ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 17, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Համակերպում ճակատագրի հետ. տոնական այց Աբովյանի կանանց և անչափահասների գաղութ


Ցուրտ, սակայն տոնական դահլիճում սառնամանիքից կարմրած դեմքերն, այդուհանդերձ, ուրախություն են արտահայտում: Հետաքրքիր, սակայն անսովոր արտաքինով և անսովոր հագնված կանայք տեղավորվել են հնաոճ սառը նստարաններին: Նրանց հետևում, Ամանորի համար զարդարված դահլիճում, անչափահասներ են խմբված՝ խուզած գլուխներով և մուգ կապույտ հագուստով:

Աբովյանի կանանց և անչափահասների գաղութում տոն է, և նրանք, ովքեր սխալ են գործել և հայտնվել են այստեղ, անում են ամեն ինչ, որպեսզի մոռանան այդ հանգամանքը:

«Երբ մայրիկը գնում է գործի, ես մնում եմ «զոնում»», - ասում է հնգամյա Գայանե Սահակյանը:

Նրա մայրը՝ 28-ամյա Արևհատ Սահակյանը, գաղութում է 1996 թվականից: Դատապարտվել է սպանության համար:

«2004-ին ժամկետս լրանում է: Անհամբերությամբ եմ սպասում, որպեսզի աղջկաս հասցնեմ ազատության», - ասում է մայրը:

Արևհատն ասում է, որ չի ուզում վերհիշել անցյալը: Տոնական փայլերով զարդարել է մազերն ու դեմքը, սակայն աչքերը տխուր են:

«Հղիության առաջին ամսում էի, երբ դատապարտվեցի: Եթե նա չլիներ, չգիտեմ, թե այս տարիներն ինչպես էի անցկացնելու: Գայանեն չի գիտակցում, թե որտեղ ենք: Պարզապես գիտի, որ տանը չենք, սակայն չգիտի, թե ինչու»:

Արցունքները հոսում են երիտասարդ կնոջ աչքերից: Նա ամուր կրծքին է սեղմում դստեր գլուխը:

Սովորաբար երեխաներին մայրերի մոտ են թողնում մինչև երկու տարեկան հասակը, սակայն Արևհատին թույլ են տվել սովորականից երկար պահել աղջկան:

«Աղջկաս համար ամեն ինչ անում եմ, որպեսզի չզգա որտեղ ենք: Մեր սենյակը զարդարել եմ, նվերներ պատրաստել: Նվերներ է տալիս նաև մեր ղեկավարությունը, - ասում է նա, - Ուզում եմ անցածը մոռանալ: Զղջում եմ, որ հայտնվել եմ այս պատերի մեջ ու ինձ հետ այստեղ բերել Գայանեին»:

Երկու տարեկան Ելիզավետա Համբարձումյանը բոլորի ուրախությունն է այստեղ: Նրան գրկից գիրկ են փոխանցում:

Նա ասում է, - «Ձմեռ պապը ինչ էլ բերի, կվերցնեմ»: Նրա համար միևնույն է, ինչ կբերի, միայն թե բերի:

Աղջկա մայրը՝ 28-ամյա Աստղիկ Համբարձումյանը, ասում է, որ աղջիկը ծնվել է կալանավայրում: Նա ծանր է տանում, որ մինչ ինքը լրացնում է ժամկետը, Ելիզավետան մեծանում է մանկությունից ու հասարակությունից կտրված:

Աստղիկի նման կանայք, որոնք երեխաների հետ են կրում պատիժը, բնակվում են առանձին սենյակներում: Երեխաների համար ամեն օր ստանում են կաթ և հում սննդամթերք և իրենք են պատրաստում փոքրիկների կերակուրը:

«Երեխաները ստանում են պարտադիր բժշկական օգնություն, նրանց տանում են զբոսայգիներ, կրկես: Պայմաններից դժգոհ չենք: Բայց մեկ է, ճաղերի հետևում ենք», - ասում է Աստղիկը:

Կալանավայրում իրենց պատիժն են կրում 170 կալանավորներ, որոնցից շուրջ 110-ը կանայք են, իսկ 60-ը՝ անչափահաս: Դատապարտյալ կանանց միջին տարիքը 40 է: Ըստ հիմնարկի պետ արդարադատության գնդապետ Յուրա Ջամալյանի, կանանց կեսից ավելին դատապարտված են սպանության համար:

Ամենատարեց դատապարտյալը 78-ամյա Ոսկի Ներսիսյանն է: Այլ տարեց կանանց հետ նա բնակվում է առանձին սենյակում:

«Չորս տարի 4 ամիս է նստած եմ, մնացել է 1 տարի 6 ամիս: Ունեմ երեք աղջիկ ու թոռներ: Սպանել եմ ամուսնուս: Նա ամբողջ կյանքում խմում ու ծեծում էր ինձ: Ուժ չունեի այլևս դիմանալու: Հիմա զղջում եմ և միայն ազատություն եմ ուզում», - ասում է նա:

Տարեցների սենյակից քիչ այն կողմ, մի ընդհանուր սենյակում բնակվում են մնացած կանայք: Տարբեր բնավորության ու խառնվածքի մարդիկ ապրում են միասին: Նրանց մեջ կան տնօրեններ, հաշվապահներ, կիրթ կանայք և անգամ տարրական կրթություն չստացածներ:

Քառասնամյա Անահիտ Հարությունյանն ազատազրկման 5 տարիներից անց է կացրել 3 տարի 6 ամիսը: Տանը նրան են սպասում երկու դուստրն ու մի որդին: Նա կալանավոր կանանց վարսավիրն է և սուրճի բաժակ նայողը:

«Մեզ այցի եկած հյուրերի հագ ու կապից, սանրվածքից ենք իմանում, թե դրսում ինչն է նորաձև: Ապրում ենք իրար հույս տալով, բայց սա կնոջ տեղ չէ, - ասում է նա, - Կանանցով մտերմացել ենք, մի ընտանիք ենք դարձել»:

Կանայք ասում են, որ գոհ են պայմաններից: Շաբաթը մեկ անգամ լողանում են: Կարևորում են օճառ և լվացքի փոշի ստանալը: Ամեն օր այցելում է բժիշկը: Հանցավոր աշխարհի «օրենքները» զարմանալիորեն այստեղ չեն գործում:

Կալանավոր կանանց քանակը տարեցտարի նվազում է: Ըստ Ջամալյանի, չորս տարի առաջ նրանց թիվը հասնում էր 450-ի:

Յուրաքանչյուր կալանավորի մեկ օրվա ծախսը կազմում է 400 դրամ (մոտ 75 սենթ): Ամեն օր ճաշի մեջ միս են ունենում, որը ստանում են կալանավայրի ճագարների, խոզերի ու կովերի տնտեսություններից: Անասուններին խնամող և այլ օժանդակ աշխատանքներ կատարող կալանավորները կարող են ամսական մինչև 5000 դրամ վաստակել (մոտ 10 դոլար), որը փոխանցվում է նրանց անձնական հաշվին:

Կալանավայրն ունի նաև կենդանաբանական և բուսաբանական այգիներ, որտեղ աշխատանքները կատարում են անչափահասները: Աշխատակազմի ղեկավար արդարադատության փոխգնդապետ Ռոստոմ Մարտիրոսյանն ասում է. - «Անչափահասը, որ մարդ է սպանել, խնամում է բույսերը, կենդանիներին, և դա մեղմացնում է նրա հոգին»:

Գործում է նաև դպրոց, պրոֆտեխուսումնարան, մարզադահլիճ և համակարգչային խմբակ: Սակայն ոչինչ չի փարատում նրանց թախիծը, հատկապես տոն օրերին:

35-ամյա Աննա Ներսիսյանն ասում է. - «Մեկ տարի ինն ամիսն այնպիսի դժվարությամբ չանցկացրի, ինչպես այս մի քանի օրը: Այստեղ սկսում ես գնահատել ազատության արժեքը»:


 

Voting Climate: Report say "extraordinary efforts required" to assure clean elections

Full story

 
 
 
 

Bound by Belief: Molokans hold on to faith and tradition in changed world

Full story

 
 
 
 

Politics: Ruling against Hovanissian renews debate about Kocharyan's citizenship

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.