ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 28, 2003 




Ստանձնել և իրականացնել. նախագահի պարտականություններն ու լիազորությունները


Երբ քվեները (նորից) վերջնականորեն հաշվարկվեն, և Ռոբերտ Քոչարյանը կամ Ստեփան Դեմիրճյանը դառնա անկախ Հայաստանի նոր չորրորդ նախագահը, ի՞նչ կարող է հաղթողն ակնկալել հանրապետությունից, և ի՞նչ կարող է հանրապետությունն ակնկալել իր նախագահից:

Մի քանի միջազգային կազմակերպություններ այս ընտրությունների առիթով նյութեր են հրատարակել վերոհիշյալ հարցերն ընտրողներին պարզաբանելու նպատակով:

Դրանցից մեկը՝ Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (ԸՀՄՀ), մի սպառիչ նյութ է հրատարակել նախագահի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք դրա մի մասը:

Նախագահի դեմ չի կարելի քրեական գործ հարուցել, նրան չի կարելի հարկադրել ներկայանալ դատարան, օրինակ՝ որպես վկա:

Նախագահին տրամադրվում են՝

  • նստավայր Երևանում

  • ծառայողական առանձնատուն Երևանում՝ համապատասխան սպասարկմամբ

  • պետական ամառանոց Սևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում

  • հատուկ նշանակության ավտոտրանսպորտ

  • հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ

  • անձնական բժիշկ:

Նախագահի ընտանիքի անդամները նույնպես օգտվում է սպասարկման և անվտանգության ապահովման այս ծառայություններից:

Պաշտոնաթողությունից հետո կառավարությունը Նախագահին նշանակում է հատուկ թոշակ՝ գործող Նախագահի աշխատավարձի 75 տոկոսի չափով (ներկայումս ամսական աշխատավարձը 200000 դրամ է, ինչը համարժեք է 350 դոլարի), նա ապահովվում է բնակարանով, պետական ամառանոցով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև կահավորված գրասենյակով:

Կառավարությունը հատուցում է պաշտոնաթող Նախագահի այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ: Պաշտոնաթող Նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն:

Նախագահը պարտավոր է հայտարարագրել իր գույքն ու եկամուտները և դրանց գոյացման աղբյուրները: Նա հայտարարատու է ոչ միայն պաշտոնավարման ժամանակահատվածում, այլև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող հինգ տարվա ընթացքում:

Կառավարության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է Նախագահը, որն ապահովում է գործադիր իշխանության բնականոն գործունեությունը:

  • Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու իրավունք ունեն թե՛ Նախագահը, թե՛ վարչապետը, կառավարության նիստերը հրավիրում և վարում է Նախագահը կամ, նրա հանձնարարությամբ՝ վարչապետը:

  • Նախագահը նշանակում և ազատում է վարչապետին, որը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում նախարարների աշխատանքը:

  • Նախագահը 20-օրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում է նոր վարչապետ և կազմավորում նոր կառավարություն:

Դատական մարմինների անկախության երաշխավորը Նախագահն է:

  • Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Նա ձևավորում և ի պաշտոնե գլխավորում է Արդարադատության խորհուրդը, վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազին:

  • Սահմանադրական դատարանը բաղկացած է ինն անդամից, որոնցից հինգին նշանակում է Ազգային Ժողովը, իսկ չորսին՝ Նախագահը:

  • Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա Նախագահը կարող է դադարեցնել իր նշանակած անդամների լիազորությունները կամ համաձայնություն տալ՝ կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց:

Նախագահը հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:

  • Նախագահը ստանձնում է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը: Նա նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին:

  • Լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ նշանակում և ազատում է ազգային անվտանգության ծառայության համակարգում գործող սահմանապահ զորքերի հրամանատարին և ոստիկանության համակարգում գործող ներքին զորքերի հրամանատարին:

  • Խաղաղ պայմաններում համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում՝ իրականացնելով զինված ուժերի ընդհանուր քաղաքական ղեկավարումը: Բանակաշինության հարցերով զբաղվում է կառավարությունը, իսկ զորքերի օպերատիվ կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը:

  • Ռազմական դրություն և զորահավաք հայտարարում է Նախագահը:

Նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ինքնուրույն և անկախ պետություն:

  • Նա իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը, իսկ դրա իրականացումն ապահովում է կառավարությունը:

  • Նախագահն անմիջականորեն հրահանգավորում է արտաքին գործերի նախարարին սկզբունքային հարցերի վերաբերյալ:

Նախագահն իրավունք ունի բանակցություններ վարել միջազգային պայմանագրերի շուրջ և ստորագրել դրանք: Նախագահը վավերացնում է բոլոր միջկառավարական պայմանագրերը, բացառությամբ այն պայմանագրերի, որոնք՝

  • վերաբերվում են վարկեր, փոխառություններ և երաշխիքներ ստանալուն կամ Հայաստանի Հանրապետության համար առաջացնում են այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ

  • պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր կամ պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր:

Նշված միջկառավարական պայմանագրերը ենթակա են վավերացման Ազգային Ժողովի կողմից: Նախահագի և Ազգային Ժողովի փոխհարաբերությունները: Նախագահի իրավունքներն են՝

  • Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալը և հանրաքվե նշանակելը

  • օրենքները ստորագրելը և դրանց նկատմամբ վետո կիրառելը

  • Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելը

  • Ազգային Ժողովն արձակելը (բացառությամբ ընտրություններից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Նախագահի պաշտոնավարության վերջին վեց ամսվա ընթացքում, ռազմական դրության ժամանակ, Նախագահին պաշտոնանկ անելու հարցի հարուցման ժամանակահատվածում)

  • Ազգային Ժողովի առջև ելույթով հանդես գալը:

Խորհրդարանն օժտված է մի շարք լիազորություններով, որոնք նրան թույլ են տալիս անմիջական կամ միջնորդավորված վերահսկողություն իրականացնել Նախագահի գործունեության նկատմամբ: Այդ լիազորությունների թվում են՝

  • կառավարությանն անվստահություն հայտնելը

  • Նախագահի հավանությանն արժանացած և կառավարության կողմից ներկայացված օրինագծերը չընդունելը

  • Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին Նախագահի ներկայացրած նախագծին համաձայնություն չտալը

  • Նախագահի կամ կառավարության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերը չվավերացնելը

  • Կենտրոնական բանկի նախագահի և նրա տեղակալի՝ Նախագահի ներկայացրած թեկնածությունները չհաստատելը

  • Պետական դավաճանության կամ այլ լուրջ հանցագործության համար Նախագահին պաշտոնանկ անելու հարց հարուցելը:

(Կազմեց «ԱրմենիաՆաուի» թղթակից Ջուլիա Հակոբյանը)


Marching Orders
  Marching Orders: Click to enter
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

To Uphold and Execute: The duties and privileges of the Presidency

Full story

 
 
 
 

Decision 2003: Disabled exercise independence during Presidential Elections

Full story

 
 
 
 

Set in Stone: New book links "worry-bead" exiled to their histories

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

In the Name of the Father

At Wednesday's rally in support of Stepan Demirchyan, one demonstrator on a terrace at the Institute of Manuscripts expressed his support with a historic campaign poster from another Demirchyan era: "Trust Karen Demirchyan".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2020. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.