ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 21, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Ռոբերտ Քոչարյանի չորս ամիս առաջ և վերջին անգամ չորեքշաբթի օրն արված պարծենկոտ հայտարարությունից հետո, թե ինքը կվերընտրվի առաջին փուլում, այժմ նա շատ մոտ է նախագահի պաշտոնը ուրվական-թեկնածուին տանուլ տալուն:

Չորեքշաբթի օրը Ստեփան Դեմիրճյանը բավականաչափ ձայներ հավաքեց՝ ընտրությունները երկրորդ փուլ տեղափոխելու համար, սակայն այդ ձայները նրան բերեց նրա սպանված հոր՝ Կարեն Դեմիրճյանի համբավը:

Հայաստանն անսպասելիորեն վերածվեց ձմեռային առատ ձյան տակ եռացող պոտենցիալ քաղաքական հեղաշրջման կաթսայի:

Այդ առատ ձյան տակ չորեքշաբթի օրն ընտրողները գնացին արտահայտելու իրենց կամքը, և հետո հինգշաբթի օրը շուրջ 10000-ը հավաքվել էին, որպեսզի հայտարարեն, որ ոտնահարվել են իրենց ընտրական իրավունքները:

Պարզվում է, որ արտասահմանյան դիտորդները համաձայն են բողոքողների հայտարարություններին, և այժմ վտանգվել է ոչ միայն գործող նախագահի վերընտրությունը, այլ նաև կոռուպցված քարոզարշավ կազմակերպելու և չնայած դրան պարտվելու խայտառակությունը սպառնալիքներ է ստեղծել պատմական տնտեսական աճով օծված նրա ժառանգության համար:

Հինգշաբթի օրվա հավաքի ժամանակ իր համառոտ խոսքում Դեմիրճյանը խոստացավ, որ նախագահ ընտրվելու դեպքում առաջին հերթին պատժելու է նրանց, ովքեր փորձեցին գողանալ իրենից ընտրությունները:

Իրենց քաղաքական գործին իրենց նվիրվածությունն ընդգծելու համար ընդդիմության նրա զինակիցներն օգտագործեցին «բռնաբարել» և «քաղաքական դիակներ» արտահայտությունները: Եթե սրան ավելացնեինք «նրան ջրի երես հանելու» մասին կոչը, սա կարող էր նմանվել Բուշն ընդդեմ Բեն Լադենի հանրահավաքի:

Հայաստանի հաջորդ նախագահի քաղաքականությունը կարող է ձևավորվել վրեժխնդրության գաղափարով, սակայն անգամ ամենահակաքոչարյանական ընտրողը պետք է մտածի, թե ինչ կարգեր է հաստատելու Դեմիրճյանը ներկա վարչակարգից ազատվելուց հետո:

Հավանական է, որ նրա նոր կաբինետում գրկաբաց ընդունեն վետերան քաղաքական գործիչներ Վազգեն Մանուկյանին, Արտաշես Գեղամյանին և Ռաֆֆի Հովհաննիսյանին: Եվ այդ գործիչների անունները Դեմիրճյանի անվան կողքին կարող են դառնալ Դեմիրճյանի ամենաուժեղ մանդատը:

1998 թվականին կայացած Հայաստանի վերջին նախագահական ընտրություններն ընթացան երկրորդ փուլ տեղափոխված թեժ պայքարում Կարեն Դեմիրճյանի և Քոչարյանի միջև: (Կարեն Դեմիրճյանը, որը հետագայում դարձավ խորհրդարանի խոսնակ, 1999 թվականին սպանված ութ առաջատար քաղաքական գործիչներից մեկն էր):

Կարոտն անկախ Հայաստանում այլևս անհնար անցյալի նկատմամբ Ստեփան Դեմիրճյանի գլխին փաթաթեց այն դերը, որը ժամանակին վերապահված էր նրա կոմունիստական ղեկավար հոր համար: Եվ եթե մարդիկ, որոնք փորձում են նրան իշխանության բերել, պարզապես քվեարկում են հօգուտ «հին լավ օրերի», ապա ընտրարշավից նրանց ակնկալած արդյունքը կարող է հուսալքությունը լինել:

Այսօր ոչ ոք Ռոբերտ Քոչարյանից ավելի ցնցված չպետք է լինի, չհաշված նրանց, ովքեր նրա իշխանության վրա ստեղծել են իրենց սեփական իշխանությունները և երկու շաբաթից կարող են կանգնել կտրուկ փոփոխությունների առաջ:

Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որ հավանի Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր դժկամությամբ քվեարկել են նրա օգտին, որովհետև այլընտրանքները բավականաչափ ուժեղ չեն եղել՝ նրանց վստահությունը շահելու համար: Չեմ կարծում, որ մինչև մարտի 5-ն ինչ-որ բան կփոխի այս ընտրողների կարծիքը:

Սակայն Քոչարյանի կողմնակիցներին պետք է մտահոգի այն փաստը, որ նույնիսկ ընտրական օրենսդրությունը չարաշահելու իշխանության ընձեռած արտոնությամբ (ինչը հաստատում է ԵԱՀԿ, ԺՀՄԻ և ԵԽԽՎ դիտորդների համատեղ զեկույցը), նա ոչ միայն չկարողացավ ստանալ ժողովրդի մանդատը, այլև հաղթել այնպես, ինչպես ասել էր, որ կհաղթի:

Դեռ մինչև Արևմուտքը բարի նկատառումներով իր դիտորդներին կուղարկեր Հայաստան՝ ժողովրդավարական վարք ցուցաբերելու նրա ունակության մասին կարծիք կազմելու համար, ձեռնարկվել էին միջոցներ՝ մի մասն օրենսդրական ակտերի նման նուրբ, իսկ մյուսները՝ գնդակի նման աղաղակող, որոնք պետք է ապահովեին Քոչարյանի հաղթանակը:

Պետք է միառժամանակ ապրել այստեղ, որպեսզի տեսնեք, թե ինչպես են այդ մասերը հարմարվում իրար և ամբողջական պատկեր կազմում: Ես այստեղ բավականաչափ երկար չեմ եղել, որպեսզի անցյալ ապրիլ տեսնեի այդ պատճառների և հետևանքների ներուժը, երբ հեռարձակման արտոնագրից զրկվեց միակ ընդդիմադիր հեռուստակայանը՝ «Ա1+»-ը:

Մինչ իմ տեղացի գործընկերները փորձում էին համոզել ինձ, որ դա պետական դավադրության արդյունք է, ես առարկում էի, ասելով, թե հեռուստաընկերությունը պարզապես չի կարողացել լավ գործարար ծրագիր ներկայացնել:

Այն ժամանակ տեղացի լրագրողներից մեկն ինձ ասաց, որ դա նախագահական ընտրարշավի սկիզբն է: Հիմա ես տեսնում եմ, որ նա ճիշտ էր, քանի որ չորեքշաբթի օրը պետության կողմից հրահանգված հեռուստատեսությունը և Արտաքին գործերի նախարարության աջակցությունը վայելող ինտերնետային էջն ազդարարում էինք հանգիստ ու մաքուր ընտրություններ, մինչդեռ ամբողջ օրվա ընթացքում մեր խմբագրությունը և այլ լրատվամիջոցներ տեղեկություններ էին ստանում հակառակի մասին՝ քվեատուփերը լցոնելու, լրագրողներին և վստահված անձանց ծեծելու և նույնիսկ մի քվեատուփ գողանալու մասին:

Բնակչության մեծ մասը լուրերը ստանում է հեռուստատեսությունից, և «Ա1+»-ի բացակայության պայմաններում չկար մի ծրագիր, որ չհետևեր «կուսակցության գծին»:

Պատահական չէ նաև, որ «Ա1+»-ին նոր հաճախականություն շնորհելու մասին որոշումը, որը պետք է ընդունվեր նոյեմբերին, նախագահի կողմից նշանակված հանձնաժողովը հետաձգեց մինչև ընտրությունների ավարտը:

Եվ խոսելով հետաձգումների մասին՝ նշենք, որ հունվարի 17-ին՝ երկու օր այն բանից հետո, երբ փաստաբաններից մեկը հայտարարություն արեց, որ ներկայացնելու է վկայություններ, որոնք ենթադրում են Քոչարյանի կողմնակիցների մեղսակցությունը 1999 թվականի խորհրդարանական սպանություններին, դատավարությունն ամբաստանյալների նկատմամբ հետաձգվեց՝ մեկ տարվա գրեթե ամենօրյա նիստերից հետո, և այդ օրվանից ոչ մի դատական նիստ չի կայացել:

Եթե սկզբում օտարերկրացին բավականին միամիտ տեսակետ ունի այստեղ կատարվող դեպքերի մասին, ապա որոշ ժամանակ հետո ճոճանիվը կարող է հասցնել նրան պարանոյայի:

Ինձ նաև զարմացնում է, թե ինչու այսպիսի փոքր երկրում դեռևս հանրությանը չեն ներկայացվել 2001 թվականի հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքները: Ռուսաստանի ողջ բնակչությունը հաշվեցին և տվյալները հրապարակեցին երկու ամսում: Իսկ այս փոքր հանրապետությունում ակնկալում են, որ մենք պետք է հավատանք, որ այդ գործընթացը տևում է 19 ամիս, քանի որ արդյունքները սպասվում են հունիսին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Միգուցե՞ բնակչության ճշգրիտ թիվը կարող էր անհնար դարձնել Քոչարյանի ճամբարի հայտարարած քվեների ստացումը:

Ամեն դեպքում, սեփական մեքենայությունների, թե ընդդիմության անկարողության պատճառով, Ռոբերտ Քոչարյանը հավաքեց գրեթե երկու անգամ ավելի ձայներ, քան հաջորդ թեկնածուն, և նրան չբավականացրեց ընդամենը 0,2 տոկոս (գումարած մեկ ձայն)՝ անհրաժեշտ հաղթանակն ապահովելու համար:

Նա հավաքել է ընդամենը 4500 ձայն պակաս, քան իր յոթ հակառակորդները միասին վերցված: Եվ այսօր նրա կողմնակիցները նորից վստահորեն հայտարարում են, որ հաղթելու են երկրորդ փուլում:

Սակայն պայծառ նախընտրական խոստման դալկացած արևից ընկնում են նրա պաշտոնավարման երկար ստվերները և ցրտահարում են իրավազրկված քաղաքացիներին, որոնց լավագույն դեպքում մնում է հանդուրժել այս ամենը, թեև նրանք արժանի են գոնե հույսի:

Նրա նախընտրական ծրագրում խոսք է գնում տնտեսական աճի հինգ տարիների մասին: Եվ անժխտելի է, որ Հայաստանն այսօր ավելի լավ ֆինանսական վիճակում է, քան անկախացումից հետո երբևէ եղել է, և առկա են այդ միտման շարունակականության հիմքերը:

Սակայն մտածեք հետևյալի մասին. ո՞վ, բացի կատարյալ տգետից կամ բացահայտ թշնամուց, կկարողանար կանգնեցնել այդ աճը՝ հաշվի առնելով, որ դրա մեծ մասը պայմանավորված է միջազգային օգնությամբ, որը հետամուտ է բարյացակամ վերաբերմունք և տարածաշրջանային կայունություն ապահովելուն, և Սփյուռքի օժանդակությամբ, որի նպատակը երկիրը կառուցելն է՝ անկախ իշխող վարչակարգից:

Իսկ ո՞վ է շահել տնտեսական այդ արագաճից: Անշուշտ ոչ այն հազարները, ովքեր լքել են Հայաստանը Քոչարյանի իշխանության օրոք: Այդ դեպքում, թերևս, ուրիշները, ներառյալ կառավարության նախարարները, ովքեր կազինոներում զվարճանալու համար հաճախակի այցեր են կատարում Մոսկվա և հանդիսանում են բանկերի, հյուրանոցների և դիսկոների սեփականատերեր:

Այստեղ գիտեն, որ նախագահի կինը վերջերս գնել է սեփականաշնորհված հիվանդանոցներից մեկը, և այժմ Ղարաբաղը ղեկավարող նրա նախկին քաղաքական դաշնակիցները պատրաստվում են գնել ևս երկուսը, որոնցից մեկը, ըստ մի աղբյուրի, սեփականաշնորհվել է նախագահի հրահանգով՝ հակառակ խորհրդարանի առարկությանը:

Գուցե ոչ մի սարսափելի բան չկա, որ նախկին կոմունիստներն այդպիսի կապիտալներ են ստեղծում կապիտալիզմի վրա, բացի այն հանգամանքից, որ ցանկացած մարդ, որն այնքան փող ունի, որ կարող է կաշառք տալով պրծնել ավտոտեսուչից, գիտի, որ այս երկրում բիզնեսի հաջողությունը կախված է օրենքը շրջանցելու կարողությունից: Իսկ կոռուպցիայի սոսկ հնարավորության գիտակցումը մեծապես վնասում է իր ղեկավարությանը հավատալու հանրության ունակությանը:

Այստեղ բերում են այն փաստարկը, որ նոր ձեռնարկությունների բացումը բերում է աշխատատեղեր, և որ դրանցից «ծորացող կողմնակի օգուտները» կարող են փրկել միջին խավը:

Հուսամ, որ դա այդպես է: Սակայն մեզնից շատերը կցանկանային, որ այդ օգուտներն այդքան հաճախ «չծորային» դեպի նախարարաների և ավազակների գրպանները, որոնց նվիրվածությունը «շեֆին» գնվում է նրանց անձնական գերհարստացման երաշխիքներով:

Վերջապես, չպետք է մոռանալ, որ Ռոբերտ Քոչարյանն այսօր գերակայում է այս քաղաքական ասպարեզում, միայն որովհետև իշխանության նրա երկու հիմնական մրցակիցները սպանվել են խորհրդարանի պատերի ներքո: Կկարողանա՞ր, արդյոք, սպանվածներից որևէ մեկը տանել Հայաստանն ավելի մեծ բարգավաճման, ընդմիշտ գաղտնիք կմնա: «Նահատակները» նույնպես անթերի մարդիկ չէին:

Սակայն նրանցից մեկն իրենից հետո ուրվական է թողել: Եվ պարզվում է, որ անկախ նրանից, նա նախագահական թթխմորից է թրծված, թե ոչ, նրա ներկայությունը տագնապով է համակել նախագահին ու նրա մարդկանց:


  Inside
 

Observers say elections fall short of international standards

Full story

 
 
 
 

Voting day turned from fair to foul at some precincts

Full story

 
 
 
 

The son also rises

Full story

 
 
 
 

Geghamyan Goes from Candidate to Kingmaker

Full story

 

  Photos of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge

Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Hope and Assurance

It has been a season of many emotions, Decision 2003. Doves of peace were offered and officers to enforce that peace were stationed around the Central Elections Commission.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.