն է, որը բերում են այդ ուլունքները, և ոչ թե նվերները»:

Ոմանց համար արարողությունը զուտ զվարճանք էր, իսկ ուրիշների համար՝ մի ամբողջ տարվա հաջողություն, որը չէին ցանկանում բաց թողնել:

«Բոլորն իրար են խառնվել, աղմկում են, տարեհաց են ուզում, երգում-պարում են, որ չմրսեն, շատ հետքրքիր է, - ասում է ուսանողուհի Նանե Շահնազարյանը, - Ձմեռ պապերն է՝ մի լավ հրմշտվելուց հետո, օրեր անց երևի թե ժպիտով հիշեն այս օրը»:


 

Voting Climate: Report say "extraordinary efforts required" to assure clean elections

Full story

 
 
 
 

Bound by Belief: Molokans hold on to faith and tradition in changed world

Full story

 
 
 
 

Politics: Ruling against Hovanissian renews debate about Kocharyan's citizenship

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.