Թանկարժեք
ժամացույցների արտադրության ասպարեզում առաջատար
ընկերություններից մեկը տարածաշրջանային իր վերջին
բուտիկը բացելու համար ընտրել է Աբովյան փողոցը
Երևանում:
Անցյալ ամիս Շառլ Ազնավուրի հրապարակում՝ նախկին
«Մոսկվա» ռեստորանի տեղում, բացվեց շվեյցարական
«Ֆրանկ Մյուլլեր» ընկերության խանութը:
Կարող է թվալ, որ այսպիսի խոշոր ընկերության համար,
որի թանկարժեք ժամացույցներից մեկը գնելու համար
պահանջվում է այս երկրի բնակչի մի քանի տարվա պաշտոնական
միջին եկամուտը, նման նախաձեռնությունը կապված է
մեծ ռիսկի հետ:
«Սկզբում ենթադրում էինք, որ առևտրական խաչմերուկ
լինելով Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ Հայաստանը
մեզ համար լայն շուկա կապահովի, - ասաց նոր խանութի
բացման կապակցությամբ Հայաստան ժամանած պարոն Մյուլլերը,
- Սակայն չորսամյա ընդմիջումից հետո վերադառնալով
Հայաստան՝ կարծում եմ, որ երկրի տնտեսության աճի
շնորհիվ շատ գնորդներ կունենանք նաև այստեղ»:
Հայաստանյան հաճախորդի ուշադրությանն է ներկայացված
ընկերության արտադրած ժամացույցների և ոսկերչական
իրերի լայն ընտրանի, որի գները սկսվում են 6000
շվեյցարական ֆրանկից (մոտ 4000 դոլար կամ 2340000
դրամ):
Անցյալ գարնանը, երբ Երևանում իր խանութը բացեց
«Սվոչ» շվեյցարական ընկերությունը՝ ներկայացնելով
իր նորագույն ոճի և միջին գների ժամացույցները,
ոմանք ասում էին, որ նույնիսկ այդ մատչելի գներ
ունեցող տեսականին դժվարությամբ կգտնի իր հաճախորդին:
Դե իսկ «Մյուլլերի» գներն ունեցող որևէ ընկերություն
երբևէ չէր փորձել գործ սկսել Հայաստանում:
Թեև հաճախորդների համար այն առայժմ ծառայում է
հիմնականում որպես ցուցասրահ, հիմնադիրները չեն
թաքցնում, որ իրենց սպասելիքներն արդեն արդարացվել
են, քանի որ պարզապես դիտողների հետ միասին բավական
թվով գնորդներ են ունեցել տեղի բնակիչներից:
«Խանութի բացման հաջորդ օրվանից նրանք, ովքեր
գնահատում են այսպիսի իրերը և հնարավորություն ունեն,
այստեղ էին», - ասում է Հայաստանում «Ֆրանկ Մյուլլեր»
խանութի հիմնադիր գործարար Արմեն Հայրապետյանը:
Սակայն
Հայրապետյանն ասում է, որ առաջնային նպատակն այն
էր, որ ընկերությանը ներկայացնելու իրավունքը տրվի
Հայաստանին, «և ոչ թե հարևան առավել մեծ պետություններին»:
Նրա խոսքերով, խանութը դեռ չբացված՝ այս բիզնեսով
զբաղվող տարբեր իրանական և վրացական ընկերություններ
համագործակցելու հետաքրքրություն են ցուցաբերել:
«Նման խանութի և գեղեցիկ ժամացույցների ու ոսկերչական
իրերի առկայությունը խթան կհանդիսանա հայերի էսթետիկական
ճաշակի զարգացման համար, - ասում է Հայրապետյանը,
- Իմ կարծիքով, Հայաստանում տնտեսությունը զարգանում
է , որը նշանակում է, որ մարդիկ փող են վաստակում,
և պետք է հնարավորություն տալ ծախսել այդ գումարները
գեղեցիկ բաների վրա: Հայաստանում մարդկանց հնարավորություններն
աստիճանաբար աճում են, և անորակ ապրանքներ գնելու
միտումը նվազում է: Արդեն ուշադրություն են դարձնում
գեղեցիկ և որակյալ ապրանքներին»:
Հայրապետյանը Հայաստան է վերադարձել 1995 թվականին՝
յոթ տարի Ռուսաստանում աշխատելուց հետո: Այսօր նա
Հայաստանում այնպիսի ընկերությունների բացառիկ դիտրիբյուտորն
է, ինչպիսիք են «Սամսունգը», «Ժիլետ գրուփը» և «Նայքին»:
«Այսօր մեր երկրի կայուն տնտեսական վիճակը թույլ
է տալիս մեզ՝ գործարարներիս, համագործակցել այնպիսի
խոշոր ընկերությունների հետ, ինչպիսին է «Ֆրանկ
Մյուլլերը», - ասում է նա:
Բացի խանութ բացելուց, «Ֆրանկ Մյուլլերը» ավելի
քան 2 միլիոն դոլար է ներդրել Հայաստանում ոսկերչության,
կաշվի վերամշակման և գյուղատնտեսության բնագավառներում:
Այսօր ընկերության ժամացույցների պողպատյա պարուտակներն
արդեն արտադրվում են Հայաստանում, և այդ նպատակով
ներմուծվել են նորագույն տեխնոլոգիաներով աշխատող
ութ գերժամանակակաից հաստոցներ:
Ֆրանկ Մյուլլերը նաև «AWI» («Armenian Watch Incorporation»
«Հայկական ժամագործական ինկորպորացիա») ընկերության
հիմնադիրներից է, որը միայն ռուսական շուկայում
տարեկան շուրջ 700000 ժամացույց է իրացնում:
Դեկտեմբերին Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային
կազմակերպության անդամ՝ հնարավորություն տալով աշխարհի
145 երկրներ առաքել «Պատրաստված է Հայաստանում»
պիտակը կրող ապրանքները:
«Շուտով նման մակարդակի ընկերությունները՝ մեկը
մյուսին հետևելով, ցանկություն կհայտնեն նման կենտրոններ
ունենալ Հայաստանում, ինչը դրականորեն կանդրադառնա
մեր տնտեսության վրա», - ասում է Հայրապետյանը:
«Հեռու չէ այն օրը, երբ մենք Երևանում կունենանք
այնպիսի փողոց, ինչպիսին է Պլասվանդոմը Փարիզում
կամ Ջինզան Տոկիոյում»:
|