ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 10, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Ջերմություն որոնելու երկիր. վերաբնակիչները հնարավորություններ են փնտրում Լաչինի միջանցքում


Emma and Sergey have 15 children.«Թող մեքենա տան՝ տասնվեցերորդը կունենամ, թե չէ, էլ ու՞ր ունենամ», - ասում է 15 երեխաների մայր տիկին Էմման, որը 1997 թվականին ընտանիքով Աշտարակից եկել և վերաբնակվել է Ադրբեջանի նախկին Լաչինի շրջան:

Փիրջահան գյուղը վերանվանվել է Գողթանիկ, իսկ շրջանը՝ Քաշաթաղ, որը դարձել է Լեռնային Ղարաբաղի վեցերորդ շրջանը (հինգերորդը Լաչինից հյուսիս Ադրբեջանի նախկին Քյալբաջար շրջանն է, որ վերանվանվել է Շահումյան):

«Երբ ամուսնանում էի, որոշել էի յոթ երեխա ունենալ, - ասում է Էմմայի ամուսինը՝ Սերգեյ Պողոսյանը, - Հարսանիքիս հերս կենացիս ասեց՝ յոթ որդով սեղան նստես:

«Ասի, հորս խաթեր ևս յոթը կունենամ: Էդպես 14 երեխա եղավ: Տասնհինգերորդն էլ Ղարաբաղի պատվին ունեցա»:

Էմմայի 15-րդ որդին՝ Արցախը, ծնվել է Քաշաթաղի հիվանդանոցում 98 թվականին: Էմման ու Սերգեյն արդեն ունեն վեց թոռ: Երեք աղջիկներն ամուսնացած են, երկուսն ապրում են Աշտարակում, իսկ երրորդը՝ հարևան գյուղում:

Էմման և Սերգեյը՝ իրենց մեծ ընտանիքով, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է բնակեցնել Լաչինը և դրանով միաձուլել Հայաստանը և Ղարաբաղը:

(Լաչինը Ղարաբաղը Հայաստանից բաժանող տարածքն է, որ հայկական ուժերը գրավել են 1992 թվականին: Վերանվանելով և վերաբնակեցնելով Լաչինը՝ Հայաստանի կառավարությունը միաձուլում է երկու հայկական պետությունները):

«Մեր վիճակը շատ ծանր էր: Աշխատում էի Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտում: Գործը կանգնեց: Հետո ուսումնարանում էի աշխատում: Էստեղից էլ փող չկար: Մինչև որ Անահիտը համոզեց-բերեց էստեղ», - ասում է Սերգեյը:

Անահիտ Դանիելյանը Գողթանիկի գյուղապետն է, և նրա շնորհիվ գյուղում շատ են նախկին աշտարակցիները: Սակայն ինչպես Քաշաթաղի այլ գյուղերում, այստեղ էլ բնակիչները Հայաստանի տարբեր շրջաններից են: Թեև շրջանը Ղարաբաղի վարչատարածքային միավոր է, այստեղ ապրող ղարաբաղցիների թիվը փոքր է:

The territory of Lachin joins Armenia and  Karabakh.Քաշաթաղի շրջանը ստեղծվել է 1993 թվականի դեկտեմբերին և նույն ժամանակ էլ սկսվել է բնակեցվել: Ադրբեջանական գյուղերում մնացած անկտուր պատերի վրա վերաբնակները վարչակազմի օժանդակությամբ նոր տներ են կառուցել: 1992 թվականին, երբ հայկական զորքերը գրավել են շրջանը, ռազմական հրամանով տները հրդեհել են, որպեսզի դրանք բնակելի չլինեն, եթե ադրբեջանցիները փորձեն վերադառնալ: Մեկ տարի հետո մշակվել է վերաբնակեցման ծրագիրը:

Այժմ շրջանում կա մոտ 130 բնակավայր: Դրանցից 50-ը դպրոցներ ունեն, ինչը ձևավորված համայնքի չափանիշ է:

Շրջանը ձգում է նոր բնակիչներին պետական արտոնություններով, որով յուրաքանչյուր ընտանիք ստանում է 20000 դրամ (մոտ 40 դոլար), 5000 դրամ (մոտ 10 դոլար) ընտանիքի յուրաքանչյուր անդամ և 120000 դրամ (մոտ 240 դոլար) անասնավարկ քսան տարով: Բացի այդ, յուրաքանչյուր ընտանիք ստանում է 200 կիլովատ անվճար էլեկտրաէներգիա: Անվճար է նաև ջուրը: Չի հարկվում գյուղատնտեսկան գործունեությունը:

«Մենք ամեն եկողի չենք ընդունում, - ասում է Քաշաթաղի վարչակազմի վերաբնակության վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը, - Մեկ էլ նկատում ես, եկել է միանվագ օգնությունը ստանա ու փախչի: Էդ քսան հազարի համար չեն ալարում Երևանից հասնում են ստեղ (վերաբնակիչներն ազատված են ճանապարհածախսից): Երկար-բարակ զրուցում ես, մինչև պարզում ես, որ եկել է մշտական բնակության»:

Ֆինանսների բացակայության պատճառով անասնավարկերը տրվում են երկու տարի ուշացումով: Դեռևս կան բնակիչներ, որոնք 1999 թվականից սպասում են վարկին:

Սերգեյը գյուղում բնակության երկրորդ տարում ստացել է անասնավարկը և գնել է երկու կով, որոնք բազմացել են և երեք տարվա մեջ դարձել են հինգը: Ունի նաև 10 ոչխար: Սերգեյը Բերձորում (նախկին Լաչին քաղաք) հյուսն-ատաղձագործ է աշխատում կապիտալ շինարարության վարչությունում և ստանում է 35000 դրամ (մոտ 70 դոլար) աշխատավարձ: Նաև ստանում է 15000 դրամ նպաստ երեխաների համար: Կինը Գողթանիկի դպրոցում հավաքարար է աշխատում, որդին՝ Գուրգենը՝ պահակ, և ստանում է 6000 դրամ աշխատավարձ:

Ղարաբաղի իշխանություններն ընտանիքին դեռևս մեքենա են պարտք. բազմազավակ ընտանիքերին անվճար մեքենա է հասնում:

«Սկզբում շատ խեղճ էինք, - ասում է Էմման, - Ոչինչ չունեինք: Հետո, անասնավարկը երբ ստացանք, մի քիչ վիճակներս լավացավ: Նոր-նոր հունի մեջ էինք ընկնում: Բայց էլի շատ ծանր է, 15 էրեխա մեծացնելը հեշտ բան չի: Յոթ դպրոցական ունեմ, գոնե գրենական պիտույքներով օգնեին: «Ագապին» օգնում է հագուստով, բայց էն չի»:

Alik Tonoyan enjoys having his own water supply.«Ագապին» միակ միջազգային կազմակերպությունն է, որ գործում է վերաբնակեցված տարածքում, քանի որ համաշխարհային հանրությունը համարում է այն գրավյալ տարածք, իսկ վերաբնակիչներին՝ գաղութարարներ:

Դիվանագետները համարում են այդ 3000 քառակուսի կիլոմետրանոց միջանցքը գրավյալ տարածք, իսկ Քաշաթաղի պաշտոնյաները՝ ազատագրված, և վերանվանում են տեղանունները կամ վերականգնելով պատմական անվանումները, կամ այլ հայկական անվանումներ տալով:

Վերաբնակիչների համար Քաշաթաղը փախուստ է Հայաստանից, այն տարբերությամբ, որ այստեղ ոչ թե փախստական են դառնում, այլ հողի սեփականատեր: Եվ միայն պաշտոնյաներն են խոսում վերաբնակեցման մասին որպես հայրենասիրական քայլի: Նորաբնակների համար դա պարզապես իրենց ապրելու պայմանները բարելավելու հնարավորություն է:

«Որ ասեմ, էկել եմ հերոսություն անելու, սուտ կլինի, - ասում է Գողթանիկ գյուղի դպրոցի տնօրեն Ալիկ Տոնոյանը, որը եկել է Բաղրամյանի շրջանի Դալարիկ գյուղից, - Յոթ հոգիանոց ընտանիքս սոված էր: Դպրոցում ես ու կինս դաս էինք տալիս, փողը չէր հերիքում հացին: Իսկ հիմա ստեղից ծնողներիս օգնում եմ:

«Տաս օր հետո խոզս կծախեմ՝ 150 դոլար կլինի: Տարեկան կարտոլից իրեքհարյուր հազար դրամ եկամուտ եմ ստանում: Տանձ ու խնձորին Էրևան փող էինք տալիս, էստեղ ձրի քաղի՝ կեր: Էստեղ բնությունը տալիս ա, աշխատող մարդը պիտի վերցնի: Հերոսությունը էն տղերքը արին, որ էս տարածքները վերցրին: Հիմա, ով գիտի, որ էս տանը, որ քայլում եմ, մի հայ տղի արյուն չի թափվել: Իսկ հիմա սա իմ հողն է, ընտանիքս՝ ստեղ, որ հանկարծ պատերազմ սկսվի, պիտի կռվեմ, զորամասիս տեղը գիտեմ»:

Գյուղում ջրի ամենամեծ պաշարը Ալիկի տանն է, որտեղ նախկինում ապրել է տրակտորիստ Ալի Մուհամեդ-օղլին, որի կոմունիստական կուսակցության անդամատոմսը գտել են խորդանոցում: Ջրի մեծ պաշարը խորհուրդ ունի Ալիկի համար, քանի որ իր նախկին գյուղում ստիպված էր 30 դրամ վճարել մի դույլ ջրի համար:

Բերձորից գրունտային ճանապարհով 38 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի հյուսիս ձգվող երեք ձորերից մեկի լանջին գտնվող Գողթանիկը հիմնադրվել է 1995 թվականին:

Bus 66 takes villagers to Lachin twice a month. Villagers have had no electricty for seven years, but have been promised to have it restores this year.Յոթ աշակերտով բացված գյուղի դպրոցում այժմ սովորում է 30 աշակերտ: յուղացիները հիշում են, թե ինչպես վեց տարի առաջ առաջին երեխան է ծնվել, որի պորտը մայրն է մկրատով կտրել: Վերջին երեխան ծնվել է 2001 թվականի մայիսին:

Այժմ գյուղում բնակվում է 22 ընտանիք՝ 84 հոգի: Գյուղի մի ծայրում ադրբեջանական լքված գերեզմանոցն է, մյուսում՝ հայկականը, որտեղ արդեն չորս շիրիմ կա:

Ռոբերտ Մաթևոսյանը հիշում է, որ 5-6 տարի առաջ գյուղեր մեկնելիս հետը հաց էր վերցնում, որ բաժաներ կիսասոված գյուղացիներին: Այժմ գյուղում մի տասը հոգու կկերակրեն ու կուշտ ճամփու կդնեն:

Գյուղացիները պատմում են, որ տարիներ առաջ անհրաժեշտ մթերք գնելու համար մարդիկ Գողթանիկից Գորիս էին հասնում: Նույնիսկ Բերձորում հաց հնարավոր չէր ճարել: Այժմ գյուղում խանութ կա, որտեղ կարելի է գնել մարդկանց համար ամենաանհրաժեշտ մթերքը, օղի ու ծխախոտ:

Գողթանիկում, որտեղ հավաքվել են ընտանիքներ Հայաստանի տարբեր շրջաններից՝ Սիսիանից, Էջմիածնից, Աշտարակից, Թալինից, Եղեգնաձորից ու Երևանից, իրար են խառնվել հայերենի տարբեր բարբառներ:

«Այստեղ հայի մի նոր տեսակ է ձևավորվում, - ասում է գյուղի ամենավերջին վերաբնակիչ բանաստեղծ Հրաչ Բեյլերյանը, որ Երևանից կնոջ՝ Հասմիկի հետ բնակության է եկել երկու ամիս առաջ, - Լավ կլիներ էստեղ մի մատուռ կառուցվեր, որ բնակիչներին համախմբեր: Թե չէ՝ այժմ միայն օղին է համախմբում»:

Երկու որդիները ծառայում են բանակում, իրենք Երևանում գործազուրկ էին և կնոջ հորդորներով եկել են այստեղ, որ իրենց գոյությունը կարողանան պահել:

«Մեր վիճակը էնպես էր, որ պիտի տունը ծախեինք, Հայաստանից գնայինք: Էլ անհնար էր ապրել, - ասում է Հասմիկը, - Հիմա արդեն զգում ենք, որ լավ է լինելու, աշխատում ենք, անասնավարկը կլինի: Մյուս տարի կերևա հողի բերքը»:

Ամուսինները գյուղի դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ են աշխատում: Երկուսով ստանում են մոտ 90 դոլարի չափ աշխատավարձ: Քաշաթաղում ուսուցիչների աշխատավարձը Հայաստանի համեմատ կրկնակի ավելի է:

Ստացել են մեկ-սենյականոց անշուք տուն, որին տեսք են տալիս Երևանից բերված պատերից կախված կտավները և գրադարանը: Տան անհարմարությունները վերացնելու աշխատանքը Հրաչի համար առօրյա պարապությունը լցնելու միջոց է:

«Երբ մի հայտնի բանաստեղծ իմացավ Լաչին եմ գալու, ասեց՝ ի՜նչ հայրենասիրական բան ես անում:

«Որ ասեի Բադեն-Բադեն եմ գնում, գիշերը չէր քնի, - ասում է հիսնամյա Հրաչը, - Երևանից զզվել էի, թարգմանություններ էի անում, ամիսներով փող չէի ստանում: Մինչև հիսուն տարեկանս հայհոյում էի պաշտոնյաներին: Հիսունից հետո կնվիրվեմ ուսուցչությանը: Հիմա հասկացա, որ մի փոքրիկի մի բան սովորեցնելն ինձ ավելի է բավարարում»:

Նա հիշում է երկու տարի առաջ գրած բանաստեղծության տողերը, որոնց մեջ իր Լաչին գալու իմաստն է ցույց տալիս.

Տրտինգ գառ մի՝ նետված «Հայրենիքի» արոտ,
Սա՛ եմ, խոտը գաղջ է, բայց ու՞ր գնամ,
Աշնան ճանճ էլ լինեմ, ջերմության եմ կարոտ,
Որ չփակչեմ պատին ու չորանամ:

«Էդ ճանճը ես եմ, որ ջերմություն էի փնտրում, - ասում է Հրաչը, - Էկա էստեղ, որ էդ ջերմությունը գտնեմ»:


 

Media: Presidential aide replaces slain TV executive

Full story

 
 
 
 

Secret Life: No longer "criminals", homosexuals remain cultural outcasts in Armenia

Full story

 
 
 
 

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.