ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 28, 2003 




Պատերազմի վերքեր. հանրահայտ ջոկատի վետերանը դեռևս գոյության պայքար է մղում


The former hero.Նեղ պատուհանից սառն ու անտարբեր արևը լուսավորում է Գագիկ Գասպարյանի բնակարանը: Նրա ձեռքերով ստեղծված այս կացարանը դժվար է բնակարան անվանել, քանզի այստեղ բացակայում են ամենատարրական կենսական պայմանները:

Գագիկն ասում է, որ ցրտից չի վախենում. եթե հաշվի առնենք այն ամենը, ինչ տեսել է, գրեթե ոչնչից չի վախենում: 1989 թվականին Խաչիկ գյուղում նա միացել է հանրահայտ «Արաբո» ջոկատին և մասնակցել է Մարդակերտի, Լաչինի, Շուշիի և Ղարաբաղի այլ տարածքների ազատագրմանը, որտեղ կատաղի մարտեր էին գնում ադրբեջանցիների հետ:

««Գրադի» մահացու արկերի անձրևի տակ քնողն այստեղ էլ մի կերպ կդիմանա, - ասում է նա, - Այն օրերին ոչ մեկս չէինք պատկերացնում, թե ուր ենք գնում, որ կռվի ամենաթեժ պահերին զենք չենք ունենալու, որ պաշտպանվենք: Մենք կարծես վարակված էինք հայրենասիրության անբացատրելի տենդով»:

Նա այն ժամանակ 23 տարեկան էր, և ճակատագիրը, կարծես, պաշտպանում էր նրան: Այժմ նույնիսկ ճակատագիրն է նրանից երես թեքել:

Գագիկը վիրավորվել է և 1993 թվականին վերադարձել Հայաստան՝ հուսալով, որ կգտնի իր ընտանիքը, կապաքինվի ու կվերադառնա ռազմաճակատ:

«Վերադառնալով Երևան՝ հայտնվեցի փողոցում, - ասում է նա - Ընտանիքս՝ մայրս և երկու քույրերս, տուն չունեին, իսկ կինս որդուս հետ ապրում էր մորական տանը: Տուն վարձեցինք, սկսեցինք ապրել բոլորս միասին, սակայն աշխատանք չկար, գումար չունեինք, որ տան վարձը տայինք, և շուտով փողոցը կրկին դարձավ մեր տունը»:

Որպես ազատամարտիկ՝ Գագիկ Գասպարյանն օգնության համար դիմեց Երկրապահ կամավորականների միությանը, սակայն այնտեղից ստացավ միայն մի խորհուրդ՝ ազատ տուն գտիր, դուռը ջարդիր, մտիր ու ապրիր:

«Շքեղ տներ, որտեղ մարդ չէր ապրում, շատ կային, բայց ես չէի կարող ուրիշի ստեղծածը վայելել: Ես պարզեցի, որ Շինարարների փողոցում կան վթարային շենքեր: Այդ բնակարանների բնակիչները կա՛մ ուրիշ տուն էին ստացել, կա՛մ էլ ուղղակի հեռացել էին»:

Գտնելով այդ կիսաքանդ շենքը Երևանի ծայրամասերից մեկում՝ նա հուսահատության մեջ ընկավ: Առաջին հարկում գտնվող տարածքը, որտեղ մարդ չէր բնակվում, ուներ միայն մի պատ և ամբողջությամբ լցված էր աղբով ու կոյուղաջրերով:

«Ես չէի պատկերացնում, թե այս աղբակույտից ինչպես պետք է տուն կառուցեմ իմ վիրավոր ոտքով ու մեջքով, բայց ուրիշ ելք չունեի», - ասում է նա:

Ընկերների ֆիզիկական և ֆինանսական օգնությամբ շենքի տակ առաջացած հսկայական փոսը լցրեց մի քանի տոննա հողով: Պատ շարեց, կոյուղի փորեց ու ստեղծեց իր խղճուկ տունը:

«Խեղճ մայրս, առավոտից երեկո շուկայում լիմոն վաճառելով, հասցնում էր միայն հաց գնել, որպեսզի ուժասպառ չլինեմ, - ասում է նա, - Իսկ նորմալ բուժում ստանալու մասին անգամ չէի էլ մտածում»:

No place for a family.Բացի ոտքի և ողնաշարի վնասվածքներից, մի աչքի տեսողությունը մինուս 12 է՝ մարտի դաշտում ստացած գլխի բազում սալջարդերից (կոնտուզիա): Ոտքերից միայն վերջերս են հեռացրել շրապնելի բեկորները, սակայն մնացել է մշտական ցավը, որ հիշեցնում է պատերազմի դառը տարիների մասին:

Այսպես կոչված բնակարանի խնդիրը լուծելուց հետո, Գագիկի կյանքում սկսվեց դժբախտության մի նոր փուլ: Ժամանակին հերոսներ համարվող «Արաբո» ջոկատի մարտիկները դարձան իշխանությունների թշնամին, և Գագիկի մարտական ընկերներից շատերը, ինչպես նաև նրա հրամանատարը, ձերբակալվեցին:

«Ես տրանսպորտի մեջ պատահաբար լսեցի, որ նման հրաման է դուրս եկել, - ասում է Գագիկը, - Հասա տուն, ունեցածս վաճառեցի ու փախա Մոսկվա»:

Հետապնդումները չդադարեցին նաև Ռուսաստանում, և Գագիկը ստիպված փախավ Լեհաստան, իսկ այնտեղից էլ՝ Գերմանիա:

«Գերմանիա հասա անօրինական ճանապարհով: Օրերով քայլում էի անտառների ու ճահիճների միջով: Սողալով սահման էի անցնում: Մի անգամ փետրվարյան սառնամանիքին ընկել եմ գետը, բայց Աստված ինձ նորից պահապան էր: Հասա և համապատասխան մարմիններից քաղաքական ապաստան խնդրեցի»:

1994 թվականին, երկու ամիս Գերմանիայում ապրելուց հետո Գագիկին վտարեցին երկրից:

«Չգիտեի, թե ուր գնայի, կնոջս ու որդուս որտեղ փնտրեի՝ Մոսկվայում, թե Խարկովում: Ներքին ձայնս հուշեց, որ Խարկովում են: Գնացի այն տունը, որտեղ ապրում էին կնոջս ծնողները: Ոչ ոք չկար: Ծանոթներիցս մեկն ասաց, որ տեսել է իմ մորն ու քույրերիս: Ամբողջ քաղաքը ոտի տակ տվեցի ու գտա նրանց: Բայց չգտա կնոջս ու երեխայիս»:

«Հետո մայրս պատմեց, թե ինչպես են պատահաբար գտել կնոջս ու որդուս՝ Խարկովի խանութներից մեկի պատի տակ ծվարած: Կինս հղի էր, իսկ որդիս արդեն երեք տարեկան էր: Խարկով գալուցս 2 ժամ առաջ մայրս նրանց ուղարկել էր Երևան, որպեսզի գոնե ծննդաբերելուց կողքին մարդ լիներ»:

Գագիկն ասում է, որ վերջին կոպեկներով վերադարձել է Երևան, սակայն կինը չի ցանկացել ընդունել նրան բոլոր այն զրկանքների համար, որոնց ընտանիքը ենթարկվել է իր պատճառով:

«Ես չէի կարող նրանց ապահովել նորմալ բնակարանով, իսկ այնտեղ, որտեղ ես եմ ապրում, նրանք ապրել չեն կարող», - հառաչելով ասում է նա:

Պատերազմի արյունահեղ մարտերում ողջ մնացած Գագիկ Գասպարյանը հերոսից դարձավ անտուն թշվառական, փրկվեց թշնամու գրոհներում, որպեսզի այժմ դիմագրավի կյանքի անդեմ մարտահրավերներին:

«Ես չգիտեմ, բաժանված եմ, թե՝ ամուսնացած: Ես չգիտեմ, երեխա ունեմ, թե՝ ոչ: Ես չգիտեմ, ընդհանրապես, ապրում եմ, թե... Ախր ընդամենը 37 տարեկան եմ»:


Marching Orders
  Marching Orders: Click to enter
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

To Uphold and Execute: The duties and privileges of the Presidency

Full story

 
 
 
 

Decision 2003: Disabled exercise independence during Presidential Elections

Full story

 
 
 
 

Set in Stone: New book links "worry-bead" exiled to their histories

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

In the Name of the Father

At Wednesday's rally in support of Stepan Demirchyan, one demonstrator on a terrace at the Institute of Manuscripts expressed his support with a historic campaign poster from another Demirchyan era: "Trust Karen Demirchyan".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.